Լրահոս

16.05.2009 12:44


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի գլխավոր դատախազին

Մայիսի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազ տիկ. Ռենատա Վեսեցկայի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ տիար Աղվան Հովսեփյանի:

Ողջունելով մեծարգո հյուրին՝ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև տարբեր մակարդակների վրա տեղ գտնող շփումների և սերտ համագործակցության առիթով և հաջողություն մաղթեց երկու դատախազներին: Ի դեմս Չեխիայի գլխավոր դատախազի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց Չեխիայի իշխանություններին՝ հայ համայնքի և Հայ Եկեղեցու հանդեպ դրսևորվող ուշադրության և հոգատարության համար:

Հանդիպմանը խոսվեց նաև երկու երկրներում Եկեղեցի-պետություն հարաբերությունների և եկեղեցական կյանքի մասին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայ Եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ոչ միայն հոգևոր կենտրոնն է հայ ժողովրդի, այլև ազգային ինքնության դարբնոցը»,- ասաց Հայոց Հայրապետը՝ ներկայացնելով վերազարթոնք ապրող Հայ Եկեղեցու ներկայիս գործունեությունը:

Հանդիպումից հետո տիկ. Ռենատա Վեսեցկայի գլխավորած պատվիրակությունն այցելեց Վեհարանի թանգարան, Ալեք և Մարի Մանուկյանների գանձատուն և Մայր Տաճար:

Այս խորագրի վերջին նյութերը