Կարծիք

15.06.2009 17:50


Աշխատավորներ միացե՞ք

Աշխատավորներ միացե՞ք

 

            Վերջին ընտրություններում ընտրակաշառքի մեծ դերի կապակցությամբ, իմ մոտ հերթական անգամ ակտուալիզացվեց մի հարց, որն առաջին հայացքից զուտ մտահայեցողական բնույթ է կրում: Հայաստանի բնակչության ո՞ր մասն է ապրում իր աշխատանքի հաշվին: Մի փոքր հստակեցնեմ հարցը: Ի նկատի ունեմ այն դեպքերը, երբ մի կողմից տվյալ անձի աշխատանքի իրացմամբ վաստակված գումարը հանդիսանում է նրա հիմնական եկամուտը, եւ մյուս կողմից այդ եկամուտը բավարար է ապրուստի նվազագույն պայմանների ապահովման համար: Իհարկե սա շատ կոպիտ սահմանում է, բայց բավական է հետագա շարադրանքի համար: Այս պայմաններին համապատասխանող մարդկանց խումբը նույնպես շատ պայմանականորեն կոչենք' «աշխատավորներ» (աշխատավորը մեզ մոտ առավելապես հասկացվում է ֆիզիկական աշխատանքով զբաղվողի իմաստով, բայց տվյալ դեպքում սա հարմար եզր է մարդկանց շատ ավելի լայն շերտ նկարագրելու համար):

            Չտիրապետելով կոնկրետ վիճակագրական տվյալների (կա՞ն դրանք արդյոք), կարող ենք, սակայն, Հայաստանի բնակչությունը խմբավորել համապատասխան խնդրո առարկա հարցադրման: Պարզ է, որ նկարագրված իմաստով «աշխատավորների» քանակը Հայաստանում ենթադրվելիք նորմայից ավելի պակաս է: Դրանից դուրս գտնվում է մեծահասակ բնակչության մի զգալի մասը: Նախ դա թոշակային տարիքի մարդիկ են: Հաշվի առնելով, որ աշխատունակ բնակչության մի զգալի մասը երկրից դուրս է գտնվում, թոշակառուների խումբը իր հերթին նորմայից ավելի մեծ թիվ է կազմում: Մյուս կողմից կա աղքատ շերտը, որը նույնպես բավականին տոկոս է ներկայացնում: Ավելի հետաքրքիր է բնակչության մեկ այլ մեծ խումբը: Սա աշխատունակ բնակչության այն հատվածն է, որը աշխատելով հանդերձ, իր ապրուստը ապահովում է հիմնականում այլ միջոցներով, որոնք սեփական աշխատանքի հետ կապ չունեն:

            «Աշխատավորների» խումբն իր հերթին նույնպես ունի լայն սահմաններ, եւ տարբեր չափանիշներով կարող է բաժանվել առանձին ենթախմբերի: Փոքր եւ միջին բիզնեսմենից մինչեւ մտավորական ու բանվոր կարող են մտնել այս շերտի մեջ' կարեւոր է, որ նրանք իրենք են ստեղծում իրենց ապրուստի միջոցը, եւ այդ միջոցը նվազագույն չափով բավարար է առաջնային պահանջները հոգալու համար:

            Հիմա, երբ կատարեցինք այս շատ կոպիտ ու նախնական բաժանումը, տեսնենք, թե մոտավորապես ի՞նչ հարաբերությունների մեջ են վեր հանված խմբերը կառավարական համակարգի եւ հասարակական միտումների հետ: Աշխատունակ մարդու երկար տարիների ընթացքում «անաշխատանքային» վիճակի մեջ գտնվելը բերում է որոշակի հոգեբանական փոփոխությունների: Հատկապես «տրանսֆերառուների» որոշ մասի մոտ ձեւավորվում է երիտասարդ թոշառակուի, իսկ առավել ծանր դեպքերում նաեւ' ձրիակյացի եւ մուրացկանի հոգեբանության տարրեր: Շատ անգամ մարդը, որն իր ապրուստի միջոցները սեփական աշխատանքով չի վաստակում, չի հավատում նաեւ առհասարակ որեւէ արդյունքների հասնելու հնարավորությանը սեփական ջանքերի միջոցով: Բացի այդ, այն դեպքերում, երբ եկամտի հիմնական աղբյուրը ստացվում է արտասահմանից, այսինքն ստեղծվում է երկրից դուրս, թուլանում է սեփական երկրում փոփոխությունների ձգտման կենսական շահագրգռվածությունը: Հնարավոր է, որ այս հոգեբանությունը բերում է համապատասխան հասարակական հետեւանքների' քաղաքացիական պասիվություն, առօրյայում' կուրորտային մենթալիտետի (ժամանցային ժամանակի գերակայությունը' աշխատանքային-արտադրանքային ժամանակի նկատմամբ): Տվյալ հոգեբանությունը ավելի հեշտ է դարձնում նաեւ ընտրակաշառքի մեխանիզմի կիրառումը:   Ընդհանրապես տպավորություն կա, որ կառավարությունը գիտակցված թե բնազդաբար փորձում է հենվել հենց «ոչ աշխատանքային» խավերի վրա, ստեղծել «թոշակառուների երկիր», ինչը հնարավորություն կարող է տալ է՛լ ավելի կենտրոնացնել, ամրապնդել եւ «հավերժացնել» օլիգարխիկ ավազակապետության քաղաքական եւ տնտեսական մենաշնորհը: Ավելորդ է ասել, թե սա հեռանկարային ինչպիսի լուրջ մարտահրավեր կարող է լինել պետության համար:

            Շատերն այսօր խոսում են սոցիալական բունտի մասին, ի նկատի ունենալով, որ ներկա վիճակի դեմ պետք է ընդվզեն բնակչության առավել անապահով խավերը: Ինձ թվում է սա հասարակության օրինաչափությունների մասին սովետական թերի պատկերացումների ժառանգություն է, համաձայն որի հեղափոխությունները անում են «սովածները», իսկ մարդկային վարքի հիմնական շարժառիթները նյութական հարթության մեջ են: Պատմական փորձը, սակայն, հուշում է, որ հեղափոխությունների (բռնի թե խաղաղ' թավշյա) կամ ավելի լայն վերցված' արմտական բարեփոխումների դեպքում «սովածների» ապստամբությունը ամենեւին էլ միակ գործոնը չէ: Ավելին. հաճախ դա նաեւ որոշիչ գործոն չէ: Հոգեբանության հումանիստական դպրոցն էլ (Մասլոու եւ այլոք) պնդում է, որ նյութական պահանջները մարդու վարքի մոտիվացիայի սոսկ «առաջին հարկն» են կազմում: Եվ երբ հասարակության անդամները հասնում են զուտ նյութական պահանջների նվազագույն բավարարմանը, նրանց համար կարեւորվում են այլ հասարակական-հոգեբանական պահանջներч արդարություն, ազատություն եւ այլն: Եվ շատ հաճախ էլ հենց այդ ժամանակ է առաջանում բարեփոխումների, կամ եթե դրանք չեն իրականացվում' հեղափոխությունների պահանջը: Այդ պահանջները առաջ են քաշում ոչ թե սովածներն ու աղքատները, այլ նյութական կարիքների նվազագույն խնդիրները լուծաց մարդիկ:

            Այսօրվա Հայաստանում «աշխատավոր» խավը առավել աննպաստ պայմաններում է գտնվում: Նրա շահերն անտեսվում են թե՛ նյութական, թե՛ ոչ նյութական առումով: Առաջինի դեպքում, սեփական աշխատանքով իր ապրուստի պայմաններն ապահովող մարդը, ուշ թե շուտ հասնում է մի սահմանագծի, որից այն կողմ նա չի կարող ավելացնել իր եկամուտը առանց անհավասար գործարքի մեջ մտնելու օլիգարխիկ ավազակապետության հետ: Բացի այդ «աշխատավոր» խավն է, որ նախ եւ առաջ շահագրգռված է արդարության, օրենքի գերակայության, հավասար պայմանների, ազատության, ինքնադրսեւորման եւ մրցակցության առումով: Նա է, որ կարող է ապահովել երկրի առաջընթացը: Եւ նա է, որ առաջին հերթին տուժում է ներկա իրավիճակի կոնսերվացումից: Հետեւաբար Հայաստանում պետք է սպասել ոչ թե աշխատազուրկների բունտ, այլ «աշխատավորների» ինքնագիտակցության եւ ինքնակազմակերպման վրա հիմնված լուրջ հասարակակն շարժում: Այս խավի շահերը պետք է պաշտպանեն ընդդիմադիր ուժերը եւ նրանց պետք է ուղված լինեն ընդդիմության կոչերը:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը