Լրահոս

05.12.2013 20:33


ԿԲ-ն կվարի հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրությունը

ԿԲ-ն կվարի հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում ԿԲ-ին կփոխանցվի հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության վարման գործառույթը:

Կառավարության հավանությունն է ստացել «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունումը թելադրված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրում կարևորված բնակելի շինարարության խթանման և գործարար միջավայրի բարելավման պահանջով: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կտրվի տնտեսական եղանակով կառուցել անհատական բնակելի տներ, օժանդակ կառույցներ, ՓՄՁ գործունեության օբյեկտներ` տնտեսելով նախահաշվային արժեքի 35 տոկոսը և նպաստելով քաղաքաշինության բնագավառի տնտեսության էական աճին: «Սա այն կարևորագույն նախաձեռնություններից է, որը բարելավելու է բիզնես միջավայրը, - շեշտել է վարչապետը: - Քանի որ մենք շինարարության ոլորտում հետընթաց ունեցանք, շինարարական գործընթացները մեզ մոտ երկար են տևում և ծախսատար են: Մի օրենսդրական նախաձեռնություն էլ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն է ներկայացրել, որն Ազգային ժողովում է, և մենք նաև ներառեցինք արտահերթ նիստի օրակարգ. այն նույնպես ոլորտի շինթույլտվությունների հետ կապված ժամկետների կրճատում և պարզեցում է բերելու, ինչպես այս նախաձեռնությունը»:
Նիստում քննարկվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արտակ Դավթյանը: Նա առաջադեմ է 50 և ավելի տարի գործող ստեղծագործական միությունները գրանցելիս պահպանել «ստեղծագործական միություն» անվանումը և իրավահաջորդությունը: Կառավարությունը նպատակահարմար է համարել նշված կազմակերպությունների անվանումներում սահմանել «ստեղծագործական միություն» բառերի օգտագործումը` պահպանելով «հասարակական կազմակերպություն» իրավական ձևը (օրինակ` «Հայաստանի գրողների ստեղծագործական միություն» հասարակական կազմակերպություն): Մատնանշվել են նաև օրենսդրական տեխնիկայի կանոնները չպահպանելու օրինակներ: Գործադիրը նախագիծն ընդունելի կհամարի իր ներկայացրած առաջարկության ընդունման դեպքում:
Քննության է առնվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունքը տարածել նաև չաշխատող ծնողներից մեկի կամ միակ ծնողի, որդեգրողի, խնամակալի վրա` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը (ներկայումս նպաստ ստանալու իրավունքը տարածվում է միայն աշխատող ծնողների վրա): Կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծի ընդունումը, քանի որ փոփոխությունը կառաջացնի մոտ 16 միլիարդ դրամի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսված չէ ինչպես ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծով, այնպես էլ ՀՀ 2014-2016թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Այս խորագրի վերջին նյութերը