Քաղաքական

20.01.2012 13:18


Անդրանիկ Թևանյան. «Չեմ ուզում իշխանություններն ընկեն Լյուդովիկոսի ու Մարիա Անտուանետտայի օրը»

Անդրանիկ Թևանյան. «Չեմ ուզում իշխանություններն ընկեն Լյուդովիկոսի ու Մարիա Անտուանետտայի օրը»

100% համամասնական ընտրակարգին անցնելու թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանն ասել է, որ Հայաստանում պատմական իրավիճակ է ստեղծվել, քանի որ ազգային համաձայնության բացառիկ մթնոլորտ է ձևավորված համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ։

–Իշխանական ուժերից մինչև ընդդիմադիր ուժեր, նույնիսկ հաճախորդ կուսակցություններ, բոլորը կողմ են 100% համամասնական ընտրակարգին, ուղղակի իշխող ուժը ինչ–ինչ պատճառաբանություններ է բերում և չի ուզում փոխել այն։ Հիմա մնում է պարզել՝ ովքե՞ր են այն մութ ուժերը, ովքեր դեմ են փոփոխություններին։ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ինքն ուզում է անցկացնել լավ ընտրություններ, նրա փեսան ասում է, որ որակական հեղափոխություն է ուզում, Տիգրան Սարգսյանը հայտարարում է, որ Հայաստանի տնտեսական վիճակը վատ է, որովհետև Հայաստանում կան օլիգարխներ, օլիգոպոլիաների ներկայացուցիչներ, որոնք նաև ԱԺ–ում ներկայացված են և տորպեդահարում են բոլոր այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ուզում է անել կառավարությունը և որը հանգեցնում է տնտեսական վիճակի վատացմանը։ Է, փոխե՛ք ընտրակարգը և մի թողեք այդ մարդկանց մեծամասնականի միջոցով գալ խորհրդարան։ Հարգելի՛ իշխանություններ, մենք ուզում ենք օգնել ձեզ։ Սա եզակի մթնոլորտ է, երբ ընդդիմությունն ուզում է օգնել իշխանությանը, բայց իշխանությունը չի ուզում օգտվել,–ասել է Ա. Թևանյանը։

Նա նշել է, որ իշխանությանը որպես կոմպրոմիս կարելի է առաջարկել 120 համամասնական և 11 մեծամասնական՝ ըստ մարզերի, համակարգը։ Եթե դրանից էլ չօգտվեն իշխանությունները, ապա իրենց PR–փուչիկը, ըստ որի՝ նախագահական նստավայրը պայքարում է անընդունելի և անհանդուրժելի մարդկանց դեմ, պարզապես կպայթի և վերջնականապես պարզ կդառնա, որ հասարակությանն ու պետությանը ձեռնոց է նետվում։

–Դեմ լինելով համամասնական ընտրակարգին անցնելուն, իշխող ուժը փաստացի խոստովանում է, որ առաջին՝ ինքը չունի համապատասխան ձայներ։ Երկրորդ՝ եթե մենք ընդունում ենք, որ 2008թ. պաշտոնական տվյալներով Սերժ Սարգսյանը հավաքել է ավելի քան 50% ձայն, ապա ՀՀԿ–ին որևէ բան չի խանգարում, անցնել 100% համամասնական ընտրակարգի և հավաքել նույն իրենց «50+»–ը. եթե սա չեն անում, ուրեմն գիտեն, որ նախագահականի ժամանակ այդքան ձայն իրականում չեն ունեցել, կամ էլ՝ ընդունում են, որ վերջին չորս տարիների ընթացքում կորցրել են իրենց վարկանիշը։,–նշել է Ա. Թևանյանը։

Իր խոսքի վերջում Թևանյանը պատմական զուգահեռներ է անցկացրել՝ օրինակ բերելով 1787–ին Ֆրանսիայում տիրող իրավիճակը, երբ Լյուդովիկոս թագավորը և իր կինը՝ Մարիա Անտուանետտան ընդառաջ չգնացին ժողովրդի պահանջներին ու չընդլայնեցին խորհրդարանի լիազորությունները։ Ինչպես հայտնի է, Ֆրանսիայում այն ժամանակ տեղի ունեցող զարգացումների արդյունքում գլխատվեցին և՛ Լյուդովիկոս թագավորը, և՛ Մարիա Անտուանետտան։

«Պոլիտէկոնոմիայի» ղեկավարը նշել է, որ ինքը չի ուզում, որ նմանատիպ ցնցումներ լինեն Հայաստանում և դեմ է արյունոտ հեղափոխական զարգացումներին, եգիպտական կամ լիբիական սցենարներին և կողմ է, որպեսզի մեզանում սահուն անցում կատարվի ժողովրդավարությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը