Մեկնաբանություն

06.07.2009 14:52


Ժողովրդական դիվանագիտության լույսն ու ստվերը

Ժողովրդական դիվանագիտության լույսն ու ստվերը

Ժողովրդական դիվանագիտությունը՝ երկրների միջև հարաբերությունների մի ձև է, որ կոչված է առավել մերձեցնելու երկու ժողովուրդներին։ Ավելի հաճախ ժողովրդական դիվանագիտությամբ ճանապարհ է հարթվում առաջին հայացքից անլուծելի խնդիրների լուծման համար, սակայն մի «բայց» կա. կողմերը պետք է ընդհանուր հայտարարի գալու բնական ցանկություն ունենան։

Հայ-ադրբեջանական հարաբերություններում ժողովրդական դիվանագիտությունը դիպվածաբար եղել է ղարաբաղյան հակամարտության առաջին ամիսներից։ Հետագայում տարբեր փորձեր են եղել՝ զարգացնելու համար ժողովուրդների միջև երկխոսությունը։

Նկատենք, որ պատերազմի տարիներին էլ (երբ Վիոլետա Գևորգյանն ու Աշոտ Բլեյանը Բաքու գնացին ու դարձան ժողովրդական դիվանագիտության հայկական «առաջին ծիծեռնակները»), հիմա էլ ժողովրդական կոչված դիվանագիտությունն այնքան էլ ժողովրդական չէ (չէր)։ Իշխանության «ականջները» երկու դեպքում էլ երևում են։ Պարզապես այն ժամանակվա ու հիմիկվա տարբերությունն այն է, որ մի դեպքում իշխանության առաջին դեմքը բացահայտ չէր խառնված ժողովրդական դիվանագիտություն կազմակերպելու գործում, իսկ հիմա՝ ամեն ինչ բացահայտ է։

Հավատացած եմ, որ ադրբեջանցիներն էլ, հայերի պես, հոգնել են անընդհատ լարվածությունից, սահմանների փակվածությունից, սահմանային փոխհրաձգություններից, որոնք անընդհատ մարդկային զոհեր են բերում... Հենց նման իրավիճակներում է, որ ժողովրդական դիվանագիտությունը «երեսի զոռով» պիտի Ճանապարհ բացի նախագահների բանակցությունների համար։ Սակայն անբացատրելի մի տարօրինակություն է նշմարվում, որ հասարակ քաղաքացու համար գրեթե անտեսանելի է։ Հայ-ադրբեջանական ժաղովրդական դիվանագիտությունը նման է զինվորականների զբոսանքի, երբ փաստացի ծառայողական պարտականություն չես կատարում, բայց շարքից դուրս գալու իրավունք էլ չունես, իսկ ականջիդ անընդհատ «ձախ, աջ, ձախ» են բզզում։ Եթե սա իրոք ինքնաբուխ ժողովրդական դիվանագիտություն է, ի՞նչ կապ ունեն դրա հետ երկրների նախագահները։ Ռուսաստանում դեսպանները նախաձեռնեցին փոխայցելություն, որ սկսվեց ու ավարտվեց նախագահների հետ հանդիպումով։ Կարծում եմ, որ պատվիրակությունների կազմում չկան այնպիսիք, ովքեր պատվով չեն կրի իրենց ժողովրդի ներկայացուցչի անունը, և նրանցից յուրաքանչյուրն էլ կարող է իր համեստ ներդրումն ունենալ երկկողմ հասարակական տրամադրությունների ձևավորման գործում։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ու արտգործնախարարները կրեմլներում ու մարինյիներում այնպիսի լայն ժպիտներով են ողողում մամուլի էջերն ու պաշտոնական չոր ու ցամաք հաղորդագրությունները, որ կասես, թե հակամարտությունը ընթրիքի ճաշացուցակի վերաբերյալ է։ Նրանք հասարակությունների ներկայացուցիչներին ի՞նչ պիտի ասեն, որ այդ հասարակությունները չգիտեն, ի՞նչ գաղտնիքներ պիտի բացահայտեին պատվիրակությունների անդամները, որոնք կարող են բանալի դառնալ բանակցությունների լաբիրինթոսի հերթական փակ դուռը բացելու համար։ Համոզված կարող եմ ասել՝ ո՛չ մի։ Ո՛չ մի, քանի որ հենց իրենք՝ երկրների ղեկավարներն այս իրավիճակում դեռ շատ «ձուկ ունեն բռնելու»։ Քանի դեռ կա ղարաբաղյան չլուծված հակամարտությունը, բոլոր ներքաղաքական մանիպուլյացիաները կարելի է «դուրս գրել» այդ հասցեով, ցանկացած մեկին կարելի է մեղադրել «ապազգային» գործունեության մեջ (օրինակ՝ Զարուհի Փոստանջյանին), անգրագետ տնտեսական քաղաքականության ցանկացած ձախողում կարելի է պատճառաբանել «փաստացի պատերազմական» իրավիճակով ու շրջափակմամբ, ոռճացնել ռազմական  բյուջեները և այլն։

Բայց «վարչահրամայական» ժողովրդական դիվանագիտությունն էլ պետք է գրագետ կազմակերպվի՝ առանց վիրավորելու կողմերի ինքնասիրությունը։ Լինելով լրագրող՝ ես կարող եմ շատ բան չիմանալ դիվանագիտական «պրոտոկոլից», սակայն, իմ կարծիքով, սխալ է մեկ օրվա մեջ պատվիրակությունները պտտել երեք մայրաքաղաքներով, որպեսզի վերջակետը Ադրբեջանի նախագահը դնի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հանրահայտ բայաթիով։ Այդ դեպքում պետք է մեր և ԼՂՀ նախագահներին էլ ասվեր, որ խոսեին, գոնե ակնարկեին ազգերի ինքնորոշման սկզբունքի, Նախիջևանի, Գանձակի և Շահումյանի բռնի հայաթափության մասին, հայկական մշակույթի հուշարձանների բարբարոսական ոչնչացման և էլի բազմաթիվ բաների մասին։ Իսկ գուցե սա հենց այն էր, ինչ պե՞տք է իմանային մեր հասարակությունները...

Մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունում բանիմաց մարդիկ են, և դժվար թե չիմանան, որ դիվանագիտության մեջ պատահական խոսքեր կամ մտքեր չեն լինում։ Բայց մեղադրելու չէ, չէ՞ որ արտգործնախարարությունը միայն արտաքին քաղաքականության իրականացման գործիք է։ Այդ ձևով է իր «ձեռքերը լվացել» Է. Նալբանդյանը։

Էդուարդ Սարիբեկյան

«7օր» կայքէջի խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը