Լրահոս

21.02.2014 14:47


ԱՄՆ դեսպան. «Կենսաթոշակային այս բարեփոխումը 10 տարվա սերտ համագործակցության արդյունք է»

ԱՄՆ դեսպան. «Կենսաթոշակային այս բարեփոխումը 10 տարվա սերտ համագործակցության արդյունք է»

ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Կենսաթոշակային երրորդ միջազգային համաժողովի համար նախատեսված իր ելույթում ընդգծել է՝ 13 տարի է, որ ԱՄՆ-ն աշխատում է տեղական գործընկերների հետ Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգը բարեփոխելու համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով կենսաթոշակներին:

«Ցանկացած երկրի առջև ծառացած առավել դժվարին բարեփոխումներից մեկը կենսաթոշակային բարեփոխումն է: Սա է պատճառը, որ Հայաստանը ներգրավել է միջազգային փորձագետների և ծախսել է ավելի քան 10 տարի՝ մանրակրկիտ կերպով ընտրելով և ձևավորելով նոր կենսաթոշակային համակարգ, որը հարմարեցված է Հայաստանի ժողովրդագրական և տնտեսական կարիքներին»,–նշում է դեսպանը:

Նա ընդունում է, որ կենսաթոշակային բարեփոխումները վիճահարույց են. դրանք ներառում են երկարաժամկետ պլանավորում կառավարությունների, գործատուների և աշխատողների կողմից, որոնք արդեն իսկ գտնվում են բազմաթիվ կարճաժամկետ ճնշումների տակ:

«Մենք բոլորս գիտենք, որ բարեփոխումների իրականացումը կդառնա հաջողության իսկական փորձություն։ Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության ջանքերն այս նոր համակարգի հիմքերը ձևավորելու համար,–նշում է Հեֆերնը,–հավատացած ենք, որ նոր կենսաթոշակային համակարգը շրջահայաց ձևով մշակված է՝ պաշտպանելու ապագա կենսաթոշակառուների շահերը: Այն Հայաստանի աշխատողներին հնարավորություն կտա բարելավել իրենց ֆինանսական ապահովվածությունը կենսաթոշակային տարիքում՝ եկամուտների աղբյուրները դիվերսիֆիկացնելու, այդ թվում՝ մասնավոր, կրկնում եմ՝ մասնավոր կենսաթոշակային հիմնադրամում խնայողությունների կատարելու միջոցով»:

Կենսաթոշակային բարեփոխման հետ կապված մտահոգությունները նա բնական է համարում՝ հաշվի առնելով նաև Խորհրդային Միության ավանդների ճակատագիրը:

«Հիշողությունները դեռ թարմ են: Դեռ ավելին՝ գոյություն ունի վստահության պակաս կառավարության, հայաստանյան հաստատությունների և քաղաքացիների միջև: Կառավարությունը պետք է աշխատի այս բացը լրացնելու ուղղությամբ՝ լրջորեն ներգրավելով քաղաքացիներին, շտկելով բոլոր թյուրըմբռնումներն ու լսելով և արձագանքելով վերջիններիս մտահոգություններին։ Կենսաթոշակային այս բարեփոխումը կառավարության, միջազգային դոնորների և փորձագետների տասը տարվա սերտ համագործակցության արդյունք է»,–հավելում է Հեֆերնը՝ նշելով, որ Հայաստանում գործող ներկայիս համակարգը երկար գոյատևել չի կարող, և փոփոխությունը, թեկուզ՝ բարդ, սակայն անհրաժեշտ է:

Դեսպանը նաև իրենց շարունակական աջակցությունն է հայտնել այս բարեփոխման հաջող իրականացմանը՝ հույս ունենալով, որ ՀՀ կառավարությունը, գործատուներն ու աշխատողները կիրականացնեն այս բարեփոխումներն ի շահ բոլորի:

Հիշեցնենք, որ Կենսաթոշակային երրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցում էր նաև ԱՄՆ դեսպանը, «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամների ջանքերի շնորհիվ տապալվեց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը