Հարցազրույց

06.08.2009 17:20


Վարդան Բոստանջյան

Վարդան Բոստանջյան

Հարցազրույց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանի հետ

-Երեկ հանրապետության վարչապետը ասել է, որ տնտեսական  անկման տեմպերը մինչև տարեվերջ կարող է լինել մինչև 12%:  Բայց միևնույն ժամանակ նա լավատեսորեն է տրամադրված: Ընդահանրապես, Տիգրան Սարգսյանի՝ երկրի տնտեսական վիճակին վերաբերող դիտարկումները բավականին լավատեսական են։ Դուք համակարծի՞ք եք վարչապետի արած գնահատականների հետ։

-Ես չեմ նկատում այնպիսի ցցուն հիմքեր կամ վիճակներ, որոնք կարող են լավատեսության հիմք դառնալ։ Կցանկանայի, որ մեր տնտեսության վիճակն իսկապես լավ լիներ։ Սակայն ներկայիս գործընթացների համատեքստում ես չեմ տեսնում դրական հեռանկարներ։

-2009թ. բյուջեն կազմելիս՝ կառավարությունը կանխատեսել էր շուրջ 9% տնտեսական աճ։ Առաջին կիսամյակի համար ունենք ՀՆԱ 16.3% տնտեսական անկում։ Արդյո՞ք ժամանակը չէ վերանայելու և՛ բյուջեն, և՛ կառավարության ծրագիրը։

-Կառավարության ներկայացուցիչն արդեն ասել է, որ, ամենայն հավանականությամբ, 945 մլրդ. ծախսերի փոխարեն կկատարենք մոտ 910 մլրդ. դրամի ծախս։ Այսինքն, 35 մլրդ.-ի չափով կրճատումներ կլինեն։ Դա մեր հանրապետության համար չափազանց մեծ գումար է։ Նշանակում է՝ մի շարք կարևոր ծրագրեր ու նախագծեր չեն իրականացվի։ Միևնույն ժամանակ,  ես չեմ ուզում չափազանցել տնտեսական աճի հանգամանքը։ Սխալմամբ ամրագրեցինք  9% տնտեսական աճ։ Մենք նախապես զգուշացնում էինք, որ միջազգային տնտեսական ճգնաժամի պայմաններում այդ թիվը կարող է իրատեսական չլինել։ Եվ շատ արագ պարզ դարձավ, որ համաշխարհային ճգնաժամն իր բացասական ազդեցությունն ունեցավ Հայաստանի տնտեսության վրա։

-Իսկ վարչապետը հավաստիացնում էր, որ նման սցենար մեզ չի սպառնում։

-Ասեմ Ձեզ...,ես ոչ թե ուրախանում եմ, այլ, պարզապես, մասնագետ մարդիկ ենք և հասկանում ենք իրավիճակը։ Պետք չէ ողբերգություն համարել այն, որ այս պահին մենք արձանագրել ենք 16.3% տնտեսական անկում։ Ոչինչ, միջազգային տնտեսական ճգնաժամի պայմաններում նման անկումը միանգամայն հասկանալի է։ Առավել ևս, որ Հայաստանի տնտեսական աճի որակական կառուցվածքը հիմնականում պայմանավորված էր մեկ ոլորտով՝ շինարարությամբ։ Այսինքն, եթե շինարարության ծավալները նվազում են, պարզ է, որ ունենալու ենք կտրուկ անկում։ Դա էլ դժբախտություն չէ։ Մենք կարող ենք վերականգնել տնտեսական աճի նախկին տեմպերը։ Սակայն խոցելի կողմ եմ համարում այն, որ մենք մեր կանխատեսումների, զարգացման հեռանկարները ճիշտ տեսնելու և արտահայտելու հետ կապված խնդիրներ ունենք ։

-Փաստորեն, կառավարությունը գնում է սեկվեստրի՞։

-Եթե ուզում եք այդպես ասել, համարեք սեկվեստր։

-Բայց վարչապետը ասում էր, որ սեկվեստր չի լինելու։

-Կանխատեսումների մասով արդեն ասացի՝ չեմ ուզում կրկնվել։

-Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը որո՞նք են։

-Ելքերի առումով արդեն որոշակի քայլեր արվում են։ Մասնավորապես, արդեն ստացել ենք համեմատաբար արտոնյալ պայմաններով վարկեր։ Դրանք պետք է օգտագործենք արդյունավետ, ոչ նախկինի պես։ Դա, թերևս, հիմնական լավագույն միջոցներից է, ինչը Հայաստանը միջազգային ճգնաժամի պայմաններում կարող է անել։

-Տնտեսական իրավիճակի առումով, ըստ Ձեզ, ինչպիսի՞ պատկեր կունենանք տարեվերջին։

-Իմ կարծիքով, 2009թ. մենք կունենանք մոտ 18% տնտեսական անկում։ Իհարկե, դա չեմ պնդում։ Բնականաբար, կկրճատվեն ծախսերը, սակայն դա հանրապտության համար չի լինի ողբերգական ինչ-որ մի իրավիճակ։ Հայաստանն ունի այն բացառիկությունը, որ ամեն վայրկյան, հստակ գործողությունների պայմաններում, կարող է վերականգնել բոլոր կորուստները։ Ես այդ լավատեսությունն ունեմ։ Եվ այդ նպատակին հասնելու համար չափազանց կարևորում եմ կադրային ապահովվածության գործոնը։

-Կադրային ապահովվածություն ասելով՝ նկատի ունեք կառավարությա՞նը։

-Ինչպես ուզում եք՝ հասկացեք։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը