Տնտեսական

06.03.2014 11:20


Նպաստները չեն տալիս ու չեն տալիս

Նպաստները չեն տալիս ու չեն տալիս

Այս օրերին «Հայփոստի» մասնաճյուղերի մոտ մարդիկ են խմբված։ Բանն այն է, որ «Փարոս»–ի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստներն ուշացնում են։ Կենսաթոշակները սկսել են վճարել մի քանի օր առաջ։ «Հայփոստից» «7օր»–ին ասել են, որ թեև ցուցակներն իրենց ուղարկել են, բայց գումար չկա, որ սկսեն վճարումները։

Եվ սա այն դեպքում, երբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից խոստացել էին այդ վճարումները կատարել այս շաբաթ։ Հիշեցնենք, որ «Panorama.am»-ի հարցադրմանը նախարարությունից հետյալ պարզաբանումն էին ներկայացրել։

«Չանդրադառնալով 2013-ի տարեվերջին և 14-ի տարեսկզբին սոցիալական պաշտպանության ոլորտում կատարված մեծածավալ օրենսդրական բարեփոխումներին՝ նախարարությունը տեղեկացնում է, որ 2014-ի հունվար ամսվա ընտանեկան, սոցիալական նպաստները, հրատապ օգնությունները, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը վճարվել են փետրվարի 8-ից, մի փոքր ուշացումով, որի համար նախարարությունն արդեն հայցել է բնակչության ներողամտությունը, իսկ փետրվարի վճարումները կսկսվեն այս շաբաթ: Մարտ ամսից վերոնշյալ բոլոր նպաստների վճարումները կսկսվեն ժամանակին՝ յուրաքանչյուր ամսվա վերջին տասնօրյակում:

… 2013թ. ծնված երեխա ունեցող այն ընտանիքներին, ովքեր չեն ստացել երեխայի ծննդյան միանվագ նպաստը, տեղեկացնում ենք, որ այն տրամադրվելու է հին կարգով, այն է՝ երրորդ և հաջորդող երեխաների նպաստը կազմում է 430 000 դրամ, վճարումները կսկսվեն առաջիկա 10 օրերի ընթացքում»:

Ինչպես տեսնում ենք, «այս շաբաթվա» ավարտվելուն մնացել է երկու օրից էլ պակաս, սակայն նպաստները չկան ու չկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը