Հարցազրույց

16.05.2009 17:00


Աշոտ Լյուդվիգովիչ Միքայելյան.

Աշոտ Լյուդվիգովիչ Միքայելյան.

Հարցազրույց պլաստիկ վիրաբույժ, «Երկու աստղ» շոու-ծրագրի հաղորդավար Աշոտ Լյուդվիգովիչ Միքայելյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում «Եվրատեսիլ»-ում հաղթելու Անուշ և Ինգա Արշակյանների հնարավորությունները։

-Լավ երգ է ընտրվել «Եվրատեսիլ»-ի համար, բայց  չեմ կարծում, թե կհաղթենք։

-Ինչու՞։

-Ես «Եվրատեսիլ»-ին լուրջ չեմ վերաբերվում։ Ինձ թվում է՝ երգարվեստի հետ այն, մեծ հաշվով, ոչ մի կապ չունի։ «Եվրատեսիլ»-ը ավելի շատ քաղաքական երանգներ ունի։ Իսկ այս տարվա մասնակիցները, ընդհանրապես, լավ չեն երգում։ Ինչ-որ անլրջություն կա նրանց ելույթներում։

-Դա վերաբերում է նաև մե՞ր մասնակիցներին։

-Ո՛չ։ Մեր մասնակիցների կատարումը լավն էր։ Ինձ դուր չեկավ մերոնց ելույթի վիզուալ մասը։ Այդ մասով լավ չէին աշխատել։ Կարծում եմ՝ շեշտն ավելի շատ դրված էր կատարման վրա։

-Կա՞ ինչ-որ օրինաչափություն, թե ով «Եվրատեսիլ»-ում ավելի մեծ հաղթելու հնարավորություն ունի։

-Ինձ թվում է, որ ամեն անգամ հաղթում են այն երկրները, որոնք ինչ-որ խնդիրներ ունեն։ Այսինքն, այն տրամաբանությունն է աշխատում, որ Եվրոպան պետք է ինչ-որ լուծումներ տա, պետք է բացատրի, թե՝ գիտե՞ս, այնպես չէ, թե մենք քեզ չենք ընդունում։ Նման երկրները, որպես կանոն, «Եվրատեսիլ»-ում հաղթում են։

-Այսօր օրակարգում հայ-թուրքական հարաբերություններն են։ Այդ համատեքստում որքանո՞վ է հավանական, որ հաղթեն մեր կամ Թուրքիայի ներկայացուցիչները։

-(Ծիծաղելով) Այդ համատեքստում,  ինձ թվում է, Թուրքիան կհաղթի։

-Իսկ ինչո՞ւ՝ ոչ մենք։

-Որովհետև, իմ կարծիքով, Եվրոպան խնդիր չունի Հայաստանին հասկացնելու, որ մեզ հետ է։ Ասեմ նաև, որ շատերը հավանական են համարում Ադրբեջանի զույգի հաղթանակը։ Գիտեք, որ բուքմեյքերական գրասենյակները խաղադրույքներ են կատարում, թե ով կհաղթի։ Եվ ահա նրանք, անգամ՝ Հայաստանի գրասենյակները, մեծ են համարում հավանականությունը, որ «Եվրատեսիլ»-ում հենց Ադրբեջանը կհաղթի։

-Դուք ասում եք, որ «Եվրատեսիլ»-ը քաղաքական ենթատեքստ ունի։ Կա այլ տեսակետ, թե այս մրցույթը տնային տնտեսուհիների, սեռական փոքրամասնությունների և այլոց  համար է։

-Ես այսպես եմ կարծում. «Եվրատեսիլ»-ում միշտ այն մասնակիցներն են շատ ձայներ հավաքում, ովքեր տարբեր երկրներում կարողանում են իրենց համար քվեարկողներ ձեռք բերել։ Այս առումով, հայ կատարողները, շնորհիվ մեր սփյուռքի, վատ հնարավորություններ չունեն։ Սակայն կա մեկ այլ գործոն։ Եթե, ասենք, մասնակիցն իրեն ներկայացնում է որպես սեռական փոքրամասնության ներկայացուցիչ, նրա օգտին քվեարկում են բոլոր երկրների «իրենց  նմանները»։ Ասենք՝ եթե մասնակիցը «սադիստի» դեմքով է բեմ դուրս գալիս, նրան ձայն են տալիս բոլոր սադիստները, եթե մազոխիստի դեմքով, բնականաբար, նրան ձայն են տալիս մազոխիստները...

-Ձեր ասածը  կարո՞ղ ենք համարել մեր կազմակերպիչներին ուղղված առաջարկ, թե  ինչպես նախապատրաստվեն հետագա «Եվրատեսիլ»-ներին։

-Ինչ-որ տեղ՝ այո։ Եթե ուզում եք «Եվրատեսիլ»-ում հաղթել, ապա պետք է լայն զանգվածների համար աշխատեք։ Եվ հենց դրա համար «Եվրատեսիլ»-ը չեմ համարում լուրջ մրցույթ, և չէի ցանականա, որ մեր մշակույթը նման տեղերում ներկայացնեինք։ Շատ ավելի լուրջ մրցույթներ կան, որտեղ հայոց ազգը կարող է իսկապես պատշաճ կերպով ներկայանալ։ Այլ ոչ թե այնպիսի մրցույթի մասնակցի, որտեղ վճռորոշ նշանակություն ունի քաղաքականությունը կամ այլ բան։ Օրինակ՝ Ռուսաստանի հաղթանակը միանշանակ քաղաքականություն եմ համարում։

-«Եվրատեսիլ»-ին մասնակցելը մեր շոուբիզնեսի զարգացմանն ինչ-որ ձևով նպաստու՞մ է։

-Միգուցե՝ միայն այն չափով, որ հնարավոր է՝ դրսում իմանան, թե Հայաստանում կա՞, ասենք, այսպիսի տղա կամ աղջիկ, որը երգում է, և նրանց ներգրավեն ինչ-որ մի զուգերգում։ Ընդ որում, հրավիրելու են ոչ թե ձայնի, այլ, ասենք, երկար մազեր ունենալու համար...

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը