Կարծիք

15.07.2009 14:51


Թղթե շերեփի վերադարձը

Թղթե շերեփի վերադարձը

Մադրիդյան կանխատեսելի, նորացված և արդեն քողազերծված սկզբունքները, բնականաբար, ո՛չ հայ, և ո՛չ էլ ադրբեջանական հասարակությունները միանշանակ չեն կարող ընդունել: Դա, իրոք, այն է, ինչի մասին ակնարկում էին և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Ալիև կրտսերը, և՛, հատկապես, Մինսկի խմբի համանախագահները: Դա այն միջանկյալն է, որից հակամարտող կողմերը պետք է դժգոհ լինեն, բայց «ստիպված» լինեն ընդունել: Հայերը պետք է կիսով չափ բավարարվեն Ղարաբաղով՝ վրադիր Լաչինը, ադրբեջանցիները՝ տարածքների կիսով չափ վերադարձով՝ առանց Ղարաբաղի, գուցեև՝ Լաչինի, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան էլ, երկուսին էլ դժգոհ թողնելով՝ գոհանան իրենց կամքով, որևէ առավելություն որևէ մեկին չընձեռելու իրողությամբ և սեփական «խաղաղարարներին» տարածաշրջան գերծուղելու հեռանկարով:

Այստեղ, անկասկած, պետք է հաշվի առնել ուժերի իրական հարաբերակցությունը. մե՛կ բան է հայտարարելը, մե՛կ բան է, իրոք, ստիպելը՝ գնալու այդ ճանապարհով, մեկ այլ բան է՝ համոզված գնալը կամ չգնալը այդ ճանապարհով: Հայտարարված սկզբունքների մեջ ամենավտանգավոր թեզը, թերևս, Ղարաբաղի և Լաչինի կարգավիճակն ապագային թողնելու հարցն է: Իսկ եթե, իրերի դրությունը փոխվելուց հետո, այդ սպասվող հանրաքվեն հարցականի տակ դրվի՞ կամ ադրբեջանցիների այնպիսի հոսք սկսվի Արցախ, որ դրությունն այնտեղ ապակայունանա՞, և Ադրբեջանը նոր պատերազմ սանձազերծի՞: Ի՞նչ պետք է անենք. նորի՞ց սկսենք սկզբից՝ անվտանգության գոտի ստեղծելով, թե՞  առնենք թղթի շերեփն ու ընկնենք դռնեդուռ:

Եթե Հայաստանը համաձայնի Արցախի կարգավիճակը ապագա հանրաքվեով որոշելու առաջարկին, ապա ստացվում է, որ 18 տարվա ԼՂՀ անկախությունը ոչ լեգիտիմ էր, և մենք ուղղակի զբաղված էինք ինքնախաբեությամբ և աշխարհին խաբելով, իսկ հիմա, երբ ադրբեջանցիները վերադառնան Արցախի շրջակա շրջաններ ու բուն Արցախ, մենք ավելի վստահ ենք զգալու՝ կերտելով Արցախի լեգիտիմ անկախության նոր կռվանը: Սա նոր պատերազմ է, այլ ոչ թե երաշխավորված խաղաղություն:

Հասկանալի է, որ ինչ-որ բան պետք է զիջել Արցախի անկախության միջազգային ճանաչման համար: Բայց արդյոք մենք հիմա չե՞նք զիջում հենց այդ անկախությու՛նը: Իսկ կարո՞ղ ենք, արդյոք, մտածել, որ սպասվող հանրաքվեի հարցերից մեկն էլ Հայաստանի հետ միավորման հարցադրումը կարող է լինել: Եվ արդյոք Լաչինը տրվելու է Արցախին կամ Հայաստանի՞ն, կամ արդյոք ադրբեջանցիները պե՞տք է վերադառնան նաև Լաչին, և հայերը այնտեղից պե՞տք է հեռանան իրենց նախկին բնակավայրերը: Սրանք խնդիրներ են, որոնք առաջադրում են Մադրիդյան նորացված սկզբունքները: Մի բան ակնհայտ է. այդ սկզբունքներն ընդունելուց հետո մի քանի տարի էլ պետք է դրանց կոնկրետացման համար: Բնականաբար, հետո էլ կարող է, ավելի ուժգին ճնշումների տակ, Արցախի կարգավիճակի հարցը հետաձգվել ավելի անորոշ մի ժամանակ «կարգավորվելու», արդեն՝ ադրբեջանական և «խաղաղապահների» իրական սպառնալիքի պայմաններում: Արդյոք հայությունը պատրա՞ստ է այդ սպառնալիքների դեպքում կրկին վերանվաճելու այսօրվա ռազմավարական դիրքերը: Բնականաբար, այդպիսի երաշխիքներ մեզ ոչ ոք տալ չի կարող: Իսկ եթե վաղը նույն Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև տարձայնությունները սրվեն, ո՞վ պետք է երաշխավորի Արցախյան հանրաքվեն խաղաղ, առանց թուրքադրբեջանական սպառնալիքի անցկացնելը: Ի՞նչ է, մենք պետք է ա՛յդ ժամանակ հայտարարենք, որ հրաժարվում ենք Մադրիդյան սկզբունքներից՝ արդեն զիջած հողերով ու դիրքերով:  Եվ այդպես միամի՞տ ենք ուզում կառուցել մեր ապագա Մեծ Հայաստանը:

Սա մշուշոտ ապագա է՝ երաշխավորված վտանգներով ու նոր արյամբ: Եթե նույնիսկ պետք է գնալ փոխզիջման ճանապարհով, պետք է այդ անել ԼՂՀ-ն միաժամանակ ճանաչմամբ ապահովելու միջոցով, այլապես փոխզիջումը դառնում է զիջում: Ղարաբաղի և Լաչինի կարգավիճակն ապագայում որոշելու առաջարկի ընդունումը զուրկ է որևէ տրամաբանությունից: Չպետք է կարծել, թե մի օր Ռուսաստանում հեղափոխություն չի լինի, կամ Թուրքիան պատրաստ չէ արշավելու Անդրկովկաս, իսկ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն էլ չեն զոհի Հայաստանը: Կամ թե միջազգային «խաղաղարարները» չեն վերածվի Արցախը, նաև՝ Հայաստանի փխրուն անկախությունը վտանգող նոր ռազմուժի: Միջազգային ուժերն այսօր էլ զոհում են Հայաստանի շահը՝ «Nabucco» գազատարը անցկացնելով նրա հարևան տարածքներով: Հասկանալի է, որ Մադրիդյան հրապարակված նոր սկզբունքներից կարելի է ենթադրել, որ մենք գնում ենք Ղարաբաղի միջազգային ճանաչման ճանապարհով, բայց եթե այդ ճանապարհն Ադրբեջանին արված զիջումների հետ համաժամանակյա չէ, վաղը կարող է թեքվել այլ ուղղությամբ:

Հայաստանն այսօր առնվազն պետք է հայտարարի, որ իր համար Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումը և Հայաստանի հետ ոչ թե նեղ միջանցքով, այլ ռազմաստրատեգիական առումով ապահով տարածքով կապը գերխնդիր է և ենթակա չէ քննարկման ապագայում։ Եվ եթե միջնորդներն ուզում են, որ Ադրբեջանին հանձնվեն ինչ-որ տարածքներ, որոնք ապագայում չեն կարող վտանգել Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունը, պետք է առաջինը ճանաչեն Արցախի անկախությունը: Այնուհետև այդ պետք է անի Ադրբեջանը, որից հետո միայն վերջինիս փոխանցման ենթակա տարածքների հետ կապված պայմանավորվածություններն ի կատար ածվեն՝ ըստ փաթեթային լուծման ապագա պայմանագրով սահմանված պայմանների և ժամանակացույցի: Ընդ որում, նշյալ տարածքները պետք է երկար ժամանակ լինեն ապառազմականացված: Չպետք է մոռանալ, որ ադրբեջանական հսկողության տարածքներից գնդակոծվել են ոչ միայն Արցախի բնակավայրերը, այլև Հայաստանի գյուղերն ու քաղաքները: Եվ չպետք է խաբվել սին խոստումներով, թե միջազգային հանրությունը կերաշխավորի մեր անվտանգությունը, եթե վաղը չէ մյուս օրը, ասենք, Իշխանասարի բարձունքներից Սիսիանն ու Գորիսը ենթարկվեն ադրբեջանական հրանոթների ռմբակոծությանը:

Պետք է համոզված լինել, որ այս տրամաբանությամբ կարգավորվող հակամարտությունը հայությանը ներքաշում է մի նոր վտանգավոր խաղի մեջ, որտեղից հաղթանակած դուրս գալու որևէ իրական երաշխիք չկա: Հուսով եմ, որ ադրբեջանական ժողովուրդն էլ չի ուզում նոր սպանդ և կիսատ-պռատ խաղաղություն: Սա նոր ական է Անդրկովկասում, որը կպայթի մի ինչ-որ 88-ի և կերաշխավորի նոր պատերազմ և նոր միջամտություն Անդրկովկասի գործերին:  Սա նաև լավ պատրվակ է՝ իրանական պատերազմի դեպքում Կովկասյան «խաղաղապահների» միջոցով հյուսիսային ճակատ բացելու համար: Իսկ Թուրքիան արդեն շտապել է իր համերաշխությունը հայտնել այս հեռանկարիներին՝ հասկանալով, որ ժամանակն իր և Ադրբեջանի օգտին է աշխատելու: Ստանալով ռազմաստրատեգիական անուրանալի առավելություն և անորոշ պահելով Արցախի կարգավիճակի խնդիրը, այն մի օր, իհարկե, կարող է առավել նպաստավոր լուծվել Ադրբեջանի և Թուրքիայի օգտին: Նրանք իրենց մկաններն ուժեղացնելու բոլոր շանսերն ունեն, իսկ Հայաստանին միշտ էլ կարող են խեղդել շրջափակմամբ և այլ կարգի սպառնալիքներով: Հայության շանսը հաղթաթղթերը հաղթանակի վերածելն է, ապագայում դրանք կարող են թուղթ էլ մնալ:

Մեկ այլ տարբերակ է կիսապատերազմական «ստատուս քվոն» պահպանելը, որը, միանշանակ, ձառնտու է ներկայացված կիսախաղաղությունից, թեկուզ հայ-թուրքական սահմանը երբեք չբացվի և Հայաստանը երբեք չօգտագործի Ադրբեջանի տրանզիտային հնարավորությունները:

Այսօր հայ հասարակությունն ընտրության երկու դժվարին ճանապարհ ունի. կա՛մ անվերապահորեն պետք է աջակցի Ս. Սարգսյանին և Է. Նալբանդյանին, որպեսզի բանակցությունների սեղանի շուրջը նախագահն ու արտգործնախարարն ավելի վստահ զգան իրենց և չանեն չերաշխավորված զիջումներ, կա՛մ անվերապահորեն հանդես գա նրանց դեմ՝ թույլ չտալու  բանակցությունները շարունակել այդ չերաշխավորված տրամաբանությամբ: Բայց համաձայնել Արցախի միջանկյալ, Լաչինի՝ անորոշ կարգավիճակին և, այդքանով հանդերձ, վերադարձնել ազատագրված բոլոր տարածքները, նշանակում է սեփական ձեռքերով վերջ դնել Ղարաբաղի անկախությանը և Հայաստանի անկախությունն էլ դնել կանխորոշված վտանգի տակ:

Արտակ Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը