Կարծիք

21.08.2009 17:48


Գավառամիտ անվախությունը

Գավառամիտ անվախությունը

            «7 օր»-ում տպված հարցազրույցը Գևորգ Ալթունյանի և Արտակ Ալեքսանյանի հետ իմ համար  չափազանց ուշագրավ էր: Անձերը տվյալ դեպքում էական չեն: Խնդիրն այն երևույթն է, որի խորհդանիշը բախտի բերմամբ (ավելի շուտ՝ չբերմամբ) նրանք դարձան: Որպեսզի խոսքս չերկարի, որոշեցի արձագանքս բաժանեմ երկու մասի: Մի մասը, որը վերաբերում է հայացեկարգային խնդիրների, կներկայացնեմ այս նյութով, իսկ երկրորդ մասը՝ առանձին պնդումների հետ կապված հարցադրումները, կաշխատեմ ներկայացնել «7 օր»-ի բլոգում ծավալված քննարկումներում:

            Նախ՝ խոսքը տանք հարգելի Արտակ Ալեքսանյանին. «Ղարաբաղյան հարցում ես կարծում եմ, որ այդ գավառամիտ վախը, գոնե ընդդիմության շրջանառության մեջ դրած այդ ասեկոսեները, որ ինչ-որ մի բան ստորագրվել է, կամ Ղարաբաղը տվել ենք, կամ ազատագրված տարածքները հանձնելու ենք, մինչև աշուն կմաշվի, իսկ գործընթացը կգնա իր հունով։ Արդեն երրորդ սերնդի եռանախագահներ ենք մաշում. Մեթյու Բրայզան էլ գնաց։ Բանակցային գործընթացը կշարունակվի այնպես, ինչպես որ շարունակվել է» և մեկ այլ տեղ՝ «Վստահություն ունեմ, որ այս հակամարտությունը գոնե առաջիկա մեկ երկու տարիներին լուծում չի ստանա»: Այս հատվածը շատ հատկանշական է, որովհետև բացահայտում է մեզանում շատ մեծ տարածում ունեցող մի մոտեցում, որը «իմաստախոսության» քողի տակ թաքցնում է Արցախի հարցում հայեցակարգային մոտեցման իսպառ բացակայությունը՝ ուղղակի անլրջությունը:

            Ալեքսանյանի մտքի ենթատեքստը պարզ է և ծանոթ. ի՞նչ եք ոտ ու ձեռ ընկել, մեկ ա, ոնց մինչև հիմա էղել ա, տենց էլ միշտ կլինի. քանի՞ անգամ ա տենց շուխուր բարձրացել, ու մեկ ա՝ բան էլ չի եղել, նենց որ հանգիստ քնեք ձեր տներում, մեզ էլ թողեք հանգիստ: Երբ այսպես է մտածում մի շարքային քաղաքացի, դա դեռ կարելի է հանգիստ ընդունել, բայց երբ նման կարծիք է արտահայտում փորձագետի հավակնություն ունեցող մեկը, կամ երբ ամբողջ մի երկրի քաղաքականություն կենսական մի խնդրի շուրջ կառուցվում է նման զուտ կենցաղային մտածողության («կմաշվի կգնա») վրա, դա արդեն շատ ավելի լուրջ է: Տեղի է ունենում մի պարզունակ նենգափոխում՝ փորձագիտական վերլուծության և կանխատեսման անվան տակ մեզ հրամցվում է առօրյա հոգեբանության վրա հիմնված մի անբովանդակ դատողություն: Ուշադիր նայենք՝ ինչպիսի հիմնավորում է տրվում հնչեցված կարծիքին: Ուղղակիորեն ոչ մի հիմնավորում չի էլ տրվում, իսկ անուղղակիորեն ասվում է՝ քանի որ նախկին փորձը հուշում է, որ բան էլ չի եղել, համանախագահները գալիս ու գնում են, ուրեմն այդպես էլ տեղի է ունենալու գոնե մոտակա մեկ-երկու տարվա մեջ (և եթե շարունակենք նույն ենթատեքստային տրամաբանությամբ, հետո էլ կերևա էլի, ապե): Սա հենց տիպիկ առօրյա մտածողություն է, որը կապ չունի վերլուծության հետ: Առօրյա մտածողությունը միշտ էլ հիմնվում է այն խաբուսիկ փորձի վրա, որ եթե մի բան կա, ուրեմն այդպես միշտ էլ կմնա: Այդպիսի մտածողությունն իր տեղն ունի կյանքում, բայց քաղաքականության մեջ չափազանց վտանգավոր է:

            Այսպիսի մտածողության համատեքստում Հայաստանն ինչ-որ մեկի կողմից իրականացվող կարգավորման բացարձակ պասիվ օբյեկտի դեր է կատարում, որի միակ հույսն այն է, որ «Բրայզան էլ գնաց», իսկ «համանախագահները կմաշվեն»: Բացարձակ պարզ չէ, թե մենք այս ամենի հետ ինչ կապ ունենք: Ի՞նչ վերաբերմունք պետք է ունենանք կարգավորման գործընթացին: Մեզ կարգավորում պե՞տք է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ գնով: Առհասարակ, կարգավորումն ի՞նչ է, հանուն ինչի՞ ենք մասնակցում դրան և հանուն ինչի՞ կարող ենք և պարտավոր ենք հրաժարվել դրանից: Կարգավորման ներկա ֆորմատը մեզ ձե՞ռ է տալիս, թե՞ ոչ: Իսկ կարգավորման փիլիսոփայությո՞ւնը: Ո՞րն է անընդհատ փոփոխվող համաշխարհային կոնտեքստի ազդեցությունը կարգավորման գործըթնացի վրա, և ինչպիսի՞ միտումներ կան, որոնք արագացնում կամ դանդաղեցնում են գործընթացը: Ի՞նչ կապ ունի կարգավորման հետ մեր ներքին իրավիճակը: Թե՞ դրանք ընդհանրապես անկապ են իրարից՝ մեկը Մարսի ցուրտ լեռների վրա է, իսկ մյուսը՝ Վեներայի դժոխային տափաստաններում: Ոչ մի այդպիսի հարց նույնիսկ չի ակնարկվում, ուղղակի՝ դե կմաշվի կգնա էլի: Եվ սա գավառամտություն չէ՞:

             Պարզ է, իհարկե, որ սա սոսկ Արտակ Ալեքսանյանի խնդիրը չէ: Եթե դա մասնավոր կարծիք լիներ, դա, առհասարակ, որևէ խնդիր չէր լինի: Բայց ցավն այն է, որ սա պետական մտածողություն է. մասնակցել մի գործընթացի՝ առանց ճշտելու մասնակցության նպատակը, առանց դրան լուրջ վերաբերվելու, առանց ներքին և արտաքին այլ հարցերի հետ դրա կոնտեքստային կապը հաշվի առնելու՝ միակ հույսով, որ, այդպես ձևեր թափելով, կանցնի կգնա: Այսինքն, արտաքին քաղաքականության մեջ ներդրվում է նույն իմիտացիոն «հայեցակարգը», որն առկա է ներքին քաղաքականությունում:

            Հարցազրույցի մյուս մասերը մեր առջև բացում են նույն թեմայի շատ ավելի հետարքրիր ասպեկտներ, հատկապես այն հատվածներում, ուր խոսքը գնում է հայ-թուրքական հարաբերությունների մասին: Հատկապես պարզվում է, որ մեր արտաքին քաղաքականության կարևորագույն, եթե չասենք՝ միակ խնդիրն ապացուցելն է «քաղաքակիրթ աշխարհին» մեր «քրիստոնյա և ոչ ագրեսիվ» լինելը, ինչպես նաև «նյուզմեյքեր» դառնալ: Իրոք, դարակազմիկ բացահայտումներ, որոնց մասին, հայցելով ընթերցողի ներողամտությունը, կխոսենք այս հոդվածի երկրորդ՝ ավարտական մասում:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը