Կարծիք

10.06.2009 17:38


Հրադադարի 15 տարի. խաղաղ փոխակերպման հնարավորությունները

Հրադադարի 15 տարի. խաղաղ փոխակերպման հնարավորությունները

2009 թվականի մայիսին լրացավ ղարաբաղյան հակամարտության երեք կողմերի միջև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կնքված հրադադարի 15 տարին: Սույն հոբելյանը, կամ, ինչպես դեսպան Վլադիմիր Կազիմիրովն է անվանում՝ «կիսահոբելյանը», պատեհ առիթ է այդ իրադարձությանը գնահատական տալու և փորձելու ամփոփել հետպատերազմյան տարիների որոշ արդյունքներ: Ի՞նչ է արվել հրադադարի ռեժիմի ամրապնդման համար, ի՞նչը չի արվել, և ի՞նչ դեռ կարելի է անել:

Բայց սկզբում անդրադառնանք նախապատմությանը: Որպես իրադարձությունների ականատես և պատերազմի ու հետպատերազմյան տարիներին անցկացված բանակցությունների մասնակիցներից մեկը՝ կարող եմ արձանագրել, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում 1992-93 թվականներին հրադադարի մասին պայմանավորվածություններ ձեռք են բերել մոտ տասնյակի չափով. որպես համաձայնությունը ստորագրողներ հանդես են եկել պատերազմող երկու հիմնական կողմերը՝ ԼՂՀ-ն և Ադրբեջանը: Բայց, ի տարբերություն հրադադարի մասին համաձայնագրի, որ վերջնականորեն ձևակերպվել է 1994թ. մայիսի 12-ին, նախորդ պայմանավորվածությունները կարճաժամկետ բնույթ են կրել:
Ներկայումս գործող անժամկետ հրադադարի ձևակերպման հիմքը դրվել էր 1994թ. մայիսի 5-ին՝ Ղրղզստանի մայրաքաղաքում, որտեղ ԼՂՀ, Ադրբեջանի ու Հայաստանի խորհրդարանների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և ընդունել «Բիշքեքյան արձանագրությունը» (ադրբեջանական կողմն արձանագրությանը միացել է եռօրյա ուշացումով և որոշ վերապահումներով):

1994թ. մայիսի 16-ին Մոսկվայում, Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի միջնորդությամբ, կայացել է ԼՂՀ, Ադրբեջանի ու Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Այդ հանդիպմանը Սամվել Բաբայանը, Մամեդռաֆի Մամեդովը և Սերժ Սարգսյանը հայտարարել են կրակի դադարեցման մասին ձեռքբերված համաձայնությունը պահպանելու՝ իրենց երկրների հակվածության մասին: Նույն թվականի հուլիսի 27-ին և օգոստոսի 28-ին կողմերը նորից հավաստեցին իրենց ձգտումը՝ պահպանել հրադադարի ռեժիմը ընդհուպ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը:

Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ու դրա ռեժիմի պահպանման մասին կողմերի ձեռք բերած համաձայնությունը եզակի է իր տեսակի մեջ: Նախ՝ հրադադարը ձևակերպվել է ռուսաստանյան միջնորդ Վլադիմիր Կազիմիրովի միջնորդությամբ, օգտագործելով «ֆաքսիմիլային դիվանագիտությունը», այսինքն՝ առանց փաստաթղթի ստորագրման առանձնակի արարողության: ԼՂՀ, Ադրբեջանի ու Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ֆաքսիմիլային կապով Մոսկվա են ուղարկել կրակը դադարեցնելու մասին համաձայնության նույնական տեքստի իրենց կողմից ստորագրված տարբերակը: Երկրորդ՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է առանց այսպես կոչված «կապույտ սաղավարտների» մասնակցության և խարսխված է կողմերի ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռության վրա: ԼՂՀ պաշտպանության բանակի հետ միասին հետպատերազմյան հավասարակշռության կարևոր բաղկացուցիչ են հանդիսանում Արցախի լեռնային և հարթավայրային մասերի տարածքները, որոնք ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությունում:

ԼՂՀ և Ադրբեջանի միջև մարտական գործողությունների դադարեցումն, անկասկած, ղարաբաղյան կարգավորման հիմնական, շոշափելի ձեռքբերումն է մնում: Կարևոր խնդիր է հանդիսանում ժամանակ առ ժամանակ խախտվող հրադադարի ռեժիմը պահպանելը: Հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին 1995թ. փետրվարի 6-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հակամարտության բոլոր կողմերի ընդունած փաստաթուղթը, որը նախատեսում է իրավիճակի օպերատիվ վերահսկողության կոնկրետ մեխանիզմ, չի կատարվում: Պաշտոնական Բաքուն, իրեն հատուկ ոճով, խուսանավում է ստանձնած պարտավորությունների կատարումից: Ադրբեջանական կողմը, ի տարբերություն հայկական երկու կողմի, չի ընդունել սեփական պաշտպանական սահմանագծերի առաջապահ դիրքերից դիպուկահարներին հետ քաշելու մասին միջնորդ երկրների վերջերս արած հրատապ առաջարկը:

Հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ կոնկրետ առաջարկություններ հնչել են նաև Ստեփանակերտից: Ավելորդ չի լինի հիշեցնել կողմերի զինուժի շփման գծում այն դիրքերի վերականգնման մասին առաջարկը, որոնք առկա էին պատերազմից անմիջապես հետո (այսպես կոչված՝ status quo post bellum ), ինչը թույլ կտա ընդլայնել չեզոք գոտին: Հայտնի է, որ վերջին 10 տարում ադրբեջանցի զինվորականներն իրենց առաջապահ դիրքերը ջանացել են մոտեցնել ղարաբաղյան դիրքերին, և դա հակամարտող կողմերի միջև գտնվող չեզոք գոտու հաշվին: Փորձը ցույց է տվել, որ ինչքան քիչ է դիրքերի միջև հեռավորությունը, այնքան մեծ է հրադադարի խախտումների թիվը, խախտումներ, որոնք երբեմն վերաճում են լոկալ մարտական ընդհարումների: Այնպես որ, նախնական դիրքերին ադրբեջանական զորամիավորումների վերադարձը էականորեն կկրճատի սահմաններում խախտումների դեպքերը: Հրադադարի գծում կողմերի նախնական ստույգ կոորդինատները կան այն ժամանակաշրջանի ռազմական քարտեզներում ու արբանյակային լուսանկարներում, որոնք պահվում են միջնորդ երկրների համապատասխան գերատեսչությունների պահոցներում:

Հրադադարի ռեժիմի վերահսկման միակ միջազգային մեխանիզմը մնում է ԵԱՀԿ մոնիտորինգը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը պարբերաբար դիտարկումներ է անցկացնում ԼՂՀ ու Ադրբեջանի զորքերի շփման գծում: ԵԱՀԿ կողմից իրականացվող այս միջոցառումներն անհրաժեշտ են, բայց ոչ բավարար: Անձնակազմի փոքրաթվության պատճառով դեսպան Կասպշիկի գրասենյակը հնարավորություն չունի հրադադարի ռեժիմի առավել հաճախ և մշտական դիտարկման համար: Արդյունավետ վերահսկողության համար նպատակահարմար է ԵԱՀԿ առաքելության կազմն ընդլայնել միջազգային քաղաքացիական դիտորդներով:

Վերջին տարիներին եռանդուն կերպով առաջ է քաշվում մեր սուբտարածաշրջան խաղաղապահների տեղաբաշխման անհրաժեշտության մասին գաղափարը: Թեև ղարաբաղյան հակամարտության կարգավորման այսպես կոչված մադրիդյան սկզբունքները չեն հրապարակվել, այնուամենայնիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առանձին հայտարարություններից երևում է որոշ երկրների ձգտումը հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժեր տեղաբաշխել: Համանախագահների կարծիքով՝ այդ ուժերն ապահովելու են Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումների հնարավոր դուրսբերման դեպքում:
Միջնորդներն ըստ էության մեզ առաջարկում են ռազմական անվտանգության ունեցած սեփական համակարգը փոխարինել «կապույտ սաղավարտների» անարդյունավետ մեխանիզմով: Որևէ տարածք զիջելու գաղափարի անընդունելիության մասին քանիցս հայտարարել են ԼՂՀ քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները և քաղաքացիական հասարակության առաջնորդները: Այս հարցի շուրջ Ղարաբաղում արդեն ձևավորվել է հանրային լայն կոնսենսուս: Արցախցիների այսպիսի դիրքորոշումն աջակցություն է գտնում հայաստանյան հանրությունում ու Սփյուռքում: Ստեղծված պայմաններում ազատագրված բոլոր տարածքներում վերաբնակեցման գրագետ մշակված և արդյունավետ իրականացվելիք պետական ծրագիրը միջնորդներին և տարածաշրջանային մյուս խաղացողներին կօգնի հրաժարվել ԼՂՀ կողմից տարածքային զիջումների հնարավորության մասին խաբուսիկ կարծիքից:

Ինչ վերաբերվում է խաղաղապահներին, ապա Ստեփանակերտում կա ընկալումն այն բանի, որ ԼՂՀ տարածքում օտար զինված ուժերի հնարավոր հայտնվելը՝ թող որ նույնիսկ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների դրոշի տակ, անկասելիորեն կհանգեցնի հանրապետության ինքնիշխանության կտրուկ սահմանափակման: Այն հանգամանքը, որ ԼՂՀ ինքնիշխանությունը դեռևս չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, և երկիրը ներկայացված չէ նշյալ կառույցներում, կարող է հանգեցնել նրան, որ Ղարաբաղը չի տիրապետի այդ ուժերի վրա ներազդելու միջազգային իրավունքով երաշխավորված որևիցե լծակի: Այս պայմաններում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղաբաշխումն արմատապես կհակասի մեր ազգային շահերին: ԼՂՀ-ն չի կարող սահմանափակել իր պետական ինքնիշխանությունը՝ չստանալով դրա համապարփակ միջազգային իրավաբանական ճանաչումը:

Ավելին, 2008-ի օգոստոսին մենք ականատես եղանք Հարավային Օսիայում մարտական գործողությունները դադարեցնելու և բնակչության անվտանգությունն ապահովելու՝ խաղաղապահների անընդունակությանը: Խաղաղապահ ուժերի առկա մեխանիզմն արդյունավետ ու ազդու չէ: Միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը, իր քաղաքացիների պաշտպանության պատրվակով, Ցխինվալ և այլ բնակավայրեր մտցրեց 58-րդ բանակի խոշոր ստորաբաժանումները, հաջողվեց վերահսկողության տակ վերցնել իրավիճակը: Բալկանյան ոչ վաղեմի պատմությունից հիշում ենք, թե ինչպես Սերբական Կրաինայում ՄԱԿ-ի խաղաղապահները չկարողացան ապահովել տարածաշրջանի բնակչության անվտանգությունը:
Այսպիսով, անվտանգության պահպանման անմիջական պարտականությունները, իսկ դրանց հետ մեկտեղ էլ՝ կոնկրետ տարածքները երրորդ կողմին փոխանցումը չի երաշխավորում նույն այդ անվտանգության բարելավումը և իր մեջ նոր վտանգներ է պարունակում: Ղարաբաղցիները խորհրդային շրջանի «խաղաղապահների» հետ շփվելու սեփական փորձ ունեն, երբ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով 1980-ականների վերջին ուղարկված զորքերը պարբերաբար չէին կատարել իրենց պարտականությունները և չէին կարողանում ապահովել Ադրբ. ԽՍՀ հայազգի բնակչության անվտանգությունը ջարդերից ու բռնություններից: 1991 թվականին, ԽՍՀՄ ղեկավարության հրամանով, նույն այդ զորքերը հայ բնակչությանը նույնիսկ վտարեցին Արցախի որոշ մասերից («Կոլցո» օպերացիա): Հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկած կառավարությունների համար իրենց շահերը և իրենց իսկ խաղաղապահների անմիջական անվտանգությունը միշտ էլ ավելի կարևոր են լինելու, քան տեղացի բնակչության անվտանգությունը: Սա ևս իրողություն է, որ ընկալվում է Ստեփանակերտում:

Ցավոք, հակամարտության կարգավորման նպատակով միջնորդների ներկայիս առաջարկություններն իրատեսական չեն և հակասում են Հայաստանի ու ԼՂՀ-ի շահերին: Դրանք կենսագործելու փորձերն ավելի շուտ կհանգեցնեն հանրությունների ներսում խոր հակասությունների և լարվածության սրման նոր ալիքի, քան հաստատուն խաղաղության: Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում կարևորագույն առաջնահերթությունը, հակամարտության լուծման փոխընդունելի սկզբունքների որոնումներին զուգահեռ, պիտի դառնա հակամարտության խորացման և նոր պատերազմի կանխման միջոցների ձեռնարկումը:

Հակամարտության կարգավորման ոչ հայանպաստ սցենարների չեզոքացման և ԼՂՀ անվտանգության ամրապնդման համար երկու հայկական պետականություններին հարկ է գործարկել հիմնախնդրի լուծման «երկրորդ հարթակը», այսինքն՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցային գործընթացին զուգահեռ եռանդուն և նպատակասլաց աշխատանք տանել ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ: Դե-յուրե անկախ Արցախը նոր հնարավորություններ կստանա սեփական անվտանգությունը քաղաքական-դիվանագիտական միջոցներով ապահովելու համար:
Այսպիսով, մենք թվարկեցինք ոչ քիչ առաջարկություններ, որոնց իրականացումը միջնորդների ու հակամարտող կողմերի իշխանությունների կողմից կնպաստի հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և տարածաշրջանում կայունության պահպանմանը:

Մասիս Մայիլյան

«Անալիտիկոն» վերլուծական ամսագիր

Այս խորագրի վերջին նյութերը