Լրահոս

04.07.2012 13:09


Փորձագետ. «Ասադը, հնարավոր է, զիջի իշխանությունը, բայց ոչ վարչակարգը»

Փորձագետ. «Ասադը, հնարավոր է, զիջի իշխանությունը, բայց ոչ վարչակարգը»

Հրավիրված ասուլիսին լրագրողների հարցերին է պատասխանել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Նա հիմնականում անդրադարձել է Սիրիայում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Սիրիա–Իրան աշխարհաքաղաքական զույգի հետ կապված խնդիրներին։

Փորձագետը նշել է, որ Սիրիայի հարցով պայմանականորեն կարելի է դիտարկել երկու կողմ՝ Արևմուտքը, որի խոսնակի դերում, ըստ Մելքոնյանի, այսօր հանդես է գալիս Թուրքիան, և Սիրիա–Իրան աշխարհաքաղաքական առանցքը, որն ունի նաև աջակիցներ, ինպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը։

–Եթե Սիրիայի հետ Թուրքիան խիստ կոշտ ձևով է խոսում, ապա նույնը չի կարելի ասել թուրք–իրանական հարաբերությունների մասին։ Իրանի հետ Թուրքիան վարվում է շատ ավելի զգույշ,– նկատել է բանախոսն ու հավելել, որ Թուրքիայի վերաբերմուքնը Իրանի նկատմամբ այսօր կարելի է որակել որպես «բարի սառնություն»։

Մելքոնյանի կարծիքով՝ թուրք–սիրիական լարվածությունն ավելի շուտն դավանանքների հակամարտություն է։

–Այս ամենն ունի դավանանքային բնույթ։ Այստեղ ոչ թե թուրքերն ու արաբներն են պայքարում, այլ սունիներն ու շիաները, և Թուրքիան բացահայտ պաշտպանում է սիրիական ապստամբներին, ովքեր սունիներ են և պայքարում են շիական, այսինքն՝ալևիական դավանանքի կրող Ասադի վարչակարգի դեմ,– հայտարարել է թուրքագետը՝ հավելելով, որ Սիրիայի ապստամբներն իսլամիստներ են ու իշխանության գալու դեպքում կարող են ճնշումներ գործադրել տեղի քրիստոնեական, այդ թվում նաև հայկական համայքնների ու փոքրամասնությունների վրա։

Պատասխանելով նախագահ Ասադի հրաժարականի հավանականությանը վերաբերող հարցին՝ Մելքոնյանն ասել է.

–Ասադը, հնարավոր է, զիջի իշխանությունը, բայց ոչ վարչակարգը։ Միգուցե անձի փոփոխություն լինի, բայց վարչակարգի փոփոխությունը շատ ավելի դժվար կլինի։

Անդրադառնալով Սիրիայի հայկական համայնքի խնդիրներին ու հնարավոր ներգաղթին Հայաստան՝ բանախոսը նշել է, որ դա պետք է տեղի ունենա միայն մահվան սպառնալիքի առկայության դեպքում, քանի որ Սիրիայի հայկական համայնքը սփյուռքում ամենաուժեղներից և գործուններից է։ Ինչ վերաբերվում է այն հարցին, թե Հայաստանը արդյոք պատրա՞ստ է մեծ թվով սիրիահայերի  ընդունել բարձր մակարդակով, ապա Մելքոնյանն պատասխանել է.

–Չեմ կարող ասել՝ փայլուն մակարդակով, բայց վստահ եմ, որ ամեն ինչ արվելու է այդ մարդականց տեղավորելու համար, քանի որ ժամանակը եկել է, որ ոչ միայն սփյուռքը կանգնի Հայաստանի կողքին, այլ նաև Հայաստանը կանգնի սփյուռքի կողքին։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը