Լրահոս

25.05.2013 08:29


Համանախագահները վերստին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Համանախագահները վերստին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Երեկ` մայիսի 24-ին հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եզրափակեցին մայիսի 23-ին մեկնարկած իրենց տարածաշրջանային այցը:

Հանդիպման օրակարգում է եղել ԼՂ հարցը. կողմերը անդրդարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջը բանակցությունների ներկա վիճակին և հեռանկարներին առնչվող հարցերին: Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Համանախագահների տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Համանախագահները մայիսի 23-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մայիսի 24-ին Երևանում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջը վերջին զարգացումները, վերահաստատել են խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու իրենց հանձնառությունը, կարծիքներ են փոխանակել մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպում անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ:

Համանախագահները հակամարտության կողմերին նորից կոչ են արել խուսափել այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կվնասեն բանակցային գործընթացին կամ կսրեն լարվածությունը: Համանախագահներն առաջիկա շաբաթներին վերստին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որպեսզի ուսումնասիրեն և քննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ երկու կողմերի համար ընդունելի մոտեցումները»։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Լեհաստանի Կրակով քաղաքում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին մասնակցում էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Բանակցությունների ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեղեկացրել էին մինչև մայիսի վերջը տարածաշրջանային այց կատարելու իրենց մտադրության մասին:

Կրակովյան բանակցություններից հետո համանախագահների տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Յան Քելին (ԱՄՆ) մայիսի 17-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրչիկը:

Համանախագահներն ու արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը խթանելու հնարավոր ուղիները: Արտգործնախարարները մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի այժմյան վիճակի վերաբերյալ և վերահաստատել տարածաշրջանում խաղաղությունն ամրապնդելու իրենց հանձնառությունը: Նախարարների հետ հանդիպման ժամանակ համանախագահները հայտարարել են, որ անհրաժեշտ է զերծ մնալ այնպիսի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են սրել լարվածությունը կամ վնասել խնդրի կարգավորման խաղաղ գործընթացը: Համանախագահները նախարարների հետ քննարկել են կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք պետք է օգնեն հաշտեցման համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը»:

Այս խորագրի վերջին նյութերը