Լրահոս

27.07.2012 09:47


Լոնդոնում մեկնարկում են 30-րդ ամառային օլիմպիական խաղերը

Լոնդոնում մեկնարկում են 30-րդ ամառային օլիմպիական խաղերը

Այսօր Մեծ Բրիտանիայի մայրքաղաք Լոնդոնում մեկնարկում են 30-րդ ամառային օլիմպիական խաղերը, որին կմասնակցի 205 երկիր ներկայացնող 10 500 մարզիկ։ Մարզական մրցումները կլուսաբանի ավելի քան 28 000 լրագրող, իսկ խաղերին մեծ էկրանների օգնությամբ կհետևեն միլիարդավոր հեռուստադիտողներ:

Հայաստանը կներկայացնի 25 մարզիկ։ Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն ազատ ոճի ըմբիշներ Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ), Հաջիմուրադ Նուրմուհամեդովը (84 կգ ), հունահռոմեական ոճի ըմբիշներ Հովհաննես Վարդերեսյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ), գերծանրքաշային Յուրի Պատրիկեևը, ձյուդոիստներ Հովհաննես Դավթյանը (60 կգ), Արմեն Նազարյանը (66 կգ), լողորդներ Միքայել Քոլոյանը, Անահիտ Բարսեղյանը, հրաձիգ Նորայր Բախտամյանը, բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, թաեքվոնդոիստ Արման Երեմյանը (80 կգ), նիզականետորդներ Մելիք Ջանոյանը, Քրիստինե Հարությունյանը, հեռացատկորդներ Վարդան Փահլևանյանը, Արսեն Սարգսյանը, ծանրամարտիկներ Առաքել Միրզոյանը (69 կգ), Տիգրան Գ. Մարտիրոսյանը (77 կգ), Արա Խաչատրյանը (85 կգ), Նորայր Վարդանյանը (94 կգ), Վանիկ Ավետիսյանը (69 կգ, պահեստային), Մելինե Դալուզյանը (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ), Իզաբելլա Յայլյանը (56 կգ, պահեստային):

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն նշել է, որ լոնդոնյան օլիմպիադան ամենահզորը կլինի, և այն չեն կարող մթագնել ո՛չ եղանակային քմահաճույքները, ո՛չ էլ կազմակերպչական մանր-մունր թերությունները:

Նշենք, որ օլիմպիական խաղերի բացման արարաղությունը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 00:00-ին։

Այս խորագրի վերջին նյութերը