Լրահոս

30.08.2012 14:38


«Թուրքիայում հայկական Մրեն տաճարի ավերումը պետական մակարդակով է տեղի ունենում». ահազանգում է Սամվել Կարապետյանը

«Թուրքիայում հայկական Մրեն տաճարի ավերումը պետական մակարդակով է տեղի ունենում». ահազանգում է Սամվել Կարապետյանը

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը շարունակում է ահազանգել Թուրքիայում և Ադրբեջանում հայկական ճարտարապետության շինությունների և հուշարձանների ավերման մասին։ Այսօր հրավիրված մամլո ասուլիսին նա լրագրողներին հայտնել է՝ տիեզերքից կատարված լուսանկարից երևում է, որ Վերին և Ներքին Ագուլիսները արդեն մշակութաթափ են արվել:

Սամվել Կարապետյանը հատուկ անդրադարձել է նաև Մրենի տաճարին, որը 7-րդ դարի եկեղեցի է և գտնվում է Հայաստանի սահմանին շատ մոտ՝ Ախուրյան գետի մոտակայքում: Հուշարձանագետը նշել է, որ Մրենի տաճար այցելել չի կարելի, քանի որ կա զինվորական պահակակետ, որը որևէ մեկին թույլ չի տալիս այցելել տաճար։ Միաժամանակ, Կարապետյանի պնդմամբ՝ եկեղեցում վիհեր են փորել, և նկատվում է, որ, հավանաբար գանձախույզները, երկար ժամանակ աշխատել են այդտեղ:

–Այստեղից հետևում է, որ այդ կերպ տաճարի քանդումը իրականացնողների նկատմամբ աչք են փակել: Իսկ դա արդեն ցույց է տալիս, որ Մրենի տաճարի կործանումը պետականորեն հովանավորված է: Թուրքիայի կառավարությունը զուռնա-դհոլով աշխարհի ականջն է գցում, որ վերականգնել է Աղթամարի վանքը, բայց կործանում է Մրենի վանքը,–ասել է Սամվել Կարապետյանը։

Փորձագետը չի լռել նաև Հայաստանում առկա հուշարձանների հետ կապված խնդիրների մասին։ Նա ընգծել է, թե միշտ չէ, որ վերականգնված հուշարձանը իրեն հարիր տեսք է ունենում։ Որպես օրինակ նա բերել է Արցախում Հադրութի շրջանի «Գտիչ» վանքի շինարարական աշխատանքները, որոնք արդեն դադարեցվել են, և վերականգնումը հանձնվել է մեկ այլ շինարարական կազմակերպության:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը