Հարցազրույց

13.08.2009 20:13


Սեդրակ Աճեմյան.

Սեդրակ Աճեմյան.

Հարցազրույց «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Լոս Անջելեսից ժամանած Սեդրակ Աճեմյանի հետ

 

-Արցախի ազատագրված տարածքների վերադարձման վերաբերյալ ՍԴՀԿ-ի ներսում հակասություններ կան։ Մասնավորապես Հայաստանում ՍԴՀԿ ԿՎ ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը «7օր»-ին ասել է, որ մենք Ադրբեջանին ոչ մի թիզ հող չունենք հանձնելու։ Հանձնել, նշանակում է կորցնել Հայաստանը։ Փոխարենը  ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այս հարցի կապակցությամբ «7օր»-ին ասել է, որ պետք է առաջնորդվել այսօր ստեղծված իրավիճակով. ըստ դրա՝ նոր պատերազմից և մեծ կորուստներից խուսափելու համար պետք է որոշ զիջումների գնալ ԼՂՀ անկախության կարգավիճակն ստանալու դիմաց։ Ինչո՞վ եք բացատրում այս հակասությունը, և ո՞րն է Ձեր դիրքորոշումը ԼՂ-ի ազատագրված տարածքների վերաբերյալ։

-Տարակարծությունների վերաբերյալ ես ոչինչ չեմ կարող ասել, բայց մեկ բան կարող եմ ասել. մեր կուսակցության ուղղությունը մեկն է. մեզ համար Ղարաբաղը ողջ հայության անբաժանելի մասն է, և մեր կուսակցությունը դեմ է հողային զիջման որևէ քաղաքականության։

Ինչ վերաբերում է Ղարաբաղին ընդհանրապես, կազմակերպչական աշխատանքներում մենք՝ հայերս, բազմաթիվ թերություններ ենք արձանագրել, որովհետև մենք շատ անգամներ, շատ տարիներ ասել ենք, որ պետք է Ղարաբաղն ինքը մասնակցի միջազգային այդ հանդիպումներին, ոչ թե Հայաստանի իշխանություները։ Այդ հարցում մենք  նույնիսկ տեսնում ենք մեր վարած սխալ քաղաքականությունը։ Մաղթում եմ, որ առաջիկայում սրբագրումներ լինեն, և Հայաստանի հովանավորությամբ  Ղարաբաղը դառնա բանակցային կողմ։

-Ըստ ձեզ՝ Մադրիդյան սկզբունքները բխո՞ւմ են Հայաստանի շահերից։

-Բացարձակապես։ Մենք դրանք վտանգավոր ենք համարում, և դա է պատճառը, որ ողջ հայությունն այս իրավիճակում է և հապճեպ քաղաքականություն է վարում։

-Օրինակ ո՞ր կետերին եք դեմ։

-Մադրիդյան ընդհանուր կետերի մեջ մեր տված զիջումային քաղաքականությունը բացարձակապես անընդունելի է մեզ համար, որովհետև իրականության մեջ մենք հող ենք ազատագրել, մենք հող չենք գրավել, և արտասահմանյան ամբողջ տարածքում մենք այս համոզմունքն ունենք։ Մեր կուսակցությունն էլ է այս տեսակետը պաշտպանում։

-Ստացվում է, որ ՍԴՀԿ–ի մի մասը դե՞մ է դուրս գալիս Ձեզ և Ձեր կուսակցությանը։

-Լյուդմիլա Սարգսյանը դեմ դուրս չի գալիս։ Փոխզիջումային քաղաքականության մասին ընդհանրապես հայ ժողովուրդը միշտ խոսել է, և անհասկացողություն է ստեղծվել։ Անձամբ ես հանդիպել եմ, աշխատել ենք այդ նյութի շուրջ և այդ ճշտումներն արել ենք։ Ինձ համար մի քիչ մութ էր այդ հարցը, բայց դրանք արդեն ճշտվել են։

-Այսինքն՝ այսօր Լյուդմիլա Սարգսյանը նո՞ւյնպես որևէ զիջման կողմնակից չէ։

-Բացարձակապես։

-Դուք մաս եք կազմում մի կազմակերպության՝ Հայ ազգային կոնգրեսի, որը նույնպես Արցախի ազատագրված տարածքների զիջման հարցում հակադիր կարծիքներ ունի։ Կոնգրեսի մի մասը դեմ որևէ զիջման, իսկ մյուս մասը կողմ է տարածքներ զիջելուն։ Ինչպե՞ս դա կբացատրեք։

-Ընդհանրապես մեր կուսակցությունը ժողովրդից ծնված կուսակցություն է՝ ժողովրդավար, և ժողովրդի հետ, ժողովրդի համար է վարում իր քաղաքականությունը։ Շատ անգամներ ընդդիմադիր շրջանակների հետ տարակարծություններ կարող են լինել, բայց դա չի նշանակում ընդհանուր ժողովրդավարության հետ կապված, այն, ինչ որ այսօր ընդդիմությունն է խոսում։ Ես չեմ կարող Կոնգրեսի անունից խոսել, ես իմ կուսակցության մասին եմ խոսում, որը ներկայումս ողջ աշխարհով մեկ ընդդիմադիր քաղաքականություն է վարում ։

- ՀԱԿ-ի հետ ձեր կուսակցությունը ինչպե՞ս է կառուցում իր հարաբերությունները։

-Մենք Կոնգրեսի հետ հակասություն չունենք, մենք Կոնգրեսի հետ շատ հարցերում խորհրդակցում ենք՝ հաշվի առնելով նրան որպես ընդդիմադիր մարմին, բայց դա չի նշանակում, որ մենք ամեն ինչին կարող ենք այո ասել։

-Ինչո՞վ եք բացատրում այն փաստը, որ, լինելով ընդդիմադիր դաշտում գործող կուսակցություն, վերջերս հանդիպեցիք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։

-Այո՛, հանդիպեցի, որովհետև նա, նախևառաջ, երկրի վարչապետն է, և  մենք քննարկեցինք սփյուռքահայության փոխհարաբերությունները։ Քննարկել ենք, որ հնարավոր է նույնիսկ՝ գործարար շրջանակները Հայաստան գան և այս տնտեսական ծանր իրավիճակում օգտակար լինեն։ Ես խնդրեցի, որ արտասահմանցիների գործարարության համար նոր ոլորտներ փնտրվեն։ Խոսեցինք ցեղասպանության հետ կապված Սփյուռքի տրամադրությունից և այն բանից, որ եղած քայլերը մեզ համար անընդունելի են, և որ ընդհանրապես իրար զարմացնող ելույթներ պետք չէ ունենալ։ Անշուշտ, վարչապետն իր հերթին տրամաբանական բացատրություններ տվեց։ Դա պրոտոկոլային հանդիպում էր, և սա առաջին անգամ էր, որ մենք հանդիպեցինք։

-Հանդիպում ունենալն ո՞ւմ նախաձեռնությունն էր։

-Տեղյակ չեմ։ Այլ շրջանակների հետ կապված երևույթ էր դա։ Սակայն ուրիշ հարց կար՝ այն, որ մենք, որպես Հնչակյան կուսակցություն, գալու ենք Հայաստան։ Այսքան ժամանակ է՝ մեր կուսակցությունը պանդուխտ է, պետք է վերադառնա մայրենի հող։ Մեկ անգամ է պատահել՝ 1995թ., որ Հնչակյան կուսակցությունը համագումար է կազմակերպել Հայաստանում, և ես ընտրվել եմ կենտրոնական վարչության անդամ։ Պետք է վերադառնալ։ Մենք ուզում ենք մեր համագումարը կազմակերպել մնայուն Հայաստանում։

-Այդ կապակցությամբ վարչապետն ի՞նչ ասաց։

-Ինձ շնորհավորեց, և ես նույնիսկ առաջարկեցի, որ գան բացման առթիվ իրենց ազնիվ խոսքն ասեն մեր կուսակցության մասին։ Եվ մենք պետք է հրավիրենք Հայաստանի բոլոր շրջանակներին, որովհետև Սփյուռքի 22 երկրների ղեկավարությունը հավաքվելու է մի տեղ՝ միայն ու միայն Հայաստանում։

                              Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը 

 

Այս խորագրի վերջին նյութերը