Լրահոս

27.02.2012 17:45


ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

 Փետրվարի 27-ին Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվեցին և դրական եզրակացություն ստացան մի խումբ օրինագծեր:

Առաջին ընթերցմամբ հանձնաժողովը քննարկեց ՀՀ կառավարության հեղինակած ՙՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ ՀՀ օրենքի նախագիծը:

 ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեղեկացմամբ`  փոփոխություններով առաջարկվում է սահմանել, որ 14-18 տարեկան անչափահաս դատապարտյալներն  առանձին  պահվեն չափահաս դատապարտյալներից, ինչը  կբացառի վերջիններիս վտանգավոր ազդեցությունն անչափահաս դատապարտյալների վրա:

Ըստ հեղինակի` նախագծի ընդունման արդյունքում  հնարավորություն կլինի հանցագործություն կատարած անչափահասներին պատիժը կրել միևնույն քրեակատարողական հիմնարկում (չափահաս դառնալուց հետո` անչափահասներից անջատ): Մինչև նշանակված պատժի ավարտը չի ընդհատվի ուղղիչ-դաստիարակչական աշխատանքների կատարումը միևնույն հիմնարկում, ինչն առավել արդյունավետ կլինի: 

Սրանից բացի` քրեակատարողական հիմնարկի պետը  դատարանի որոշման հիման վրա  հնարավորություն կունենա  սահմանափակելու  դատապարտյալի նամակագրության գաղտնիության իրավունքը, որը, ըստ նախարարի` կնպաստի քրեակատարողական հիմնարկում անվտանգության և ուղղիչ հիմնարկի ներքին  կանոնակարգի պահպանմանը, հանրության առողջության և բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների պաշտպանությանը, այդ թվում նաև` այլ դատապարտյալների սոցիալական վերականգնմանը խոչընդոտող անմիջական վտանգի կանխմանը:

            Հանձնաժողովի անդամները  որոշ մտահոգություններ ունեին` կապված  դատապարտյալների նամակագրության սահմանափակումների հետ: Համաձայնություն կայացվեց  հետագա քննարկումների ընթացքում օրինագիծը լրամշակել և  դարձնել երկուստեք ընդունելի:

Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ գարնանային և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

 Առաջին ընթերցմամբ քննարկվեց ՀՀ կառավարության հեղինակած ՙԱրտակարգ դրության իրավական ռեժիմի մասին՚ և ՙՎարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին՚ օրինագծերի փաթեթը և դրական եզրակացություն ստացավ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում քննարկվելու  համար: Երկրորդ և երրորդ ընթերցմամբ քննարկումները ևս նախատեսվում է իրականացնել  այս քառօրյա  նիստերի ընթացքում:

            Երկրորդ    ընթերցմամբ հանձնաժողովը քննարկեց  պատգամավորներ Դավիթ  Հարությունյանի, Վարդան Բոստանջյանի, Հեղինե Բիշարյանի հեղինակած  ՙԱզգային ժողովի կանոնակարգ՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚  օրինագիծը` կից օրենսդրական փաթեթով, որը ևս ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Մինչև 15 օրով հետաձգվեց  ՀՀ կառավարության «ՀՀ  քաղաքացիական դատավարության  օրենսգրքում լրացումներ կատարելու մասին՚» օրենքի նախագծի քննարկումը:

  ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը