Լրահոս

22.01.2014 14:33


Վահե Էնֆիաջյանը Ուսանողության օրվա մասին. «Թերևս պլագյատի լավագույն դրսևորում կառավարության կողմից»

Վահե Էնֆիաջյանը Ուսանողության օրվա մասին. «Թերևս պլագյատի լավագույն դրսևորում կառավարության կողմից»

ՀՀ կառավարությունը մերժել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Միքայել Մելքումյանի, Տիգրան Ուրիխանյանի և Վահան Բաբայանի օրենսդրական նախաձեռնությունը՝ տոնացույցում ներառել Ուսանողության օրը:

Մեկնաբանելով կառավարության այս գործելաոճը՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ երիտասարդների միության ծրագրերի համակարգող Վահե Էնֆիաջյանը «7օր»–ին ասել է, որ դեռևս 2006թ.-ից, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, շքեղ համերգային ծրագրով և ուսանողներին անվանական կրթաթոշակներ տրամադրելով՝ իրենք տոնում են ուսանողների միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ը:

–2013 թ. տարեսկզբին ԲՀԿ երիտասարդների միությունն ուսանողների պաշտոնական ֆիքսված օր ունենալու կապակցությամբ կազմակերպել էր համացանցային և լայնամասշտաբ հարցում-քվեարկություն:

Առավել ևս, որ ԲՀԿ երիտասարդների միությունը, դեռևս 8 տարի առաջ, առաջինն էր, ով սկսեց տոնել Ուսանողների միջազգային օրը, ինչի շնորհիվ է, որ այդ տոնն արդեն ընկալվում է հասարակության կողմից, և ավելին, օրինակ վերցնելով ԲՀԿ-ից՝ ՀՀԿ-ն նույնպես սկսեց տոնել այդ նույն օրը,–ընդգծել է Վ. Էնֆիաջյանը։

Տոնի օրվա առնչությամբ նա հանդիպել է նաև Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում հետ քննարկել է Սբ. Սարգսի և Ուսանողների միջազգային օրվա ոչ շարժական լինելու մասին։ Ի վերջո, եկել են հայտարարի, որ որոշ ժամանակ անց հանդես կգան օրենսդրական նախաձեռնությամբ:

Հաշվի առնելով հանրության կարծիքը, որ արտահայտվեց վերոնշյալ քվեարկության արդյունքում, ԲՀԿ–ն հանդես է եկել օրենսդրական առաջարկով, այն է՝ նոյեմբերի 17-ը, որը բոլորն են տոնում, «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ամրագրել որպես պետական տոն, որով մեծապես կարևորվում է ուսանողի դերն ու սկզբունքային նշանակությունը մեր հանրապետությունում:

–Այսպիսով, 2013թ.-ի դեկտեմբերի 16-ին, ԱԺ շրջանառության մեջ դրեցինք օրենքում լրացում կատարելու նախագիծը, և ավելին, այն ստացավ ՀՀ ԱԺ-ի աշխատակազմի փորձաքննության վարչության դրական եզրակացությունը: Սակայն կառավարությունը չդավաճանեց իր սկզբունքներին, և նախագիծը, կառավարությունում ստանալուց ուղիղ մեկ ամիս հետո՝ հունվարի 16-ին, Կրթության և գիտության նախարարի կողմից կառավարության նիստում առաջարկ արվեց այդ նույն տոնը նշելու միջնորդությամբ:

Սա քաղաքական հարց չէ, սակայն ամեն անգամ փաստում ենք՝ ԲՀԿ-ի կողմից առաջարկված յուրաքանչյուր հարցի կառավարությունն ու անձամբ վարչապետը նողկալի ձևով են արձագանքում: Հաշվի առնելով, որ ԱԺ-ն այժմ արձակուրդում է, և առաջին քառօրյան նախատեսված է փետրվարի սկզբին, իսկ կառավարության նիստերն ամեն հինգշաբթի են, ապա կառավարությունը չհապաղեց և ԲՀԿ-ի կողմից ներկայացված նույն առաջարկով հանդես եկավ՝ պարզապես առաջարկելով փոխել օրը և սահմանել մայիսի 16-ը՝ ԵՊՀ հիմնադրման օրը՝ որպես ուսանողների օր: Թերևս պլագյատի լավագույն դրսևորում կառավարության կողմից: Մենք կողմ ենք ցանկացած լավ մտքի կյանքի կոչմանը, բայց դա չպետք է արվի մտքագողությամբ: Երևի հապճեպությունն ու գայթակղությունն են եղել պատճառը, որ անտեսելով հայկական կրթօջախների դարերի պատմության մեջ ունեցած անգնահատելի ներդրումը, դրանցից որևէ մեկի հիմնադրումն, օրինակ, որպես Ուսանողի օր նշելու փոխարեն, առաջարկում են պետական բուհերից մեկի հիմնադրման օրը: Ցավով պետք է փաստել, որ, չնայած իր կանոնադրության ու բուհերի մասին օրենքին, այդ նույն բուհն ունի շատ կոնկրետ քաղաքական ուղղվածություն, և իր գործունեությունը ծավալում է հենց այդ դիրքորոշումից չշեղվելով,–ավելացրել է ԲՀԿ–ական պատգամավորը:

Նա նաև ընդգծել է, որ ԱԺ-ի պաշտոնական կայքում առկա են բոլոր արխիվային հիմքերը, որոնք ապացուցում են, որ կառավարության որոշումից դեռևս մեկ ամիս առաջ ԲՀԿ–ական պատգամավորների կողմից ներկայացվել էր այն նախագիծը, որը «կառավարությունը ծիծաղելիորեն փորձում է ներկայացնել իբրև հեղինակային»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը