Կարծիք

02.04.2012 10:56


Պարտական մնալ «ավազակ, ծեր բարոններին»

Պարտական մնալ «ավազակ, ծեր բարոններին»

Ժողովուրդն ասում է՝ կատվի վազքը մինչև մարագն է:

Այն, ինչով ներկայանում է իշխանությունը խորհրդարանական ընտրություններին, այլ կերպ բնութագրել չի կարելի: Նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական և ներհասարակական ճգնաժամի պայմաններում իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, փորձեց իր շուրջը ստեղծել դեմոկրատ և բարեշրջիչ գործչի իմիջ, ինչը, ըստ իշխանական քարոզիչների, պետք է որ օգներ դուրս գալու ներքաղաքական ճգնաժամից և ինչ-որ չափով բարձացնելու գործող նախագահի գրեթե զրոյական լեգիտիմության աստիճանը: Ընտրություններից անմիջապես հետո Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Միանասյանը ամերիկացիներին ակնակրել է, որ իրենք փորձում են պարտական մնալ նոր սերնդին: Մասնավորապես, «Վիկիլիքսի» փոխացմաբ, Միքայել Մինասյանը ՀՀ-ում ԱՄՆ-ի գործերի հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնին հետևյալ ակնարկն էր արել. «Ո՞ր մեկին մենք կցանկանայինք, որ պարտական լիներ Սերժ Սարգսյանը՝ ավազակ ծեր բարոնների՞ն, թե՞ նոր սերնդին»:

Հավանաբար այսպես կոչված «նոր սերնդին» պարտական լինելու ռազմավարության շրջանակներում Սերժ Սարգսյանի թիմը, բացի իրական բարեփոխումներից, դիմեց բոլոր հնարավոր պոպուլիստական միջոցներին և անգամ ստիպված եղավ ոտնահարելու Հայաստանի Հանրապետության պետական շահերը: Սկզբում վարչապետ նշանակվեց իբր կրթված ու կրիմինալ կապերով չփայլող Տիգրան Սարգսյանին: Սակայն շատ կարճ ժամանակ հետո պարզվեց, որ  ուսյալ, կրթյալ վարչապետը տնտեսություն ավերելու և Հայաստանի արտաքին պարտքը կրկնապատկելու յուրահատուկ տաղանդ ունի: Հետո իշխանությունը ծննդաբերց  Հանրային խորհուրդ կոչվածը, որը հանրության հետ ոչ մի կապ չուներ, ու  պարզվեց, որ շատ անհաջող ծնունդ էր: Նշենք նաև մարզահամերգային համալիրում կուսակցապետերի հետ Սերժ Սարգսյանի թամաշաներն ու ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին նրա դեմագոգիկ ելույթները: Ըստ էության՝ սույն քայլերն արվեցին ներքին լեգիտիմության պակասը լարցնելու համար, ինչը գրեթե զրոյական արդյունք տվեց:

Արտաքին աշխարհի մոտ լեգիտիմացվելու խնդրի լուծման համար Սերժ Սարգսյանը գնաց ավելի ծայրահեղական քայլերի: Հանուն կառուցողական լիդերի իմիջի և արևմուտքի բայրացակաման վերաբերմունքի՝ իշխանությունը ստորագրեց հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները, զուգառեբար Սերժ Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց ազատագրված տարածքները վերադարձնել Ադրբեջանին: Բնականաբար՝ կրկին «նոր սերնդին» պարտական լինելու շրջանակներում:

Սակայն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պարզվեց, որ այսպես կոչված «նոր սերունդ» օպերացիան տապալվել է, քանի որ իշխանության, մասնավորապես հանրապետականների, վարկանիշը հասարակության շրջանում խայտառակ ցածր է, և այդպիսի վարկանիշով ընտրությունների միջոցով վերարտադրվելը բարդագույն խնդիր է: Նույնիսկ այն պարագայում, երբ խորհրդարանական ընտրություներին մասնակից ուժերի շարքում իրական այլընտարնքային ուժ գրեթե գոյություն չունի:    

Իրավիճակից ելք գնտելու համար և ինչ-ինչ վախերից դրդված՝ Սերժ Սարգսյանի շրջապատը երկնեց ՀՀԿ համամասնական ցուցակը: Պարզվեց, որ «նոր սերունդ» ասվածը իշխանությունը մի քիչ այլ կերպ է պատկերցնում, և նոր սերունդ ասելով՝ նկատի ունեն Արտաշես Գեղամյանին, գեներալ Մանվելին, Վարդան Ղուկասյանին և նմանատիպ այլ դեմքերին: Իշխանությունը ընտրությունների ժամանակ քվեներ ստանալու առումով հենվել է և հենվելու է կրիմինալի, թաղային հեղինակությունների և, բնականաբար, փողի վրա: Իսկ այդքան հորջորջված «նոր սերունդը» թաքնվելու է հենց նույն կրիմինալի հետևում: Ընտրություններից հետո, երբ կրիմինալն ու փողը իրենց գործն արած կլինեն, նոր թափով կարելի է սկսել «նոր սերնդի» և երիտասարդ բարեշրջչիների քարոզը, իսկ «ավազակ, ծեր բարոններից» ոմանց հնարավոր կլինի հռչակել անհանդուրժելի և անընդունելի:

Պարոնա՛յք, դուք շարունակում եք և շարունակելու եք պարտական մնալ «ավազակ, ծեր բարոններին», քանի որ այլ հենարան չունեք:

Դերենիկ Մալխասյան

Այս խորագրի վերջին նյութերը