Լրահոս

24.02.2012 16:30


Ստորագրվել է 15 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ փոխառության համաձայնագիր

Ստորագրվել է 15 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ փոխառության համաձայնագիր

Փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվեց 15 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ փոխառության համաձայնագիր Համայնքային ջրամատակարարման ծրագրի շրջանակում: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին:

Փոխառության գումարը ենթավարկային համաձայնագրով կփոխանցվի “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ին` սպասարկման  մի շարք տարածքների ջրամատակարարումը  բարելավելու  նպատակով:

Ծրագրի շրջանակում մասնավորապես կիրականացվեն Աշտարակ, Մասիս, Էջմիածին քաղաքների և հարակից բնակավայրերի ջրամատակարարման ցանցերի վերականգնման աշխատանքներ:

Փոխառությունը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 10-ը՝ արտոնյալ (առանց մայր գումարի մարման): Տոկոսադրույքը կազմում է ԱՄՆ դոլարի 6-ամսյա LIBOR+փոփոխական մարժա:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել  2015 թվականի հունիսի 30-ին: 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը