Քաղաքական

18.07.2009 16:37


Կիրո Մանոյան. «Բակո Սահակյանը հստակ բարձրաձայնեց, որ ԼՂՀ–ն պետք է մասնակցի բանակցություններին»

Կիրո Մանոյան. «Բակո Սահակյանը հստակ բարձրաձայնեց, որ ԼՂՀ–ն պետք է մասնակցի բանակցություններին»

-Քի Ուեսթից հետո, երբ Իլհամ Ալիևն ինքը սկսեց բանակցել Ռոբերտ Քոչորյանի հետ, այդ ժամանակ պետք է պնդեինք, որ ԼՂՀ-ն պետք է մասնակցի բանակցություներին,- «Հատկապես ո՞ր սխալից հետո և ո՞ր նախագահի ժամանակ Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից» հարցին պատասխանել է Կիրո Մանոյանը։

Նա նաև նշել է, որ չի կարծում, որ մինչև տարեվերջ ԼՂՀ-ն կմասնակցի բանակցություններին, ինչը սակայն չի նշանակում, որ այդ հարցը անընդհատ չպետք է բարձրացվի։

Նա համաձայնել է, որ բանակցությունների ժամանակ, հատկապես՝ զինադադարից հետո, հատկապես՝ տարածքների մասին, Լեռնային Ղարաբաղն իր տեսակետն այնքան էլ հստակ չի արտահայտել։ Միայն վերջերս է, որ նախագահ Բակո Սահակյանը Լաչինում հայտարարել է, որ այն ազատագրված տարածք չէ, այլ Արցախն է.

-Կարծում եմ, Բակո Սահակյանը հստակ բարձրաձայնեց, որ ԼՂՀ-ն պետք է մասնակցի բանակցություններին։ Եվ դրա հետևանքով էր, որ ՀՀ արտգործնախարարը բանակցություններին մեկնելուց անմիջապես առաջ գնաց Ստեփանակերտ, այլ ոչ թե Բակո Սահակյանին հրավիրեց Երևան։

Նրա կարծիքով, սակայն, պետք է հաշվի առնել, որ Ղարաբաղի համար ընդհանրապես վատ կլինի, եթե Ստեփանակերտի և Երևանի միջև շատ սուր հակասություն դրսևորվի։

-Մենք այդ փորձն ունեցել ենք, երբ ԼՂՀ-ում իշխանությունը մենք էինք, իսկ Հայաստանում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ ՀՀՇ-ն։ Եթե դրսևորում չկա, չի նշանակում, որ տարբեր տեսակետներ չկան։ Կարծում եմ, վերջին դրսևորումները բավարար հիմք են՝ համոզվելու, որ այս անգամ ԼՂՀ-ն ավելի ամուր կկանգնի այդ դիրքերում,- ասել է նա։

Ինչ վերաբերում է հոկտեմբերին Սերժ Սարգսյանի Թուրքիա այցին, Կիրո Մանոյանի կարծիքով՝ գործընթացի այս ընթացքով նախագահն այցելելու պատճառ չի ունենա.

-Եթե նա իր ասածի տերն է լինելու, որ ինքը որպես տուրիստ չի գնա և կգնա, եթե սահմանները բաց լինեն կամ բացման նախօրեին, դա նշանակում է, որ առնվազն դիվանագիտական հարաբերությունները հաստատող պայմանագիրը ստորագրված պետք է լինի։ Եթե այդ պայամանագիրը մինչև հոկտեմբեր չի ստորագրվի, կարծում եմ, նախագահն իսկապես գնալու հիմք չի ունենա։

7or.am

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը