Մեկնաբանություն

13.06.2009 17:07


Ճգնաժամը կրթությանն էլ հասավ

Ճգնաժամը կրթությանն էլ հասավ

Այսօր  վստահաբար կարելի է ասել, որ կրթության ընդհանուր մակարդակը երբեմնի հզոր կրթական համակարգ ունեցող մեր երկրում ընկել է տնտեսության օրը՝ ճգնաժամի մեջ է։ Շարքային քաղաքացու կամ այսօրվա շրջանավարտի համար կրթական համակարգի թերություններն ու «կեղտը» սկսվում ու վերջանում են ընդունելության քննություններով, ինչպես եղել է դեռևս 80-ական թվականներից։ Բայց փորձենք ավելի խորքային քննություն կատարել՝ պարզելու, թե համընդանուր ցածր ցուցանիշներն ինչի՞ հետևանք են։

Հասկանալի է, որ կրթության ոլորտը քաղաքական ընդհանուր իրողություններից դուրս դիտարկելը դիլետանտություն է։ Այլապես ոլորտի ղեկավարությունը կուսակցական մանդատներով չէր որոշվի։ Այլ հարց է, որ միլիոնավոր դոլարներ խժռած ու այդպես էլ չբարեփոխված համակարգը դեպի անդունդն է գլորվում՝ մեր երեխաների ու երկրի ապագան իր հետևից քարշ տալով։ Լավ, ենթադրենք, թե 12 տարում կարելի է ավելի շատ բան սովորել դպրոցում, քան 10 տարում։ Թեև՝ քվանտային ֆիզիկան դեռևս դպրոցական ծրագիր չի մտել, իսկ հայերենի քերականության կանոնները չեն շատացել։ Հարց է ծագում՝ էլ նպատակը ո՞րն էր։ Պատասխանը ծնվում է ինքնըստինքյան. աշակերտների ծնողների հաշվին ևս երկու տարի ցածր աշխատավարձով ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ ու հավաքարարներ պահելու համար է, նրանցից շորթած գումարներով վերևների ձեռքը տաքացնելու համար։ Դա երկրում աշակերտների թիվն անուղղակիորեն ավելացնելու հանցագործ միջոց է, քանզի գործ ունենք ոչ թե ինչ-որ վիրտուալ ցուցանիշների, այլ դեռևս ձևավորման և դաստիարակման ամենապատասխանատու փուլում գտնվող երեխայի կյանքի ու ապագայի հետ։ Այլապես, ո՛չ Թալեսի թեորեմի ապացուցումն է բարդացել, ո՛չ էլ երկրի ձգողականության օրենքներն են փոխվել, որ երեխան երկու տարի ավելի դպրոց գնա։ Մեր «կաղ էշով» եվրոպական «քարավանը» մտնելով՝ միայն եվրոպացիների ծիծաղն ենք շարժում։

Բայց քանի որ մեր կրթության պատասխանատուներն ու նրանց ղեկավարները կանաչ դրամանիշներից այն կողմ նայելու համարձակություն չունեն, պետք է մեղքը բարդեն աշակերտի երկչոտության, անգրագիտության կամ պատերազմական տարիների սերունդ լինելու վրա։ Մեխանիկորեն դասարանից դասարան «թռցնելու» գործընթացի հետևանքով աշակերտները ստիպված էին երկու տարի շարունակ նույն կուրսը գրեթե ամբողջությամբ կրկնել։ Սակայն քննությունների գնահատականներն էլի մնում են ցածր։ Կարելի է մտածել, իբր աշակերտները դպրոցում կամ կրկնուսույցների մոտ պարտաճանաչորեն չեն սերտում առարկաները։ Սակայն չէ՞ որ ցածր գնահատականները համատարած են։ Կարելի է մտածել նաև, թե առաջադրանքները բարդ են։ Բայց այդ տարբերակն էլ քննություն չի բռնում, քանի որ ոլորտի պատասխանատուները հայտարարում են, թե թեստեր կազմողները բարձրակարգ մասնագետներ են, ովքեր գոնե պետք է իմանան, թե դպրոցական ծրագրերում ի՞նչ թեմաներ կան։ Կրկին հետևությունը վատատեսական է։ Առաջին՝ դպրոցն ուղղակի ժամավաճառությամբ է զբաղվում և ծրագրերի մատուցումը չի հասցնում։ Արդյունքը միասնական քննությունները կաշառակերության սեզոնային ոլորտի վերածվելն է։ Եվ երկրորդ՝ հանցավոր դիտավորությամբ դպրոցը խճողում են անհասկանալի բարեփոխումների մեջ՝ յուրացնելով պարբերաբար ստացվող օտարերկրյա դրամաշնորհները։ Իսկ բարդ ու արտածրագրային թեստերի ներդրմամբ պարարտ հող են ստեղծում քննական մեքենայությունների համար։ Տարբերակներից ոչ մեկում կրթությունը կամ հասարակությունը հաղթելու հեռանկար գործնականում չունեն։

Էդուարդ Սարիբեկյան

«7օր» կայքէջի խմբագիր

 

Այս խորագրի վերջին նյութերը