Կարծիք

11.02.2012 11:02


Անշրջանցելի թեմա

Անշրջանցելի թեմա

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ դեռևս տեղի չի ունեցել համապետական այնպիսի ընտրություն, որի ժամանակ մասնակից քաղաքական ուժերն իրենց պլատֆորմներում առանձին կետ չունենային ԼՂՀ հարցում դիրքորոշումների վերաբերյալ: Ավելին, չենք հիշում մի համապետական ընտրություն, որ ԼՂՀ հարցում քաղաքական ուժի կամ գործչի ունեցած դիրքորոշումը առանցքային եղած չլինի:

Արդյոք նո՞ւյնն է լինելու նաև այս անգամ: Մի փոքր առարկայացնենք հարցը` այսօր ԼՂՀ հարցը ունի՞ նախկին պահանջարկը ընտրողների շրջանում, արժե՞ այդ հարցը քարոզչության առանցք դարձնել կամ բաղադրիչ: Չշտապենք պատասխանել:

Մեր տեսակետն այն է, որ ԼՂՀ հիմնախնդրի արծարծումը, անկախ քաղաքական ամենատարբեր իրավիճակներից, եղել է, կա եւ մնալու է առանցքային հարցերից մեկը, քանի դեռ իր վերջնական լուծումը չի ստացել: Շրջանցել այն ոչ մեկին չի հաջողվի, ավելին` ոչ մեկին չի հաջողվի քարոզչական նպատակներով շահարկել այն: Այսօր մարդիկ այդ խնդրի հստակ պարզաբանումների կարիք ունեն, այդ խնդրի հետ կապված անպաճույճ, առանց ավելորդ ճոռոմաբանությունների խոսքի կարիք, եւ մեր քաղաքական ուժերը պարզորոշ գիտակցում են այդ:

Բոլորովին այլ հարց է, թե մասնակից կուսակցություններից որն ինչպես է ներկայացնելու իր դիրքորոշումները: Մեկն, օրնակ, կարող է ասել, որ ստատուս քվոյի պահպանումն արդեն իսկ մեծ ձեռքբերում էր, մեկ ուրիշն էլ կարող թէ պնդել, որ դա ոչ թե ձեռքբերում էր, այլ մեզնից անկախ հանգամանքներով պայմանավորված վիճակ, մի երրորդ ուժ էլ, չի բացառվում, ասի, որ այդ ստատուս քվոն վաղուց կփոխվեր մեր օգտին, եթե ՀՀ-ն ճանաչեր ԼՂՀ անկախությունը կամ վերամիավորումը Հայաստանին: Բայց մի՞թե ընդամենը սա է լինելու այն ամենը, ինչ ասելու է քաղաքական ուժն իր ընտրողին: Իհարկե ոչ:

Վերջին համապետական ընտրություններից արդեն լրիվ չորս տարի է անցել։ Այս ընթացքում ԼՂՀ շուրջ տեղի են ունեցել ամենատարբեր զարգացումներ, որոնց հետևանքները մենք զգացինք եւ դեռ կզգանք: Հետևաբար, այսօր շատ ավելի կարևոր է գնահատել այդ զարգացումներն իրենց պատճառահետևանքային կապերի մեջ, քան զեկույց տալ հասարակությանն այն մասին, թե իրենց դիրքորոշումը չի փոխվել, իրենք անզիջում են, իրենք խորաթափանց են, հեռատես են եւ այլն, թե իրենց շնորհիվ է, որ պատերազմ չկա: Արցախով զմայլվելու, սեփական մեծ-մեծ ներդրումներն այդ գործում տեսնելու եւ տարփողելու փոխարեն, ժամանակն է տեսնելու կիսադատարկ Ղարաբաղը, խնդիրների այն մեծ համախումբը, որ կարիք ունի անհապաղ լուծման` թե ներքին եւ թե արտաքին ճակատներում: Այդպիսի մի խնդիր էլ Ղարաբաղի համար Հայաստանի Հանրապետությունն է, որ ներսում աչքի է ընկնում իր քաղաքական անկայունությամբ, իսկ արտաքին քաղաքականության մեջ` մեղմ ասած, անփորձությամբ ու ձախլիկությամբ: Պարզ է, որ նման «հաջողություններով» աչքի ընկած իշխանությունները (եկեք ասենք` կոալիցիան) այսօր այնքան էլ շահագրգռված չէ ԼՂՀ խնդիրը քննարկել հասարակության հետ, մանավանդ, որ այդ հասարակությանը հուզում են նաև իշխանության համար բազմաթիվ տհաճ հարցեր, օրինակ` ինչո՞ւ ԼՂՀ հարցում հետևողական քաղաքականություն վարող ՀՀ իշխանություններին չի հաջողվում բանակցությունների սեղանի շուրջ համաձայնության գալ դիպուկահարների հարցում, ինչո՞ւ են իրենց որդիները խաղաղ պայմաններում զոհվում առաջին գծում, ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չեն կարողանում միջազգային կառույցների միջոցով ճնշում բանեցնել ամեն ժամ զինավառվող Ադրբեջանի վրա, վերջապես, այդ ինչպես պատահեց, որ Թուրքիան սկսեց միջամտել ԼՂՀ խնդրի կարգավորմանը:

Մյուս կողմից էլ հարցի արծարծումից խուսափելու լուրջ պատճառներ ունեն նաև մի շարք ընդդիմադիր կուսակցություններ ու քաղաքական դաշինքներ, որոնք իրենց գործունեության առանձին էտապներում, իրենց հայտարարություններով ու պահվածքով հնարավորինս աջակցել են իշխանությունների քաղաքականությանն այս հարցերում: Ուստի սրանց համար նույնիսկ շահեկան կլինի շրջանցել ԼՂՀ հիմնահարցին վերաբերող քննարկումները, որովհետև իրենք նաև իշխանություն եղած ժամանակ են հասցրել աչքի ընկնել իրենց պարտվողականությամբ:

Ահա այս իրավիճակում ՀՅԴ ներկայացուցիչը ԱԺ-ում հարց է բարձրացնում Ադրբեջանի դեմ միջոցառումներ ձեռնարկելու մասին, որովհետև այս օրերին ակտիվ գործընթաց է սկսվել` մեր կողմից Խոջալուի ազատագրումը ադրբեջանցիների ցեղասպանություն որակելու ուղղությամբ: ԱԺ նախագահը, անակնկալի եկած, պատասխանում է, թե դա կարևոր հարց է, բայց դեռ պետք է մտածել: Նիկոյանի այդ պատասխանը կայքերից մեկը գնահատում է այսպես` սպասեք գնամ, հարցնեմ, տեսնեմ ի՞նչ կասեն վերևում, նոր ձեզ պատասխան կտամ: Բայց կարևորն այստեղ ոչ թե Նիկոյանի պատասխանի բովանդակությունն է, այլ պատասխան չունենալու փաստը: Կարևորն ԱԺ անակնկալի գալն է, ԱԺ մեծամասնության ընդունած սառը ցնցուղը:

Որոշ վերլուծաբաններ այս միջադեպից հետո խոսեցին այն մասին, թե ՀՅԴ-ն իր ընտրարշավն ամենայն հավանականությամբ կկազմակերպի հենց ԼՂՀ հարցում իր դիրքորոշման քարոզչության վրա, դիրքորոշում, որ էականորեն տարբերվում է բոլորից: Մենք այս վերջին մտքի հետ լովին համաձայն ենք` ՀՅԴ դիրքորոշումն, այո, տարբերվում է բոլորից, բայց նաև ճիշտ չէ, թե ՀՅԴ-ն զուտ այդ պատճառով է կարևորում ԼՂՀ հիմնախնդրի արծարծումը: ԼՂՀ խնդիրը կա օբյեկտիվորեն, այն մարդկանց հուզում է առանց ՀՅԴ-ի եւ մյուսների կամքից: Պարզապես պետք է ընդունել, որ առաջիկա համապետական ընտրությունների քարոզարշավում եւս Արցախի թեման առանցքային է լինելու: Ուղղակի մնում է հասկանալ, թե ով ինչպես է տեսնում այդ հարցի լուծումը:

Էդիկ Անդրեասյան  

Այս խորագրի վերջին նյութերը