Լրահոս

30.05.2013 12:22


Էդիկ Բաղդասարյան. «Իդեալական տարբերակը վարչապետի հրաժարականն է»

Էդիկ Բաղդասարյան. «Իդեալական տարբերակը վարչապետի հրաժարականն է»

Հարցազրույց «Հետք» էլէկտրոնային օրաթերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հետ

–«Հետք»–ում հրապարկել եք, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը ունեզրկել են գործարար Փայլակ Հայրապետյանին: Նման լուրջ պնդում անելու համար ի՞նչ փաստաթղթեր ունեք։

Մենք բոլոր փաստաթղթերն ունենք։ Մենք առանց փաստաթղթի հոդված չենք կարող գրել։ Ունենք հենց Տիգրան Սարգսյանի անունով պետռեգիստրի գրանցման տվյալները։ Մեր կայքում էլ հրապարակված է այդ փաստաթուղթը։

–Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարութ Բերբերյանի հերքումը, թե դա հերյուրանք է, իսկ ձեր ներկայացրած փաստաթուղթն էլ՝ կեղծիք։

–Կարծում եմ՝ կառավարությունը ոչինչ չի հերքել։ Վարչապետի մամուլի խոսնակն ասում է, որ կեղծիք է, բայց չգիտեմ՝ ի՞նչը նկատի ունի, որ կեղծիք է։ Փաստաթուղթն ունենք՝ կտրոններով, պետռեգիստրի գրանցմամբ, ինձ պատասխան մեյլով։ Չգիտեմ՝ իրենք ինչ են նկատի ունեցել, երբ ասում են՝ կեղծիք է։ Մեր փաստաթղթերում ոչ մի կեղծիք չկա։

–Տիգրան Սարգսյանի մամուլի խոսնակը նշել էր նաև՝ կեղծիքը առանձնապես հաջողված չէ, քանի որ վարչապետի գրանցման հասցեն սխալ է գրված:

Մե՛նք հասցեն չենք գրել։ Դա գրված է պետռեգիստրի՛ տվյալով՝ բնակարանի հասցեն 114 է, այնտեղ 119–ն է գրված։ Բայց դա ինձ չի հետաքրքրում։ Դա արդեն իրենք թող պարզեն, թե գրանցելիս ինչու է բնակարանի համարը սխալ գրվել։

–Մամուլի խոսնակի պատասխան գրության մեջ ասվում է նաև՝ Ձեր կողմից ներկայացված այսպես կոչված փաստաթուղթը կեղծիք է, ինչի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է դիմել դատախազություն՝ դրան իրավական գնահատական տալու և մեղավորներին պատժելու նպատակով: Ըստ Ձեզ՝ որո՞նք կլինեն դատախազության գործողությունները։

–Մինչև դատախազություն իրենց դիմելը, մեր հրապարակումա՛մբ արդեն դատախազությունը պետք է զբաղվի։ Աբսուրդ է, որ իրենք դիմել են, որովհետև կարծում եմ՝ դատախազությունը միանգամից պետք է դրանով հետարքրվեր՝ առանց դիմելու։

–Բայց մինչև հիմա դատախազությունից ձեր հրապարակման հետ կապված որևէ արձագանք չկա՞։

–Ո՛չ, դեռ արձագանք չկա։ Մենք երեկ արդեն գրել ենք, որ հուսով ենք՝ դատախազությունը մեր հրապարակումը կընդունի որպես հաղորդում հանցագործության մասին: Ընդ որում հաշվի առեք, որ մենք դեռ չենք վերջացրել այդ հոդվածի հրապարակումը։ Դեռ միայն առաջին հոդվածն է եղել։

–Այսինքն՝ այս գործարքի մասին լրացուցիչ փաստե՞ր ունեք։

–Այո՛, իհարկե։

–Դատախազությունից ի՞նչ ակնկալիքներ ունեք։ Ընթացք կտա՞ այս գործին։

–Չգիտեմ, իրենցից պետք է հարցնեք։ Ես ակնկալիքներ առանձնապես չունեմ։ Ընդհանրապես, դատախազությունը Փայլակ Հայրապետյանի դիմումով ինչ–որ նյութեր էր նախապատրաստում։ Հիմա չգիտեմ, գուցե այդ նույթերի՞ն միացնեն։ Այսինքն՝ դատախազությունում արդեն քննություն գնում էր, բայց չգիտեմ՝ ի՞նչ փուլում էր։

–Գուցե գործը կոտրեն ձե՞զ վրա։

Մենք ի՞նչ ենք արել, բացի նրանից, որ փաստեր ենք հրապարակել։ Մենք որևէ սահման չենք անցել։ Իրենց առաջին ռեակցիան չգիտեմ ինչու էր էդպես։ Իրենց տեքստից էլ իրականում չես հասկանում՝ ինչ նկատի ունեն, ինչն է կեղծիքը։ Ի վերջո կա ընկերություն, ընկերության հաշվին Հայաստանից փողեր են փոխանցվել, հետ են փոխանցվել, այդ ընկերության հիմնադիրներից մեկը Աշոտ Սուքիասյանն է, ով չի ասում, որ չկա այդպիսի ընկերություն։ Օդի մեջ ընկերություն չէ, այդ ընկերության հետ կապված բազմաթիվ գործարքներ կան։

–Իսկ ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում, որ երկրի վարչապետն այդպիսի գործարքների մեջ է մտնում։

–Լավագույն, իդեալական տարբերակը այն է, որ վարչապետը հրաժարական տա։ Բայց դա պահանջողը ես չեմ։ Մենք ընդամենը լրատվամիջոց ենք, որ հրապարակում ենք փաստեր։

–Կարծում եք, որ այդ փաստերը վարչապետի հրաժարականը պահանջելու բավարար հի՞մք են։

–Այո՛, իհարկե։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը