Քաղաքական

25.07.2009 15:07


Ովքե՞ր են ձգձգում բանակցային գործընթացը

Ովքե՞ր են ձգձգում բանակցային գործընթացը

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը «7օր»-ին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփոխությունից հետո ԼՂ-ի շուրջ բանակցությունները, գուցե, կակտիվանան կամ, հակառակը, որոշակի դադար կլինի, բայց, միևնույն է, դա չի կարող նպաստել խնդրի կարգավորմանը։

-Բանակցային գործընթացը ոչ թե մենք ենք ձգձգում, այլ՝ իրենք, որովհետև իրենք որևէ եզրակացություն չունեն և չեն կարող հաշտվել իրար հետ,- ասել է Լ. Շիրինյանը՝ պարզաբանելով,-խոշոր տերություններ կոչվածներն Արցախի հարցի վերաբերյալ որևէ համաձայնություն չունեն։ Ռուսաստանին ձեռնտու է, որ Հայաստանը մնում է կախված իրենից այն իմաստով, որ նա պետք է օժանդակի, որպեսզի հարցը փակվի։ Ադրբեջանն էլ է մնում կախված, որովհետև նա էլ հույս ունի, թե Ռուսաստանի միջոցով հետ կբերի։ Իսկ ԱՄՆ -ի համար հիմա Ղարաբաղը կարևոր հարց  չէ։ Կարևորը Աֆղանստանն է, Պարսկաստանը և Չինաստանը։ Սա փակուղային վիճակ է։ Եվ հետո, ամերիկացիները հզորացող դաշնակից չեն սիրում։ Իսկ Թուրքիան հիմա շատ է հզորացել, ուրեմն պետք է հակակշիռներ փնտրել։ Իսկ եթե Ադրբեջանը հզորանա, նշանակում է, որ Թուրքիան է՛լ ավելի կհզորանա։

Քաղաքագետի համոզմամբ՝ ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող երրորդ երկիրն էլ՝ Ֆրանսիան, մեծ հաշվով ենթարկվում է ԱՄՆ-ի քաղաքականությանը, և այս 2 երկրները, որպես կանոն, միավորվում են Ռուսաստանի դեմ։

-Այստեղ մեզ համար շատ ճարպիկ խաղալը դառնում է խնդիր՝ ճարպիկ, շրջահայաց և ո՛չ հող, ո՛չ իրավունք զիջելու տրամադրությամբ։  Խելքով պետք է խաղանք՝ դադարեցնելով պարտվողական անիմաստ խոսակցությունները։ Մենք ոչինչ չունենք զիջելու, և հետո, պետք է հասկանալ, որ Արցախը ցեղասպանության փոխհատուցման ակտերից մեկն է։ Ես վախենում եմ, որ մեր դիվանագիտությունը պատրաստ չէ՝ կրթությունով, ազգային շահի իմացությամբ, ճարպկությամբ, նաև անձնական շահերն առաջ չտանելու մասով։ Այդ ոլորտն ինտելեկտի բարձր մակարդակ է պահանջում,- նշել է Լ. Շիրինյանը՝ համոզված լինելով, որ Հայաստանը պետք է փոխի իր մարտավարությունը և չսպասի, որ դիմացինը հարձակվի, ինքն էլ պաշտպանվի.

-Մի անգամ էլ մե՛նք հարձակվենք, որովհետև միշտ պաշտպանվողը տուժում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը