Մեկնաբանություն

17.06.2013 14:00


Մեր ինտելիգենցիայի գլխավոր մեղքերից մեկը նրա ապոլիտիցիզմն է

Մեր ինտելիգենցիայի գլխավոր մեղքերից մեկը նրա ապոլիտիցիզմն է

21 տարի հետեւելով երկրում գործող 7 ստեղծագործական միությունների գործունեությանը, որտեղ հավաքված է մտավորականության գերակշիռ մասը, նորից ու նորից համոզվում ես, թե որքան սնամեջ են այս կառույցները: Սնամեջ, անդեմ, քաղաքացիական դիրքորոշումից զուրկ, ծառայամիտ, ստրկամիտ, հասարակության տագնապներին՝ անհաղորդ, իշխանության «շունչը զգացող» եւ դրանով առաջնորդվող այս կազմակերպություններից երբեւէ ոչ ոք ոչինչ չի ակնկալել:

Եվ ամենասարսափելին այն է, որ այս կեցվածքը, որ որդեգրել են այդ կառույցները, անչափ դուր է գալիս հենց իրենց՝ այդ միությունների ղեկավար մարմիններին ու հազարավոր շարքային անդամներին:

Թվում է, թե հերթական արգահատելի, զազրելի երեւույթը, որին բախվում է երկիրը, ժողովուրդը, դրան առաջին արձագանքողը պետք է լինեն այս միությունները, քանզի մտավորականը, արվեստագետը ինքնին ընդվզող տեսակ է:

Մինչդեռ այս կողմերից «ոչ հռոց, ոչ բռոց», ոչինչ չի լսվում: Խլուրդի նման իրենց բներում շարունակում են «ստեղծագործել»:

Ասես՝ կապ չունեն ոչ երկրի, եւ ոչ էլ ժողովրդի հետ, մի տեսակ այլմոլորակային համքարություններ են, որոնցից պետք չէ ինչ-որ բան սպասել:

Մինչդեռ թվում էր, որ այդ «հնոցներում» պետք է թրծվեր «ազգային իդեալը», այդ կողմերից պետք է տարածվեին գաղափարները, որոնցով հնարավոր կդառնար կերտել ու կառուցանել «Հոգեւոր Հայաստանը»:

Սակայն պարզվում է՝ այսպես մտածելով ինչ-որ շատ մեծ բեռ ենք դնում նրանց հաճկատար ուսերին: Ախր, այս միությունների վերնախավի անդամների հայացքը մշտապես ուղղված է պալատի կողմը, եւ այնտեղից են սպասում սեփական գործունեությունը «կանոնակարգող» հրահանգների:

Ըստ այդ «կանոնակարգի» էլ գործում են: Համաձայն որի, նախընտրական ու հետընտրական փուլերում անկանոն շարժումներ անել չի կարելի, ասենք՝ որեւէ ակնարկով չպետք է անդրադառնալ կեղծված ընտրությունների թեմային, չպետք է որեւէ հարցում քննադատել իշխանություններին, ինչն էլ սրբորեն կատարում են նշված միությունները:

Այս տարիների ընթացքում հանրության միտքն ու հոգին ալեկոծած հազարումի դեպքեր ու հանցագործություններ են կատարվել: Մտահոգված ու անհանգստացած մարդիկ շաբաթներով ու ամիսներով քննարկել են տեղի ունեցած հերթական անբարո կամ արյունալի արարքը, ինչով վերստին ապացուցվում է, որ երկրում արմատավորված անպատժելության եւ ամենաթողության մթնոլորտը գնալով ոչ թե մեղմվում է, այլ ավելի է թանձրանում:

Հիշո՞ւմ եք մի դեպք, երբ այս միություններում հավաքված ու քննարկած լինեն այդ խնդիրը եւ կամ՝ հանդես գան դատապարտող հայտարությամբ: Չի՛ եղել նման դեպք: Չեն հանդգնել, քանզի վերին հրահանգով դա արգելված է:

Սրանց մտահոգում է երկու խնդիր: Առաջին՝ տարվա մեջ մի քանի անգամ բաժանվող մեդալ-կոչում-պարգեւների խմբաքանակից ի՞նչ բաժին է հասնելու իրենց: Եվ երկրորդ՝ ամենամյա փառատոններ ու համաժողովներ կազմակերպելու համար բարձրաստիճան իշխանավորներից և իշխանական գործարարներից հերթական անգամ որքան գումար կկարողանան պոկել: Հատկապես հաճույքից ուշաթափվում են, երբ իրենց փուչ միջոցառումները անցկացնում են նախագահի եւ առաջին տիկնոջ «բարձր հովանու ներքո»:

Դե հիմա ինչ կարեւոր է, որ այդ ձեւական միջոցառումները զրոյական նշանակություն ունեն, քանի որ երկրի հոգեւոր-մշակութային դաշտը շարունակում է մնալ որպես «անջրդի ցանքատարածություն»:

Արդեն երկու տասնամյակ այս երկու հարցն էլ հաջողությամբ լուծում են եւ կուշտ ու բավարարված, պալատի շվաքի տակ շարունակում են գոյություն քարշ տալ:

Ի՛նչ ժողովուրդ, ի՛նչ ազգ, ի՛նչ պետություն… այս ամենը կղերական ինտելիգենցիայի համար, ինչպես ասում են՝ «ֆընդխ» բաներ են:

Այսօր կուշտ են, պաշտոնները պահում են, իշխանությունն էլ լռելու, քծնելու, կրավորական կեցվածքի համար իրենց 5 ու խաչ է նշանակում, ուրեմն՝ վերջ:

Թե չէ՝ զահլա կա անցավ գլուխները դնեն ցավի տակ:

«Բարձր հովանու ներքո» ապրում են, էլի…

Իսկ Վահան Տերյանը դեռ անցյալ դարասկզբին է մատնանշել մեր ինտելիգենցիայի գլխավոր մեղքերից մեկը: Այնինչ պարզվում է՝ դա մեղք չէ: Պարզապես սրանց դուր է գալիս գաղջ կենսակերպը, որում ապրում են տասնամյակներ շարունակ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը