Մեկնաբանություն

24.11.2013 13:52


Ժամանակակից արվեստի հետամնաց պատկերը

Ժամանակակից արվեստի հետամնաց պատկերը

Ի՜նչ զարմանալի բան: Մինչեւ սեպտեմբերի 3-ը իրենց արեւմտամետ համարող որոշ «փորձագետներ» վերջին օրերին հանդես են գալիս պահանջով՝ «Հրաժարվե՛նք Եվրատեսիլից»: Դե, երեւի Մաքսային միություն մտնող Հայաստանը եվրոպական այդ մրցույթին այլեւս մասնակցելու կարիք չունի:

Նման պահանջ ներկայացնողները ճիշտ է այլ կերպ են հիմնավորում իրենց պահանջը, սակայն իսկապես տարօրինակ է, թե ինչու հանկարծ հիմա հիշեցին Եվրատեսիլում Հայաստանի մասնակցության աննպատակահարմարության մասին:

Պատճառաբանում են, թե այդքան փող պետք չէ ծախսել եւ հետո՝ մի քանի եվրոպական երկրներ այդ մրցույթին մասնակցելուց հրաժարվել են:

Կարելի է կարծել, որ երբ Նունե Եսայանին 54 միլիոն են տալիս գավառական մակարդակի համերգային ծրագրում միայնակ հանդես գալու համար, այդ ժամանակ փող կար, իսկ հիմա՝ ոչ:

Կամ՝ երբ «Էրեբունի-Երեւանի» վրա 200 միլիոն են ծախսում՝ երկրում լիքը փող կար:

Եվրատեսիլյան շոուն, անշուշտ, մի մեծ բան չէ, բայց դա համաեվրոպական մրցույթ է, որին մասնակցում են բազմաթիվ եվրոպական երկրներ, որոնց ներկայացուցիչները այդ մրցույթի միջոցով ոչ միայն տարածում եւ հանրահռչակում են իրենց փոփ երաժշտությունը, այլեւ մրցույթը նրանց հնարավորություն է տալիս, այսպես ասած, «մատուցել» իրենց երկիրը: Չմոռանանք, Եվատեսիլն ունի 600 միլիոնանոց լսարան:

Հիշեցենք, Հայաստանը այս մրցույթին մասնակցում է 2006 թվականից եւ մեր առաջին երեք մասնակիցները (Անդրե, Հայկո, Սիրուշո) հաջողությամբ են հանդես եկել այդ բեմում: Այլ հարց է, որ 2008-ից հետո Եվրատեսիլում հայաստանյան մասնակիցները լիակատար ձախողումներ արձանագրեցին:

Դե, 2008-ից հետո երկրի որ ոլորտում ձախողումներ չարձանագրվեցին, որ այստեղ էլ ձախողումներ չլինեին:

Այնուհանդերձ, Եվրատեսիլը անկախ բովանդակությունից եւ շոու-բիզնեսային բնույթից՝ մի հարթակ է, որից պետք է օգտվել թեկուզ երկիրդ աշխարհին ճանաչելի դարձնելու համար, թեկուզ այն բանի համար, որ մի քանի օր շարունակ հնչում է «Հայաստան» բառը:

Եվրատեսիլյան մրցույթին մեր մասնակցությունն, ի դեպ, շատ կարեւոր բան բացահայտեց: Որքան էլ, զարմանալի թվա, պարզվեց անկախությունից հետո մինչ օրս մեզանում եթե կա մի մշակութային ոլորտ, որ կարող է մրցել դրսերում՝ դա փոփ երաժշտությունն է: Հավանենք, թե ոչ, անտեսենք, արհամարհենք, թե ընդունենք, այնուամենայնիվ, իրողությունը մեկն է՝ երգարվեստի (եթե կարելի է այդպես ասել) այս ճյուղն է միայն մրցունակ, որի ներկայացուցիչները կարող են հայտնվել Եվրատեսիլում եւ անգամ մնալ առաջին տասնյակում:

Կրկնում եմ՝ ուզենք, թե ոչ, այդպես է:

Իսկ ինչ վիճակում են հայ ժամանակակից արվեստի մյուս բնագավառներում ստեղծագործող մարդիկ:

Հայտնի ու անհայտ բոլոր անունները անցած տարիներին այստեղ արժանացել են հնարավոր եւ անհնար բոլոր մրցանակների, բոլոր պետական պարգեւների ու կոչումների: Անգամ ՀՀ նախագահի մրցանակի, պետական մրցանակի ու բարձրագույն այլ պարգեւների («Մեսրոպ Մաշտոց», «Մովսես Խորենացի») արժանացածների թիվն ու հաշիվն ենք կորցրել:

Հիանալի է: Սակայն, Հայաստանից դուրս ով է ճանաչում նրանց եւ նրանց ստեղծած «արժեքավոր» ստեղծագործությունները:

Այս մարդկանցից որ մեկն է երբեւէ ձգտել, այսպես ասած, իր ուժերը փորձել դրսում:

Եվրատեսիլը չեմ համեմատում «Օսկարի» հետ, բայց հանրահայտ ամերիկյան կինոակադեմիայի այս մրցանակաբաշխությանը մասնակցելու համար տարիներ առաջ հայտ ներկայացրեցին կինոռեժիսորներ Վիգեն Չալդրանյանը եւ Ռուբեն Գեւորգյանցը: Եվ ի՞նչ: Նրանց ֆիլմերն անգամ չգրանցեցին, որպեսզի մասնակցեն 24 անվանակարգեր ունեցող այդ մրցույթին:

Գրականության ոլորտում ժամանակակից հայ գրողները այստեղ արժանացել են թե ՀՀ նախագահի եւ թե պետական մրցանակների: Ջանացել են, որ իրենց գրքերը տպագրվեն անգլերենով եւ այլ լեզուներով, սակայն նրանցից որ մեկն է փորձել իր գիրքը ներկայացնել Նոբելյան մրցանակի: Ոչ ոք: 1990-ականներին միայն բանաստեղծ Արտեմ Հարությունյանը փորձեց հասնել Նոբելյանի դուռը եվ…չհասավ:

Ի դեպ, այս տարի Նոբելյանի արժանացավ կանադացի 75-ամյա կին գրողի գիրքը:

Մեր երաժիշտներից ո՞ր մեկն է երբեւէ հանդգնել նայել «Գրեմմիի» ուղղությամբ (եզակի բացառություն է Արտո Թունջբոյաջյանը):

Եվ ընդհանրապես, նրանց ստեղծագործությունները ե՞րբ են հնչել եվրոպական հեղինակավոր համերգասրահներում: Ոչ մեկի: Միայն Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն է հնչել Գերմանիայում եւ ի դեպ, գերմանացիների շրջանում մեծ ընդունելություն է գտել այդ ստեղծագործությունը: Բացառություն է նաեւ Ջիվան Գասպարյանը, ով կարողացել է դուդուկը տարածել աշխարհում, ավելին՝ նրա 80-ամյակին նվիրված համերգ-հանդիսությանը մասնակցելու համար Հայաստան ժամանեց աշխարհահռչակ Պիտեր Գաբրիելը:

Հայ ժամանակակից թատրոնների մասին չեմ խոսում: Որեւէ բեմադրություն անգամ չի ներկայացվել մոսկովյան հանրահայտ «Չեխովի» անվան միջազգային թատերական փառատոնում: Առավելագույնը ինչ արել են մեր թատրոնները դա սփյուռքի հայկական գաղթօջախներում հանդես գալն է եղել եւ ասենք՝ Կալիֆորնիայի նահանգապետի շնորհակալագիրը:

Հայ ժամանակակից կերպարվեստում էլ թռիչքներ դժվար է գտնել. ոչ մի հայ գեղանկարչի ցուցահանդես աշխարհի հռչակավոր պատկերասրահներում չի կազմակերպվել:

Այսինքն՝ մեր շա՜տ «հայտնիներն» ու շա՜տ «տաղանդավորները», որոնք «Հայ մշակույթին մատուցած բացառիկ ծառայունների» համար այստեղ մի քանի պետական պարգեւների են արժանացել՝ դրսերում անմրցունակ են:

Իրենց ստեղծածով նրանցից գոնե մի քանիսը ոչ միայն աշխարհին չեն զարմացրել ու հիացրել, այլեւ՝ նրանց միջոցով Հայաստանը ճանաչված չի եղել:

Իսկ երեկ Սերժ Սարգսյանը դրական գնահատեց Մշակույթի նախարարության աշխատանքը: Որ՞ն է այս գերատեսչության գլխավոր առաքելությունը՝ հայ արվեստի տարածումն ու հանրահռչակումը աշխարհում: Հաջողությա՞մբ Է իրականացրել այդ առաքելությունը: Իհարկե՝ ոչ: Իսկ ի՞նչն է դրական գնահատվում, երբ եթե ինչ-որ «հանրահռչակում» էլ եղել է, ապա միայն Եվրատեսիլի մասով, որի պատասխանատուն եւ կազմակերպիչը Հանրային հեռուստաընկերությունն է, իսկ նախարարությունն, ընդհանրապես, կապ չունի դրա հետ:

Ինչեւէ, Եվրատեսիլից հրաժարվելու մասին պահանջ ներկայացնողները նախ թող քննարկեն ու գնահատեն մշակութային դաշտում տիրող վիճակը, հետո միայն որոշեն, թե ինչից պետք է հրաժարվել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը