Լրահոս

03.08.2012 10:34


Հալեպում ու Դամասկոսում մարտերը շարունակվում են

Հալեպում ու Դամասկոսում մարտերը շարունակվում են

Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպում և նրա շրջակայքում կատաղի մարտեր են ընթանում կառավարական ուժերի և «Սիրիայի ազատ բանակի» գրոհայինների միջև: Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

«Ալ-Իհբարիա» արբանյակային հեռուստաալիքի փոխանցմամբ` ահաբեկչական խմբավորումները կենդանի ուժի և տեխնիկայի զգալի վնասներ են կրում: Քաղաքի հարավային Սալահեդդին շրջանում կառավարական ուժերը 37 գրոհայինների են ոչնչացրել, որից 6-ը` լիբիացի վարձկաններ: Հակահարձակումներ են իրականացվել նաև Ատարիբ շրջանում և Իդլիբ-Հալեպ մայրուղու վրա, որտեղ հայտնվելով ծուղակում` սպանվել է 15 ահաբեկիչներ, վիրավորվել 30-ը:

Սիրիական ընդդիմադիր լրատվամիջոցներն իրենց հերթին հաղորդում են Հալեպից 30 կմ հյուսիս-արևմուտք գտնվող ռազմաօդային բազան գրավելու ընդդիմադիրների փորձերի մասին: Ապստամբները կիրառում են տանկեր, որոնք առգրավել են կառավարական ուժերից: Նրանք գտնվում են բազայից 4 կմ հեռավորության վրա: Դեռևս չի հաջողվել շրջափակել օդանավակայանը, սակայն մեկ ուղղաթիռ են շարքից հանել:

Մարտեր են ընթանում նաև մայրաքաղաք Դամասկոսի հարավային շրջանում գտնվող Տադամուն թաղամասում և նրա հարևանությամբ գտնվող Յարմուկում` պաղեստինցի փախստականների ճամբարում, որտեղ փոխհրաձգություն է սկսվել: Սպանվել է 12 խաղաղ բնակիչ: Գրոհայիններին ճնշելու գործողությունները բարեհաջող են անցել Արտուզում և Բասադին-Դարայում: «ՍԱՆԱ» գործակալության փոխանցմամբ` կառավարական զորքերին են հանձնվել զինված բանդաների տասնյակ անդամներ, շատերը գերի են ընկել:

Նշենք, որ ռազմական գործողություններ են ընթացել Հոմսում, Համայում, Իդլիբում և Դեր-Զորում: 

Այս խորագրի վերջին նյութերը