Կարծիք

23.02.2012 09:02


Ես` «դյուրահավատ» ՀՀ քաղաքացիս

Ես` «դյուրահավատ» ՀՀ քաղաքացիս

Մի քանի օր առաջ, բոլորովին պատահաբար, վարչապետի ճեպազրույցից իմացա, որ ես մնում եմ Հայաստանում, որովհետև հավատում եմ վարչապետին:

Ճեպազրույցի ժամանակ վարչապետն ասաց. «Հայաստանում մնացել են նրանք, ովքեր մեզ հավատում են»: Ամերիկացիներն այս դեպքում ասում են.«O, my God»: Հայերը տարբեր բաներ են ասում նման դեպքերում:

Փաստորեն, ես հավատում եմ մեր կառավարությանը, անձամբ` վարչապետ Տիգրան Սարգսյանին, մեր տնտեսական աճին, հանրապետական կուսակցությանն ու նախագահին, կայանալիք չկայացած ընտրություններին ու հենց այդ պատճառով մնում եմ Հայաստանում:

Հավատում եմ, փաստորեն, կրթության նախարարության սահմռկեցուցիչ ռեֆորմներին, ըմբոշխնում եմ ամեն օր հանրակրթական դպրոցների հետևանքները, հավատում եմ, որ կոռուպցիան, այդ արգահատելի  կոռուպցիան, արմատախիլ է արվում դպրոցից, հենց որ ամենակոռումպացված դպրոցի պատին մեծ տառերով գրում են. «Դրամահավաքը դպրոցում արգելվում է»:

Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկն անցնելիս, երբ երկու ոտքով խրվում եմ տասնօրյա ձյան մեջ ու մի քանի րոպե մնում ցեխաձյան մեջ, անմիջապես հավատում եմ քաղաքում իրականացվող ակտիվ ձյունամաքրման աշխատանքների մասին երկարատև ռեպորտաժին:

Իմ ծանոթ բոլոր պաշտոնյաների զավակներին բանակից ազատված տեսնելիս անմիջապես հավատում եմ, որ զորակոչն անթերի է, ու բանակը մեր երկրի գոյատևման երաշխիքն է:

Իմ վարչապե՛տ, ես հավատում եմ փաստորեն Ձեզ:

Աշխարհի ամենափառահեղ երկրներից մեկից Երևան վերադառնալուց առաջ ինձ հարցնում էին, թե ինչ կա Երևանում, որ կարելի է այդպես կարոտել և ուզել վերադառնալ, եթե հարազատներդ քեզ հետ են, ու կարող ես ապրել օրինավոր ու հարուստ երկրում: Պատասխան չգտա:

 Երևան վերադառնալու հաջորդ օրը իմ տան մոտ գտնվող մանրավաճառի կրպակի մոտով անցնելիս լսեցի մանրավաճառ կնոջ հարցը. «Աղջի՛կ ջան, էս ուր էիք, ձեր տնից մարդ չէր էրևում»: Այս հարցը էլ ուրիշ ոչ մի տեղ ինձ չեն տա: Ուրեմն՝ ես մնացել եմ Հայաստանում, որովհետև հավատում եմ ամեն առավոտ ինձ բարևող անծանոթ մանրավաճառին, որն անհանգստացել էր մեր ընտանիքից ոչ մեկին երկար ժամանակ չտեսնելու համար: Մանրավաճառին հավատում եմ, պարո՛ն վարչապետ: Իսկ մնացած բաներին իմ երկրի` հավատում եմ այնքան, ինչքան Ձմեռ պապի գոյությանն էի հավատում ծնողներիս չհիասթափեցնելու համար:

Այնպես եմ հավատում Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդին, որն ասում է՝ քաղականությունն առանց ինտրգների չի լինում: Այնպես հավատում եմ երիտասարդ hհկականների երթին` նվիրված Վարդանանց տոնի հիշատակին, որ ուզում եմ մասնակցել, մանավանդ որ երթին մասնակցում էին վարչապետն ու քաղաքապետը: Ափսոս, ուշ իմացա: Վասն հայրենյաց, վասն հավատոյ:

Շատ եմ հավատում նախապես վարժեցրած երեխաների անգիր արած տեքստերին, որոնք ասում են, թե իրենք Չարենցի պատգամների հետևորդն են: Հինգ տարի բանասիրության բաժնում սովորել եմ, բայց Չարենցի պատգամներին տեղյակ չեմ: Կենսագրության այլ հետաքրքիր մանրամասներ գիտեմ, բայց չեմ կարծում, որ կենսագրական հենց այդ մանրամասների հետ կապված պատգամների հետևորդը լինելն ի նկատի ուներ հավանաբար դասարանի գերազանց սովորող աշակերտը, որ այնպես հարթ կեղծում էր իր մանկությունը աշխարհի ամենճշմարտախոս հեռուստաալիքներից մեկով, որին ևս անվերապահ հավատում եմ ու այդ իսկ պատճառով մնացել եմ Հայաստանում:

Անչափ հավատում եմ Արմեն Երիցյանին, որն այն հարցին, թե ճի՞շտ են արդյոք շրջանառվող լուրերը, թե ինքը կարող է ստանձնել ոստիկանապետի պաշտոնը, ասում է, թե ինքն արդեն 30 տարի աշխատել է ոտիկանության ոլորտում, և հիմա թարմ ուժ է պետք, և այդ թարմ ուժը Վlադիմիր Գասպարյանն է, կարծես Գասպարյանի ավարտական երեկոն 2011-ի մայիսին էր, ու ինքը շատ թարմ է:

Ես` դյուրահավատ ՀՀ քաղաքացիս, հավատում եմ, որ  Փարիզյան սուրճը ամենատգեղ երևույթն էր մեր քաղաքի, բայց չգիտես ինչու, բոլորս ձգտում էինք օրը մեկ անգամ գոնե հասնել այդտեղ ու գրավել մեր սովորական տեղը կլոր փարիզյան սեղանների շուրջ:

Այնպես հավատում եմ, որ Լեզվի ինստիտուտի փառահեղ շենքը քանդել էր պետք, որ մեր հոգևոր հովիվը գա զբաղեցնի այդ տեղը եվրառեմոնտ եկեղեցում: Հավատում եմ, որ Ռաֆայել Իսրայելյանի տունը հողին հավասարեցնելը ամենաճիշտ որոշումն էր, իսկ կառուցվելիք հյուրանոցը`անհրաժեշտություն: Ահավոր հավատում եմ, որ Հյուսիսային պողոտայի տները ուղղակի հրաշք են, մանավանդ երբ գիշերը պարզվում է, որ այդպես էլ ոչ ոք չի ապրում այդտեղ:

Հավատում եմ և՛ համամասնականի կարևորությանը, և՛ մեծամասնականի անհրաժեշտությանը: Անչափ հավատում եմ Թեղուտի լիկվիդացիայի անհրաժեշտությանը, մոխրագույն դարձած քաղաքին, որտեղից կանաչը հեռացավ հանուն սրճարաննեերի: Ի դեպ, միակ սրճարանը, որ սարքվեց առանց ծառ հատելու, Փարիզյան սուրճն էր, որն այդպես անխղճորեն  քանդեց մեր անընդհատ աճ արձանագրող տնտեսության հիմքերը:

Ես` դյուրահավատ ՀՀ քաղաքացիս, անընդհատ հավատում եմ, թեև երբեմն իսկապես հավատալու մեծ ցանկություն եմ ունենում:

Քիչ թե շատ վարչապետին իմանալով, գիտեմ, որ նա առանձնապես մտահոգ չէ` մենք հավատո՞ւմ ենք իրեն ու իր կառավարությանը, թե՞ ոչ: Մեր հավատալը նրա կյանքում նույնքան տեղ ունի, որքան իմ կյանքում Վենեսուելայի արտաքին քաղաքականությունը ընդհանրապես և վերջին ամիսներին `մասնավորապես:

Մեր վարչապետը բարձր ինտելեկտուալ է և  տիրապետում է հումորի վարպետությանը: Եվ նուրբ հումորով վերաբերվում է մեզ` իր «դյուրահավատ»  հայրենակիցներին, ու մեր սնապարծ հայրենիքին, որին սիրել կարելի է միայն շատ սիրելու դեպքում, ինչն էլ անում ենք մենք` Հայաստանում մնացած քչերս:

Չեմ կարծում, որ ընդդիմության հավաքներին օպերայի հրապարակում հավաքվածները մնում են Հայաստանում Տիգրան Սարգսյանին հավատալու հետևանքով:

Ոմանք մնում են, որովհետև գնալու տարբերակ չունեն, դրանք շատ են: Ոմանք մնում են, որովհետև հավատում են, որ կարող են փոխել ինչ-որ բան ակնկալվող հեղափոխության, հեղաշրջման, իշխանափոխության արդյունքում: Ոմանք չեն հավատում, բայց մնում են` իներցիայով, բթացած: Շատ քչերը սիրում են երկիրը, որին պատկանում են ծագումնաբանորեն, բայց այլևս չեն պատկանում այդ երկրում իրենց կարևորությամբ: Ոմանք էլ չեն մնում: Ոմանց գնալը ողջունելի է, ոմանց գնալը`անդառնալի կորուստ:

Հավատում եմ անվերապահ Երկրապահ կամավորականների 9րդ համագումարում Սերժ Սարգսյանի արտասանած աֆորիզմին. «Հաղթանակած մարդկանց երկրում չի կարող ոտնահարվել մարդու արժանապատվությունը»: Հետո շարունակեց. «Պետք է հավատալ, որ ստացվի»: Իրոք, աֆորիզմի է ձգում, որին ես պատասխանում եմ. «Թող ստացվի, որ հավատանք»:

Հետո վարչապետին Ռիյա Թազա գյուղի գյուղապետն էր պատմում իր հոգսերը: Այս ազգային փոքրամասնության ներկայացուցիչը ևս մնացել է Հայաստանում վարչապետին հավատալու հետևանքով, դրա համար էլ իր գյուղից կես օր եկել–հասել էր Աշտարակ, քանի որ ձյունը չէր մաքրվել մեր հավատավոր երկրում, ու խնդրում էր վարչապետին, որ օգնի իրենց գյուղին:

Հետո հավատում եմ Արթուր Բաղդասարյանին, որն ասում է, թե իրեն պիտի միանանք, որ երկիրը կառուցենք:

Իսկ ամենից շատ հավատացի Արա Երնջակյանին, որը ոստիկանների հետ եկել էր բնապահպանների  բողոքը զսպելու, քանի որ ինքը օրինապաշտ է: Բայց դրանից հետո էլ չեմ հավատում նրա բեմադրած քաղաքական սատիրային: Կամ` կամ:

Հավատանք, որ ստացվի: Ստացվեց` ուրեմ հավատում ենք: Հավատն ու ստացվելը հաղորդակից անոթներ են: Բայց խաբկանքն է վտանգավոր` երբեմն կարող է թվալ, ու այնպես ստացվի, որ սկսենք հավատալ, թե  հավատում ենք: Հետո ուշքի գանք, պարզվի՝ կյանքն անցել է, ու արդեն ուրիշների հավատալ կամ չհավատալու ժամանակն է:

Թեև վարչապետի պարագայում այս խաբկանքի սպառնալիքը երևի բացառվում է, որովհետև նրա բարձրաճաշակ ու նրբակիրթ ցինիզմը խաբկանքը գրեթե անհնար է դարձնում: Նա միշտ այնպես թեթև, այնպես` «ի դեպ» հայրենակերտման աֆորիզմներ է ստեղծում, որ պետք է բնածին թուլամտություն ունենաս, որ հանկարծ ցնցվես անհամապատասխանությունից` իրականության ու ասելիքի…

Իսկ վարչապետին ու կառավարությանը հավատալու պատճառով  Հայաստանում մնում են միայն թերևս իր ընտանիքի անդամները: Այն էլ`տեղ-տեղ:

Լուսինե Հովհաննիսյան

zham.am

Այս խորագրի վերջին նյութերը