Լրահոս

28.08.2012 10:14


Սիրիայում շարունակվում են կատաղի մարտերը. որոշակի դադարից հետո Դամասկոսը կրկին ներքաշվել է պայքարի մեջ

Սիրիայում շարունակվում են կատաղի մարտերը. որոշակի դադարից հետո Դամասկոսը կրկին ներքաշվել է պայքարի մեջ

Սիրիայի Հալեպ քաղաքում շարունակվում են կատաղի մարտերը կառավարության ուժերի ու ապստամբների միջև։ «Սուրիա ալ-Էն» գործակալության փոխանցմամբ՝ քաղաքի կենտրոնական մասերը հիմնականում անցել են Սիրիայի բանակի վերահսկողության տակ։ Աղբյուրի փոխանցմամբ` ընդդիմության զինված խմբավորումները հեռացել են Ինզարատ, Ազիզիա, Սուլեյմանիա և Զրազիր շրջաններից: Կասեցվել են նաև Ջդեյդա թաղամասի Տանանիր հրապարակում գտնվող հեռուստառադիոկենտրոն ներխուժելու գրոհայինների փորձերը:

Միաժամանակ, գրոհայինները դեռևս վերահսկում են քաղաքի Մասակին-Հաննանո (հյուսիս-արևելք), Շահար (արևելք) և Սալհին (հարավ) շրջանները:

Հաղորդվում է, որ 100 տարի գործող Հալեպի բողոքական եկեղեցին ենթարկվել է հարձակման և թալանի: Ավագ քահանա Իբրահիմ Նասիրը բանակին կոչ է արել մշակութային և կրթական օջախները պաշտպանել քաղաք ներխուժած ծայրահեղականների բարբարոսություններից:

Որոշակի մարտեր են ընթանում նաև մայրաքաղաք Դամասկոսում։  Գրոհայինները կրկին այդ քաղաք են մտել այն բանից հետո, երբ օգոստոսի 9-ին իշխանությունները հայտարարել էին մայրաքաղաքը զինված խմբավորումներից լիովին մաքրելու մասին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ապստամբներին հաջողվել է մեկ ուղղաթիռ կործանել: Սպանվել է 4 մարդուց կազմված անձնակազմը: Երեկ հրետակոծման են ենթարկվել նաև Սակբա, Զամալկա և Էրբին քաղաքները: Հաղորդվում է, որ վերջին օրերին Դամասկոսի արվարձաններում 59 մարդ է զոհվել:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ գրոհայինների և Սիրիական կանոնավոր բանակի միջև կատաղի մարտերի վայր են դարձել նաև հայկական թաղամասերը։ Հաղորդվում է, որ մեկ հայ կին զոհվել է։

Այս խորագրի վերջին նյութերը