Լրահոս

07.08.2012 11:03


Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը ԼՂՀ անկախությանը աջակցող բանաձև է ընդունել

Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը ԼՂՀ անկախությանը աջակցող բանաձև է ընդունել

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը 2012թ. օգոստոսի 6-ին ընդունել է պալատի անդամ Ջոնաթան Հեչթի հեղինակած բանաձևը, որում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն ու ժողովրդավար անկախությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչությունը։

Հաղորդվում է, որ բանաձևը դատապարտում է հայերի կոտորածները Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, ինչպես նաև բռնարարքները, որ Ադրբեջանը կիրառել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը պահանջող խաղաղ ցուցարարների հանդեպ: Շեշտվում է, որ Ադրբեջանն իր թշնամական քայլերով ներկայումս նույնպես շարունակում է սպառնալ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը:

Բանաձևը ողջունում է Լեռնային Ղարաբաղի արձանագրած հաջողությունները ժողովրդավարության կառուցման ասպարեզում և այդ առումով մեծ քայլ է համարում 2012թ. հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունները:

Բանաձևի ընդունման կապակցությամբ ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն իր շնորհակալությունն է հայտնել դրա օգտին քվեարկած պատգամավորներին և առանձին շնորհակալություն հայտնել բանաձևի հեղինակ Ջոնաթան Հեչթին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը