Մեկնաբանություն

22.01.2011 13:32


Ընդմիշտ կոկա-կոլա - 2

Ընդմիշտ կոկա-կոլա - 2

Երբ գրում էի իմ նախորդ՝ «Ընդմիշտ կոկա-կոլա» հոդվածը, չէի պլանավորել շարունակելի դարձնել այն։ Խնդիրս ընդամենը մեկ հոդվածի շրջանակներում ցույց տալն էր, որ Հայաստանի պետական կառավարման համակարգում տարածված է անսկզբունքայնության և հարմարվողականության ոգին։

Մի շարք կոնկրետ գործիչների անցած ուղին ներկայացնելով՝ ես պարզապես «միս ու արյուն» էի տվել ասվածին, որպեսզի ավելի առարկայական լիներ, թե ինչպիսի դեմքերով են հանդես գալիս այդ հարմարվողները կամ, եթե կուզեք,  «գրասենյակային առնետներ» հիշեցնողները, ովքեր բոլոր իշխանությունների օրոք կարողանում են «կենսունակ» գտնվել ու մնալ իրենց տեղերում՝ միանման էնտուզիազմով ծափահարելով բոլոր ղեկավարներին։

Հոդվածի հրապարակումից հետո բազմաթիվ զանգեր ստացվեցին  խմբագրություն։ Ոմանք դժգոհում էին, թե ինչո՞ւ է, օրինակ, գյուղփոխնախարար Սամվել Ավետիսյանը հայտնվել ընդմիշտների ցուցակում։

«Ճիշտ է Ավետիսյանը, ավելի քան 10 տարի նախարարի տեղակալ է, բայց դա կապ չունի ու քծնելով չէ որ մնում է իր տեղում»,- հավաստիացնում էր մի տարեց կին, ով ներկայանում էր որպես գյուղնախարարության ներքին անցուդարձից լավատեղյակ մարդ։

 Ասեմ, որ Ավետիսյանի հետ կապված դժգոհություն հայտնողները մի շարք փաստարկներ էին բերում, որոնք հօգուտ գյուղփոխնախարարի էին։ Նշվում էր, որ նա ոչ թե ՕԵԿ-ական պնակալեզներից է, այլ դեռևս 2000 թվականին,  սկզբունքային տարաձայնություններով պայմանավորված, դուրս է եկել Օրինաց Երկրից ու գյուղատնտեսության ոլորտի այն եզակի մասնագետներից է, ովքեր կռիվ են տալիս ոլորտի համար։ Չգիտեմ, թե որքանով են օբյեկտիվ այդ գնահատականները, բայց եթե ամեն ինչ հենց այդպես է, ու Ավետիսյանը գյուղնախարարությունում մնում է բացառապես իր մասնագիտական կարողությունների շնորհիվ, որպեսզի գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա անկումը լինի ոչ թե, ասենք, 40 տոկոս, այլ «ընդամենը»՝ 15 տոկոսի սահմաններում, ապա ցավում եմ, որ նրան ներկայացրել էի Հրանուշ Հակոբյանի, Կամո Արեյանի և Պավել Սաֆարյանի հետ միևնույն շարքում։  Ի դեպ, վերջիններիս հետ կապված «7 օրին» նամակ ուղարկողների և մեկնաբանություն գրողների ճնշող մեծամասնությունը համակարծիք էր նախորդ հոդվածում տեղ գտած մեր  գնահատականների հետ։

Բացի այդ, ստացված տարատեսակ արձագանքների մեջ կար մեկ ընդհանուր բան. բոլորը միաբերան պնդում էին, որ մերօրյա «ֆունտերին» նկարագրելիս՝ մոռացել էինք «մեյդան» բերել ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ աշխատող Իշխան Զաքարյանին, ով լրիվ տեղավորվում է «ով էշ, ես փալան» փիլիսոփայությամբ առաջնորդվող պաշտոնյաների կերպարի մեջ։

Խոստովանեմ, որ իրոք լուրջ բացթողում էր իմ կողմից հայաստանյան «ֆունտերին» անդրադառնալն ու մի երկու տողով Ի. Զաքարյանին չհիշելը։ Այժմ, ինչպես ընդունված է ասել, ընդառաջ գնալով հեռուստադիտողների բազմաթիվ խնդրանքներին, փորձեմ շտկել բացթողումը և  Վերահսկիչ պալատի ղեկավարին անդրադառնամ առանձին «տողով»։

Եվ այսպես. Իշխան Զաքարյանը «չինովնիկազգիների» այն տեսակն է, ով արագ փոխում է իր «կաշին» ու հարմարվում օրվա իշխանության պահանջներին։ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանում նա իշխանական կոմսոմոլն էր ու զբաղվում էր երիտասարդության հարցերով։ Այսինքն՝ ՀՀՇ-ի իշխանության օրոք նա «բազեություն» էր անում ու փորձում այդ ճանապարհով վեր մագլցել պաշտոնական սանդղահարթակով։ Իսկ այն, որ եթե 1998-ի իշխանափոխությունը չլիներ, ապա Զաքարյանը հաստատ վեր կբարձրանար նաև Տեր-Պետրոսյանի՛ օրոք՝ կասկած չկա, քանի որ, ըստ լավատեղյակների, ՀՀ առաջին նախագահը, ինչպես բոլոր ինքնասիրահարված ու փառամոլ մարդիկ, սիրում է, երբ իր առաջ խոնարհվում են և անամոթության աստիճանի քծնում, իսկ Զաքարյանն այդ գործերում նույնիսկ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի՛ն կարող է դասեր տալ։

Շատ ղեկավարներ (այդ թվում՝ Տեր-Պետրոսյանը) սիրում են նաև տեղ տալ իրենց նախկին թիմակիցներին կամ ընկերներին «քցելու» հակվածություն ունեցողներին, միամտաբար կարծելով, թե տվյալ սուբյեկտը «կքցի» բոլորին՝ բացի իրենից, իսկ ճամբարափոխության հարցում Զաքարյանի մոտ կարող է արագացված դասընթացների միջոցով կատարելագործվել անգամ հարափոփոխության մարմնավորում  Արթուր Բաղդասարյանը։ Այս առումով էլ Զաքարյանի շանսերը մեծ էին, քանի որ նա բոլորին պատրաստ է «փուռը» տալ՝ միայն թե դուր գա վերևներին և, մնում եմ այն կարծիքին, որ Տեր-Պետրոսյանի մնալու դեպքում Զաքարյանը վեր էր սլանալու, ինչպես Գագարինը։

Տեր-Պետրոսյանն իշխանությունից հեռացավ, բայց Ի. Զաքարյանի «գագարինյան» պլանները չխափանվեցին, քանզի նա ծառայում է ոչ թե կոնկրետ անձի, այլ՝  օրվա իշխանությանը։

Երբ իշխանությունը փոխվեց ու եկավ Ռոբերտ Քոչարյանը, Իշխան Զաքարյանը «ֆիզկուլտուրնիկություն» էր անում, որպեսզի մտնի սպորտի նկատմամբ թուլություն ունեցող երկրի ղեկավարի աչքը։ Զաքարյանի Օլիմպիական կոմիտեի ղեկավար դառնալը ցույց է տալիս, որ նա կարողացել էր լավագույնս մտնել Քոչարյանի աչքը (և ոչ միայն աչքը)։

Ի դեպ, Զաքարյանը կարողացել էր այնպես մտնել Քոչարյանի աչքը (և ոչ միայն աչքը), որ երբ Հայաստանի օլիմպիական հավաքականը ոչ մի մեդալ չբերեց օլիմիպիական խաղերից ու երբ այդ առումով Իշխանին մի ժամանակ  պաշտպանության նախարար աշխատող Սերժ Սարգսյանը հրապարակային կսմիթի արժանացրեց՝ ՀՀ երկրորդ նախագահը Զաքարյանին պաշտպանության տակ առավ ու փրկեց նրան Ս. Սարգսյանի «ճիրաններից»։

Ամենահաս Զաքարյանը հաջողացրեց նաև Քոչարյանի օրոք ընդգրկվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար կազմում, հետագայում դառնալ ԱԺ փոխնախագահ, քանի որ կարողացել էր այնպես մտնել Ռ. Քոչարյանի ... չշարունակեմ, արդեն պարզ է։

2008-ից հետո, երբ մարտի 1-ի շնորհիվ նախագահի աթոռին հայտնվեց Սերժ Սարգսյանը, «մարզական» հնարքների տիրապետող Ի. Զաքարյանն արագ «սալտո» տվեց ու հայտնվեց Սերժ Սարգսյանի տիրույթում։ Բոլոր իշխանությունների սիրելին նշանակվեց Վերահսկիչ պալատի նախագահ ու հիմա հանդիսանում է ՀՀԿ «ճկուն»  ղեկավարի ամենավստահելի «գործիքներից» (փաստորեն, Ի. Զաքարյանին վստահում են ՀՀ բոլո՛ր գործող նախագահները)։

Զաքարյանի սարգսյանական թիմակից դառնալու գլխավոր նախապայմանն այն էր, որ նա կտրի իր երևացող ու չերևացող կապերը Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ավելին՝ «ապացուցիր, որ սիրում ես» ծրագրի շրջանակներում Զաքարյանը պետք է իր վերահսկիչ դիրքերից հարձակվեր քոչարյանական շրջանակների վրա, որպեսզի Սերժ Սարգսյանը համոզվեր, որ «կոկա-կոլան» այլևս իրենն է։ Սարգսյանի այդ պահանջը Զաքարյանը կատարեց ենիչերիական կարգապահությամբ ու ոգով, քանի որ նա ծառայում է ոչ թե անձին, այլ՝ օրվա իշխանությանը։

Զաքարյանն այն աստիճանի դարձավ Ս. Սարգսյանի «մարդը», որ խոսվում էր վերահսկիչ պալատի նախագահի ու Ս. Սարգսյանի մյուս հաճախորդներից՝ Վիկտոր Դալլաքյանի մասնակցությամբ նոր կուսակցություն ստեղծելու մասին։ Կուսակցություն, որը պետք է ձայներ փախցներ Զաքարյանի նախորդ կուսակցությունից՝ ԲՀԿ–ից։ Ընթացքում երևի հասկացան, որ այդ «պրոյեկտը» դատապարտված է լինելու ձախողման ու այդ ուղղությամբ ոչինչ չարվեց։

Ահա այսպիսին էր մեր հերթական «ֆունտերից» մեկի անցած ուղին։ «Ֆունտ», ով կարողանում է նստել բոլորի օրոք։

Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ կարող ենք ասել ոչ երնեկ Սերժ Սարգսյանին, քանի որ իր հաջորդի մոտ Զաքարյանն, ամենայն հավանականությամբ, կհասցնի տեղավորվել ու պատմել, թե ինչե՜ր են արվել ՀՀ 3-րդ նախագահի օրոք ու պատրաստակամություն կհայտնի բացահայտել այդ ամենը, քանի որ ինքն ամեն ինչ գիտի...

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը մեղադրել էր Իշխան Զաքարյանին՝ կաշառք պահանջելու մեջ։ Զաքարյանը դիմել էր դատարան, որպեսզի փրկի իր բարի համբավը («բարի համբավ». լա՜վ էլի)։ Առայժմ ձեն-ձուն չկա այդ թեմայով, իսկ ՀՀ նախագահը դեռ չի կողմնորոշվում, թե ո՞ր երևույթները հայտարարի «անհանդուրժելի ու անընդունելի»՝ Զաքարյանի կաշառք պահանջե՞լը, թե՞ Մելիքյանի կաշառք չտալն ու այդ թեմայով «շուխուռ» անելը։ Հետևելով Սարգսյանի կառավարման փիլիսոփայությանը և նրա թիմի ախորժակին՝ անընդունելի է համարվելու Ս. Մելիքյանի՛ պահվածքը։

Այս խորագրի վերջին նյութերը