Լրահոս

10.04.2014 11:11


Գիտաժողով «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով

Գիտաժողով «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով

Ապրիլի 9-ին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով գիտաժողով: Գիտաժողովին մասնակցում էին ԳՊՄԻ պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, կրթության ոլորտի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը կարևորեց միջոցառման նշանակությունը` ներկայացնելով այն աշխատանքները, որոնք մանկավարժական ինստիտուտը կատարում է հասարակության համար արատավոր երևույթների կանխարգելման ուղղությամբ:

Իրենց ելույթներում պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ներկայացրեցին այն աշխատանքները, որոնք կատարվում են նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում` փորձելով նրանց մեջ ամրապնդել Հայրենիքի նկատմամբ իրենց սրբազան պարտքի գիտակցումը:

Խոսելով դպրոցում աշակերտներին բացասական երևույթներից զերծ պահելու ուղիների մասին` ԳՊՄԸ մանկավարժության ամբիոնի դասախոս Աշխեն Տոնոյանը կարևորեց դասավանդման ընթացքում հիմնարար արժեքների` հայրենիքի, ընտանիքի, մարդկային փոխհարաբերությունների, սոցիալական պատասխանատվության և հանդուրժողականության գաղափարների քարոզումը:

Առանձին զեկույցներում քննության առարկա դարձան դեռահասների շրջանում դրսևորվող մի շարք խնդիրներ: Իր զեկույցում ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ Վլադիմիր Միքայելյանը նշեց, որ դեռահասը ընտանիքում բավարար ջերմություն և պաշտպանություն չգտնելու դեպքում այդ ամենը որոնում է փողոցում, իսկ փողոցում նրան հաճախ սպասում է հակասոցիալական վարքի ուսուցում. արտաքին ազդեցության ներքո նա գործում է հանցագործություն:

Դեռահասների խնդիրների շուրջ իր ելույթում ԳՊՄԻ հոգեբան Վարդան Պապիկյանը անդրադարձավ համացանցից կախվածությանը, ինչը, բանախոսի կարծիքով, նպաստում է հոգեբանական մի շարք խնդիրների ձևավորմանը, առաջացնում է կոնֆլիկտային վարքագիծ պատանու մոտ, մշտական դեպրեսիա, իրական կյանքից վիրտուալ տարածության նախընտրություն, հասարակության անդամների հետ հարմարվելու դժվարություն, ժամանակի վերահսկողության ընդունակության կորուստ, համակարգչից օգտվելու հնարավորության բացակայության դեպքում տհաճության զգացումի առաջացում:

Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունը, Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը:

Այս խորագրի վերջին նյութերը