Լրահոս

27.10.2012 09:38


Սիրիայում հրադադարի առաջին օրվա արդյունքները. 61 զոհ

Սիրիայում հրադադարի առաջին օրվա արդյունքները. 61 զոհ

Դամասկոսի հարավային Դեֆ-աշ-Շոուք թաղամասի մանկապարտեզներից մեկի մոտ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել ավելի քան 30 մարդ։ Տուժածները մեծամասամբ երեխաներ են։ Այս մասին հաղորդում է «Բի–Բի–Սի»–ն։  

Երկրի իշխանություններն արդեն հայտարարել են, որ այդ ահաբեկչությունը «համամուսուլմանական Զոհաբերության տոնի առթիվ նույն օրն ուժի մեջ մտած հրադադարի կարգի ուղղակի խախտում էր»:

Զինյալները պայթեցրել են նաև մեկ ավտոմեքենա երկրի վարչական կենտրոն Դերաա քաղաքում, որ Դամասկոսից 110 կմ է հեռու: Ականատեսների վկայությամբ՝ զոհվել է երեք մարդ, հոսպիտալացվել՝ 11-ը: Տոնական օրերին հրադադարի կարգին նախապես իրենց համաձայնությունը չտված զինյալները հարձակում են գործել նաև մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Էրբինից դուրս եկող զինվորական պահնորդների վրա: Բախումներ են տեղի ունեցել 8 կմ հեռավորության վրա գտնվող Հարաստայում, որտեղ, ըստ կառավարական տվյալների, զինյալները հարձակվել են խաղաղ բնակիչների տների վրա:

Նշվում է, որ առավել լայնածավալ գործողություն է իրականացրել «Հաղթանակի ճակատ» վարձկան-ջիհադիստներից կազմված ծայրահեղական խմբավորումը Վադի Դեյֆի զինվորական բազայում: Այն տեղակայված է ռազմավարական նշանակության Դամասկոս-Հալեպ մայրուղուց 2 կմ հեռավորության վրա:

 «Ֆրանս-պրեսս»-ի տվյալներով՝ հրադադարի առաջին օրը բռնության զոհ է դարձել 21 խաղաղ բնակիչ: Զոհվել են 27 զինծառայող և 13 ընդդիմադիր զինյալ: Այնուամենայնիվ, անկախ փորձագետները կարծում են, որ հրադադարը զգալիորեն նվազեցրել է զինված հակամարտության լարումը:

Այս խորագրի վերջին նյութերը