Մեկնաբանություն

31.07.2013 17:34


Կարմիր դիպլոմով գրուզչիկների ռեսուրս էլ չի մնա

Կարմիր դիպլոմով գրուզչիկների ռեսուրս էլ չի մնա

Իրոք, աղքատության մեծ տոկոս արձանագրած երկրում ինչպե՞ս է հնարավոր մի փեշ փող հատկացնել բարձրագույն կրթությանը:

Օգոստոսի 12-ին` ժամը 11:00-ին, ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն է տեղի ունենալու բուհերի ուսման վարձերը 80.000-200. 000 դրամ թանկացնելու դեմ։
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանն արդարացնելով ուսման վարձերի թանկացումը՝ պնդել էր, թե դա ինքնանպատակ չէ:
–Վերջին երեք տարիներին ամեն ինչ թանկացել է, բացի ուսման վարձից: Կրթությունն ունի իր գինը,–ասել էր նա՝ ընդգծելով, որ դասախոսների ցածր աշխատավարձը պայմանավորված է ուսման վարձի չափով:

Անշուշտ, ողջունելի է բողոքի գործողությունների ձեռնարկը: Որքան կարելի է կուլ տալ իշխանության կողմից մեր երեսին հասցրած հերթական շռնդալից ապտակը:

Մենք ասո՞ւ ենք, թե՞ անասուն:

Ինչի մասին է բարբառում Աշոտյանը: Կրթությունը ունի իր գինը: Փաստորեն, այս երկրում բացի քաղաքացիներից, ամեն ինչ գին ունի: Քաղաքացիների արժեքը զրո է իշխանության համար: Եթե նվազագույն աշխատավարձը բարձրացվում է ընդամենը 10 հազար դրամով, այդ ոնց է որոշվել, որ ուսման վարձավճարները պետք է բարձրացվեն մինչեւ 200 հազար: Ինչի՞ համար: Նրա, որ Աշոտյանը ավելի երկար մնա ՖԲ-ում ու իրեն շատ ավելի հարմարավե՞տ զգա վիրտուալ տարածքում: Եվ այս տարածքը լքի միայն ընդունելության քննություններից ընդունելության քննություններ ընկած կարճ ժամանակահատվածո՞ւմ: Որ հասցնի լրացուցիչ ցուցակների խայտառակ «օպերացիա՞ն» իրականացնել:

Չէ, ախպեր ջան, նախ հոդաբաշխ լեզվով բացատրիր՝ դու որքանով ես կարողացել անցած տարիներին կրթության որակը բարձրացնել: Որքան գիտենք ԲՈՒՀ-ում կրթական բովանդակությունը փոփոխություն չի կրել: Ինչպես նախկինում կար, այնպես էլ մնացել է:

Ուրեմն, ի՞նչ հիմքով է եղած վարձավճարների վրա 200 հազար «խփվում»:

Ախր, քո կուսակցությունն ու քո նախագահը բոլոր նախընտրական շրջաններում խոստանում են «որակյալ ու մատչելի կրթություն»: Բա ինչ եղան այս խոստումները: Թա՞րս բուսնեցին:

Ի դեպ, գործող իշխանությանը երբեք էլ կրթության որակը չի հետաքրքրել: Եթե հետաքրքրեր, մտահոգված լիներ այդ խնդրով, ապա Սերժ Սարգսյանը գոնե մի անգամ այդ հարցը կդարձներ ազգային անվտանգության խորհրդի օրակարգային հարց: Չի եղել նման բան: Իսկ կրթությունը միայն ծնողների առանց այն էլ դատարկ քսակները թափ տալ չէ: Ասված է՝ եթե որակյալ եւ մատչելի կրթության հնարավորությունից զրկում ես քո հասարակությանը, ապա ստիպված ես լինելու կերակրել ուրիշի բանակը:

Ամենծիծաղելին այն է, որ իմանալով նախատեսված բողոքի գործողությունների մասին՝ ԿԳ նախարարությունը վռազ մեղքը գցեց ԲՈՒՀ-երի ղեկավարության վրա՝ հայտարարելով, թե գիտական խորհուրդներն են որոշում վարձավճարների չափը:

Եթե նախարարը նախապես հայտարարում է ուսման վարձավճարների ավելացման անհրաժեշտության մասին, ապա անհեթեթություն է պնդել, թե թանկացումը վերապահված է բացառապես ԲՈՒՀ-ական խորհուրդներին:

Իսկ հետաքրքիր է, երբ ընտրություններին բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավար անձնակազմերն իրենց բոլոր տեսակի խորհուրդներով լծվում են իշխանության օգտին քարոզչություն իրականացնելու գործին, այդ ժամանակ է՞լ են նրանք ինքնուրույն որոշում կայացնում:

Էս ինչ հեքիաթներ եք պատմում:

Եվ վերջում. ՀՀԿ-ական պատգամավորը պնդում էր, որ ինքը կարմիր դիպլոմով գրուզչիկ է աշխատել:

Հիմա մինչեւ «վարդապետի խազը» բարձրացնելով ուսման վարձավճարները, նույն իշխանությունը ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում: Մատաղ սերնդին նետել անկրթության գիրկը եւ թողնել միայն գրուզչիկությո՞ւնը:

Բայց, ախր, դատարկվող երկրի պարագայում շուտով անդիպլոմ գրուզչիկների ռեսուրս էլ չի մնա:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը