Լրահոս

04.07.2012 14:27


Ուկրաինայի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել ռուսաց լեզվի հետ կապված աղմկահարույց օրինագծի ընդունման պատճառով

Ուկրաինայի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել ռուսաց լեզվի հետ կապված աղմկահարույց օրինագծի ընդունման պատճառով

Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինը հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկացնում է «Ուկրաինայի նորություններ» լրատվամիջոցը։

–Խնդրում եմ քննարկել հարցն ու որոշում ընդունել իմ հրաժարականի մասին,–այսօր առավոտյան խորհրդարանի նիստում ասել է Լիտվինը:

Նրա հրաժարականը կապված է նախօրեին «Պետական լեզվական քաղաքականության սկզբունքների մասին» օրենքի ընդունման հետ, որով առաջարկվում է երկրի 13 շրջաններում ռուսաց լեզվին տեղային կարգավիճակ տալ: Ինքը՝ Լիտվինը, այդ օրինագծի քվեարկությանը բացակայել է։

–Երեկ 14։30-ին ինձ հրավիրեցին նախագահի մոտ, հանդիպումն ավարտվեց ուշ երեկոյան: Պատգամավորները քվեարկել են  լեզուների մասին օրենքին կողմ, ինչից հետո պատգամավորներից մեկն ասաց՝ մենք նրանց կատվի ձագերի պես մոլորեցրինք: Ինձ թվում է` առաջին հերթին դուք մոլորեցրիք ինձ, բոլոր ուկրաինացիներին: Այս քվեարկության պտուղների համը մենք դեռ երկար կզգանք,–հայտարարել է Լիտվինը:

Նշենք, որ Լիտվինի ելույթից հետո փոխխոսնակ Ադամ Մարտինյուկը 30–րոպեանոց ընդմիջում է հայտարարել:  

Հիշեցնենք, որ ռուսերենին վերաբերվող վերոհիշյալ օրինագիծը մեծ աղմուկ էր բարձրացրել Ուկրաինայում։ Այսօր նույնիսկ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև։

Այս խորագրի վերջին նյութերը