Լրահոս

03.07.2012 11:10


Ասադը ցավում է Թուրքիայի ինքնաթիռը խփելու համար. Սիրիան կարծել էր, թե դա Իսրայելի ինքնաթիռն է

Ասադը ցավում է Թուրքիայի ինքնաթիռը խփելու համար. Սիրիան կարծել էր, թե դա Իսրայելի ինքնաթիռն է

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ցավում է, որ Սիրիայի պաշտպանական ուժերը հունիսի 22-ին վայր են գցել Թուրքիայի ռազմական ինքնաթիռը։ Այս հայտարարությունը հնչել է թուրքական «Ջումհուրիեթ» թերթի հետ հարցազրույցում։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Ըստ այդ հարցազրույցի՝ Ասադը նշել է, որ իրենք  ինքնաթիռը խփելուց հետո են միայն իմացել, որ դա թուրքական է. ինքնաթիռը շարժվել է այն միջանցքով, որը երեք անգամ օգտագործվել է իսրայելական օդուժի կողմից։

Ասադը նշել է, թե թույլ չի տա՝ թուրք–սիրիական հարաբերությունները զինված դիմակայության վերածվեն։ Հենց այդ պատճառով է, որ Սիրիան չի պատրաստվում ուժեր կուտակել Թուրքիայի սահմանի մոտ, չնայած որ թուրքական կողմը դիմել է նմանօրինակ քայլի։ Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին թուրքական բանակը 6 կործանիչ է ուղարկել սահմանի մոտ։

Նշենք, որ չնայած այս հարցազրույցը հրապարակվել է երեկ՝ հուլիսի 2-ին, այնուամենայնիվ,«Ջումհուրիեթ»–ը չի նշում, թե երբ է անկացրել հարցազրույցը Սիրիայի նախագահի հետ։ Դրա մասին կարելի է միայն ենթադրություններ անել։ Օրինակ, նախագահ Ասադը զրույցի ընթացքում հիշատակում է Ժնևի համաժողովի մասին։ Հիշեցնենք, որ այդ համաժողովը կայացել է հունիսի 30-ին, և դրա ավարտին Սիրիայում ստեղծված իրավիճակը կարգավորելու նոր ծրագիր էր մշակվել։

Այս խորագրի վերջին նյութերը