Լրահոս

02.02.2012 14:45


Շիրակի մարզում ձնաբքի հետևանքով մեքենաներն ամբողջ գիշեր թաղված են մնացել ձյան մեջ

Շիրակի մարզում ձնաբքի հետևանքով մեքենաներն ամբողջ գիշեր թաղված են մնացել ձյան մեջ

Արդեն երկու օր է, ինչ Շիրակի մարզում առատ տեղումներ են, որոնք ուղեկցվում են ուժեղ քամով: Երեկ գիշերվա ձնաբքի պատճառով մարզի մի շարք միջհամայնքային ճանապարհներ անանցանելի են դարձել:

Թեև մարզային իշխանությունները վստահեցնում են, որ աշխատանքներ են կատարում ճանապարհներն անցանելի դարձնելու ուղղությամբ, սակայն գործնականում հակառակ պատկերն է: Մասնավորապես սաստիկ բքի պատճառով գիշերվանից փակվել է Գյումրի-Վահրամաբերդ ճանապարհը, որի հետևանքով մի քանի ավտոմեքենա մինչև այսօր՝ ժամը 12-ի սահմանները, մնացել է ձյան մեջ թաղված: Իսկ առավոտվանից Գյումրի-Վահրամաբերդ ճանապարհին բազմաթիվ ավտոմեքենաներ են թաղվել ձյան մեջ: Չնայած որ տիրող իրավիճակի մասին տեղյակ է պահվել մարզային իշխանություններին և արտակարգ իրավիճակների վարչությանը, սակայն մինչև օրվա կեսը ոչ մի միջոցառում չի ձեռնարկվել: Ինչպես պնդում են Վահրամաբերդից ոտքով Գյումրի աշխատանքի շտապող քաղաքացիները, ճանապարհին տեղ–տեղ ձյան բարձրությունը հասնում է 4 մետրի:

«Առավոտվանից չենք կարողանում գյուղ հասնել, արդեն մոտ երկու ժամ էլ կանգնած ենք, որևէ օգնություն չկա»,–ասել է ճանապարհին ձյան մեջ թաղված վարորդներից մեկը:

Ճանապարհի տարբեր հատվածներում թաղված ավտոմեքենաների թիվն անցնում էր մեկ տասնյակից: Նույնիսկ ձյուն մաքրող մեքենան ամբողջ գիշեր թաղված է մնացել, որի վարորդն առավոտյան ճարահատյալ քնել էր:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը