Մեկնաբանություն

21.03.2012 23:19


Ո՞ւմ առջև կփակվեն «զուգարանները»

Ո՞ւմ առջև կփակվեն  «զուգարանները»

Սերժ Սարգսյանի քաղաքական վարքագիծն ուսումնասիրելով՝ գալիս ենք այն եզրակացության, որ դիմացը ուժ տեսնելիս նա անմիջապես զիջողականություն է ցուցաբերում, երկխոսություն նախաձեռնում և փորձում ժամանակ շահել։

Սարգսյանի «երկխոսական» մարտավարությունը հիմք է տալիս մեկ այլ եզրակացություն էլ անել. նա այդ ընթացքում ձգտում է մաշեցնել դիմացինի ուժերը, և երբ տեսնում է, որ ոտքի տեղը պնդացրել է, փոխում է իր զիջողական կեցվածքն ու անցնում գրոհի՝ ոչ մի պայմանավորվածություն չպահելով և ոչ մի խոստում չկատարելով։ Այդպես եղավ մասնավորապես Հայ ազգային կոնգրես–իշխող կոալիցիա «երկխոսության» ժամանակ։

Երբ 2011–ի փետրվարին մի շարք ներքին ու արտաքին (արաբական հեղափոխական ալիք) գործոններով պայմանավորված՝ Հայաստանում հեղափոխական տրամադրություններ կային, Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած ուժի հանրահավաքներին տասնյակ հազարավոր մարդիկ էին գալիս։ Պիկը 2011–ի մարտի 1–ի և  մարտի 17–ի հանրահավաքներն էին։ ՀԱԿ առաջնորդն այդ փուլում մի շարք պահանջներ ներկայացրեց Սերժ Սարգսյանին։ Վերջինս սկսեց ժամանակ ձգելով կատարել ահագին մեղմված պահանջները, որոնք մնացել էին երեքը՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, Ազատության հրապարակում հանրահավաք անելու թույլտվություն և Մարտի 1–ի գործի վերանայման հավաստիացում, որից հետո էլ պատրաստակամություն էր հայտնվում գնալ երկխոսության։ 

«Երկխոսությունն», ինչպես հայտնի է, տեղի ունեցավ այն փուլում, երբ ՀԱԿ–ի հանրային ռեսուրսը զգալիորեն պակասել էր փետրվար–մարտին արձանագրվածից, և երբ կոնգրեսական տարբեր գործիչներ սկսել էին սրտնեղել Տեր–Պետրոսյանի մարտավարությունից։

«Եթե սա գործարք է, ապա քաղաքական գործարք է»,– իրեն քննադատողներին պատասխանում էր Տեր–Պետրոսյանը։

Գյալաջի հիշեցնող բուն «երկխոսությունն» ինչպես նախորդ տարվա հանրահավաքային ալիքի պահին պահանջների դանդաղ բավարարման գործընթացը՝ ժամանակ ձգելուն և հանրահավաքային ռեսուրսը մաշեցնելուն էր միտված։ Ի վերջո, «անդնչկալ շուն» օպերացիայից հետո ձերբակալվեցին ՀԱԿ–ի երիտասարդ ակտիվիստները, ինչն էլ պատճառ դարձավ ՀԱԿ–ի ու կոալիցիայի միջև հրապարակային շփումների դադարեցմանը։ Տեր–Պետրոսյանին դրանից հետո այլ բան չէր մնում, քան կրկին կիրառել կոշտ հռետորաբանություն և անցնել շուրջօրյա հանրահավաքների, բայց արդեն ուշ էր. փետրվար–մարտի թափը չկար։ Իշխանությունն այնքան ինքնավստահ էր դարձել այդ ընթացքում, որ շուրջօրյաների ժամանակ փակել տվեց ոչ միայն մարզերից եկող ավտոբուսների մուտքը մայրաքաղաք, այլ նաև Օպերայի շրջակայքի զուգարանները։ Դրությունը չփոխվեց անգամ Տեր–Պետրոսյանի՝ զուգարանները բացելու  հրապարակային խնդրանքից հետո։

Թվում էր, թե սա դաս պետք է լինի ինչպես ՀԱԿ–ի, այնպես էլ մյուսների համար, սակայն ավա՜ղ...

Դատելով կուսակցությունների ներկայացրած ցուցակներից՝ կարող ենք ասել, որ կրկին յուրօրինակ «երկխոսություն» է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և որոշ քաղաքական կոչված դեմքերի միջև։ Պարտքս եմ համարում «երկխոսողներին» հիշեցնել, որ Սերժ Սարգսյանը ուժ տեսնելիս փափկում է, իսկ նույն այդ ուժի ռեսուրսները «երկխոսության» օգնությամբ մաշեցնելիս և սեփական դիրքերն ամրացնելիս՝ փակել է տալիս անգամ զուգարանները։

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը