Լրահոս

19.01.2012 10:32


Մեծ Բրիտանիայի վարչապետը Արգենտինային մեղադրել է Ֆոլքլենդյան կղզիները գաղութացնելու փորձի համար

Մեծ Բրիտանիայի վարչապետը Արգենտինային մեղադրել է Ֆոլքլենդյան կղզիները գաղութացնելու փորձի համար

2012թ. կլրանա Ֆոլքլենդյան (իսկ ըստ Արգենտինայի՝ Մալվինյան) կղզիների համար տեղի ունեցած արգենտինա–բրիտանական պատերազմի 30–ամյակը։ Արգենտինական ու բրիտանական կողմերը սկսել են ագրեսիվ հայտարարություններ անել միմյանց հասցեին։ Արգենտինան վերջերս մի քանի անգամ հայտարարել է այդ կղզիների նկատմամբ իր հավակնությունների մասին։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն էլ Արգենտինային մեղադրել է կղզիները «գաղութացնելու» քաղաքականություն վարելու համար։

–Արգենտինական կողմի վերջին հայտարարությունները ես գաղութատիրություն կանվանեի, որովհետև այդ կղզիների բնակչությունն ուզում է մնալ որպես Բրիտանիայի մաս, իսկ Արգենտինան փորձում է նրանց ստիպել ուրիշ բան անել,–հայտարարել է Քեմերոնը։

Իրավիճակը կարող է էլ ավելի սրվել այն հանգամանքով, որ Բրիտանիայի արքայազն Վիլյամը պատրաստվում է 6 շաբաթով գործուղման մեկնել կղզիներ։ Նա կլինի առաջինը թագավորական ընտանիքից, ով այս 30 տարվա ընթացքում կայցելի այնտեղ։

Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշներն արդեն արձագանքել է դրան՝ հայտարարելով, որ այդ գործուղումը ցանկալի չէ ու միայն կսրի արգենտինա–բրիտանական հարաբերությունները։

Ֆոլքլենդյան պատերազմը տեղի է ունեցել 1982թ. ապրիլի 2-ից հունիսի 20-ը։ Բրիտանական կողմը 258 զոհ տվեց, արգենտինականը՝ 649։

Այս խորագրի վերջին նյութերը