Լրահոս

11.07.2012 09:57


Ադրբեջանը նույնպես զգաց «Մագնիտսկու օրենքի» համը

Ադրբեջանը նույնպես զգաց «Մագնիտսկու օրենքի» համը

ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները  սկսել են Ադրբեջանում որոշ պաշտոնյաների իրենց երկրներ այցելելու մուտքի արտոնագիր չտրամադրել։ Այս ամենը նման է «Մագնիտսկու օրենքին»՝ տարբերությամբ, որ կիրառվում է Ադրբեջանի դեմ։ Այս մասին հաղորդում է «Ռեգնում»–ը` հղում անելով ադրբեջանական մամուլին։

Ըստ աղբյուրի տվյալների՝ Ադրբեջանի ուժային կառույցները ներկայացնող որոշ պաշտոնյաներ արդեն հայտնվել են ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության սև ցուցակներում։

«Դիվանագիտական ներկայացուցչությունները սկսել են իրավապահ մարմիններից: Արդեն որոշում է կայացվել ազգային անվտանգության և ներքին գործերի նախարարությունների մի շարք աշխատակիցների այցագիր չտրամադրելու վերաբերյալ: Ցուցակում ներգրավված են ընդդիմադիր գործիչների նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելուն և կտտանքներ կիրառելուն առնչված պաշտոնյաները»,-նշել է դիվանագիտական աղբյուրը:

Պարբերականը պնդում է, որ արդեն իսկ հայտնի են այն պաշտոնյաների անունները, որոնց մերժել են ԱՄՆ և Մեծ Բրիտանիա մուտքի արտոնագիր տրամադրել:

Հիշեցնենք, որ այսպես կոչված «Մագնիտսկու օրենքը», որը ենթադրում է մուքի արտոնագրեր տրամադրելու խիստ սահմանափակումներ, ի հայտ եկավ այն բանից հետո, երբ Ռուսաստանի մի մեկուսարանում մահացավ բրիտանական ընկերություններից մեկի աշխատակից Սերգեյ Մագնիտսկին։ Նրան մեղադրել էին ընկերության ղեկավար Ուիլյամ Բրաուդերի փողերի լվացման գործընթացը կազմակերպելու համար։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Մագնիտսկին  սրտային հիվանդ էր։ Քննիչը մերժել էր նրա նկատմամբ բուժզննում իրականացնել, և շատերը Մագնիտսկու մահվան պատճառը հենց այդ հանգամանքով են բացատրում։

Սերգեյ Մագնիտսկու մահը մեծ աղմուկ բարձրացրեց աշխարհում. եվրոպական մի շարք երկրներ, ինչպես նաև ԱՄՆ–ը, որպես պատասխան, սկսեցին ռուս պաշտոնայաների նկատամամբ մուտքի արտոնագրերի տրամադրման խիստ սահմանափակումներ կիրառել։  

Այս խորագրի վերջին նյութերը