Լրահոս

24.02.2012 18:06


100% համամասնական ընտրակարգի հարցը արտահերթ է ճանաչվել և ԱԺ–ում կքննարկվի փետրվարի 28-ին

100% համամասնական ընտրակարգի հարցը արտահերթ է ճանաչվել և ԱԺ–ում կքննարկվի փետրվարի 28-ին

Այսօր Ազգային Ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ԱԺ «Ժառանգություն» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունների Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի  հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խառն ընտրակարգից անցում կատարել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի:   

Հանձնաժողովը դրական եզրակացություն չտրվեց օրենքի նախագծի վերաբերյալ, ինչը հիմք հանդիսացավ որպեսզի «Ժառանգություն» խմբակցությունն իր նիստում այն արտահերթ ճանաչի եւ այդ որոշումը Ազգային ժողովի նախագահին ներկայացնի ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն: 

Օրինագիծը կներառվի փետրվարի 27-ից մարտի 1-ի քառօրյա նիստերի օրակարգում եւ արտահերթ կքննարկվի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում:

Հիցնենք, որ «Ժառանգություն» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների այս նախաձեռնությունը ողջունել ու զորակցել էին  մեկ տասնյակից ավել քաղաքական ուժեր  եւ հասարակական ու քաղաքական նախաձեռնություններ:

 

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում մինչեւ 30 օրով հետաձգվեց «Գաղտնազերծման մասին»  եւ այլ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը:

Հանձնաժողովի կողմից մերժվեց «Ժառանգություն» խմբակցության կողմից ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը, որը պետք է ուսումնասիրեր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) մասնավորեցման գործընթացի, նրան հանքավայրերի շահագործման իրավունքներ տրամադրելու պայմանների, ԶՊՄԿ-ի կողմից ՀՀ-ում օրենքով սահմանված բնապահպանական չափորոշիչները պահպանելու եւ բնապահպանական վճարների կատարման, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա  հանրային շահ  ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշման օրինականության հարցերը:

Այս խորագրի վերջին նյութերը