Քաղաքական

22.03.2014 15:08


Վահան Բաբայան. «Ընդամենը պետք է մե՛կ օրում մե՛կ ժամում հավաքվել մե՛կ տեղում, և այս ամենի վերջը կգա՛» (տեսանյութ)

Վահան Բաբայան. «Ընդամենը պետք է մե՛կ օրում մե՛կ ժամում հավաքվել մե՛կ տեղում, և այս ամենի վերջը կգա՛» (տեսանյութ)

Ազատության հրապարակում ընթացող «Դեմ եմ» նախաձեռնության հավաքի ժամանակ ելույթ է ունեցել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը։ Նա մատնացույց է արել, որ հավաքին միացան նաև ԲՀԿ–ի երիտասարդների միության անդմաները՝ Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ։

–Մենք ձեր կողքին ենք։ Առանց միասնության, առանց համախմբման՝ այլևս հնարավոր չէ մեր երկրում որևէ բան փոխել։ Վարչապետը երկխոսության է կանչում, թող ի՛նքը գա էստեղ, թող գա ու տեսնի, թե ինչքա՛ն մարդ կա։ Իրենք պետք է հասկանան, որ ժողովուրդը միասնական է,–ասել է Վ. Բաբայանը։

Նա նշել է, որ նոր է վերադարձել սահմանամերձ գյուղերից, և այնտեղի բնակչությունը խնդրում է, որ Երևանը ոտքի կանգնի։

–Ինչքա՞ն կարելի է դիտել՝ դիտորդի կարգավիճակով։ Վե՛ր կացեք, դո՛ւրս եկեք ձեր տներից, միացե՛ք պայքարին։ Ժողովրդի համբերության բաժակը լցվել է։ Թող իշխանավորները, որ իրենց կաբինետներից դուրս չեն գալիս, ինտերնետով նայեն և տեսնեն, թե ինչքան միասնական է Երևանը և հայ ժողովուրդն այստեղ։ Պարտադիրը պետք է իր ոտքը քաշի և հեռանա մեր երկրից, դա պարտադի՛ր է։ Ես մինչև վերջ պայքարելու եմ, որ այս ռեկետը վերջապես տապալվի։ Կոչ եմ անում բոլոր մարդկանց՝ ընդամենը պետք է մե՛կ օրում մե՛կ ժամում հավաքվել մե՛կ տեղում, և այս ամենի վերջը կգա՛։ Մենք ենք տերը մեր երկրի և միասնական հաղթելու ենք,–հայտարարել է Վ. Բաբայանը։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը