Լրահոս

02.02.2012 11:40


Ոստիկանությունից հաստատում են բնակիչների անձնագրերի վավերականությունը ստուգելու մասին տեղեկությունը

Ոստիկանությունից հաստատում են բնակիչների անձնագրերի վավերականությունը ստուգելու մասին տեղեկությունը

Վերջին օրերին «7օր»–ը բնակիչներից ահազանգ է ստնում, որ իրենց տուն են այցելում ոստիկանության աշխատակիցները և ստուգում անձնագրերի վավերականությունը, վերցնում անձնագրային տվյալները։

«7օր»–ը պարզաբանում է փորձել ստանալ ոստիկանությունից։ Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեր կայքին տված հարցազրույցում ընդգծել է, որ եթե խոսքը տեղամասային տեսուչների մասին է, ապա դա իրենց թիվ մեկ գործառույթն է։

–Նրանք մշտապես այցելում են բնակիչներին, տեսնում են՝ ո՞վ է բնակվում, ո՞վ՝ ոչ։ Տեղամասային տեսուչը պետք է իրավիճակին տիրապետի։ Կան բնակարաններ, որոնք բնակեցված չեն։ Գողությունները, հափշտակությունները և նմանատիպ դեպքերը բացառելու համար տեղամասային տեսուչն իրեն պատկանող տարածքի իրավիճակին պետք է տիրապետի։ Դա ոստիկանության զուտ կանխարգելիչ գործառույթն է, որը միշտ եղել է, և զարմանում եմ, թե ինչու է հիմա՛ այդ աղմուկը բարձարցել,–ասել է Ա. Ահարոնյանը՝ ավելացնելով, որ տեղամասային տեսուչների նմանատիպ այցելությունները նախընտրական ժամանակաշրջանի հետ բացարձակապես կապ չունեն, իսկ անձնագրային տվյալներն ընտրությունների համար չեն վերցվում։

Ա. Ահարոնյանը նաև բնակիչներին կոչ է արել աչալուրջ լինել և ուշադրություն դարձնել, քանի որ տեղամասային տեսուչները նրանց բնակարան են այցելում համազգեստով, պարտադիր կերպով ներկայանում են և համապատասխան վկայական են ունենում։

Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր նշանակման առաջին իսկ օրերից հատուկ ուշադրություն է դարձնում այս հարցին, և ոստիկանության ղեկավարության կողմից հատուկ ցուցում կա բնակչությանն իրազեկել, թե իրենց տարածքի տեղամասային տեսուչն ով է, նույնիսկ որոշ շրջաններում տեսուչների լուսանկարով հատուկ այցեքարտեր են բաժանվել։

–Այսինքն՝ բնակչության հիմնական մասը գիտե իրենց տարածքը սպասարկող տեսուչին։ Իսկ եթե տեղամասային տեսուչը փոխվում է, պարտադիր դրա մասին տարածքի բնակչությանն իրազեկվում է,–նշել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը