Լրահոս

18.01.2012 15:48


ԵՄ և ԵԱՀԿ սատարում են Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը

Եվրոպական միությունը և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը կաջակցեն Հայաստանում 2012 և 2013թթ. կայանալիք ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը: ԵՄ և ԵԱՀԿ համաձայնության են եկել համատեղ ծրագրի իրականացման շուրջ, որի արժեքը կկազմի 1.7 միլիոն եվրո: Ֆինանսավորումը կկատարվի Եվրամիության, իսկ իրականացումը` ԵԱՀԿ-ի Երևանյան գրասենյակի կողմից:

Նշված ծրագրի վերաբերյալ հունվարի 19-ին, ժամը 10:00 Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ժամանակ ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարել Հոֆստրան կմանրամասնեն համատեղ ծրագիրը:

Միջազգային այս երկու կառույցների նման նախաձեռնությունը վերահաստատում է վերջիններիս ցանկությունը` օգնել Հայաստանին անցկացնելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ:

Որպես հայաստանյան ընտրություններին վերաբերող առաջին համատեղ ծրագիր` այն նպատակ ունի օժանդակելու ընտրություններում ներգրավված  շահագրգիռ բոլոր կողմերին:

Ծրագիրը նախատեսում է հետևյալ նպատակների իրականացում.

  • քաղաքացիական հասարակության հմտությունների ամրապնդում` արհեստավարժ կերպով տեղական դիտորդական գործունեության իրականացման և ընտրական գործընթացների` ներառյալ ընտրարշավների, քվեարկության և բողոքարկումների ընթացակարգերի մասին զեկույցների պատրաստման համար,
  • երկրում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդում և սատարում` Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի ուժեղացման և աշխարհագրական տեղակայության ընդլայնման միջոցով` 2012 և 2013թթ. խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ, ընթացքում և հետո: Տարածքային գրասենյակների հիմնումը թույլ կտա ՄԻՊ գրասենյակին ավելի հասանելի դառնալ մարզերի ազգաբնակչության համար, ինչպես նաև կնպաստի Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը:
  • ընտրական հանձնաժողովների տեխնիկական և մասնագիտական ունակությունների հզորացում բոլոր մակարդակներում, որը թույլ կտա իրականացնել ընտրական գործընթացների արդյունավետ և հաշվետու վարչարարություն,
  • ոստիկանության տեխնիկական և մասնագիտական ունակությունների բարելավում, որոնք անհրաժեշտ են տվյալների համապատասխան այլ շտեմարանների հետ ինտեգրված քվեարկողների ճշգրիտ և հասանելի ցուցակների տրամադրման համար
  • հանցագործությունների մասին ստացված հաղորդագրությունների արագ արձագանքման, հասարակական կարգի պահպանության, ինչպես նաև ընտրություններին նախորդող բռնությունների քննության գործերում ներգրավված ոստիկանների տեխնիկական ունակությունների, գիտելիքների և հմտությունների բարելավում,
  • ընտրական իրավունքների և ընթացակարգերի մասին հասարակության իրազեկման բարձրացում, մասնավորապես մարզերում:

Այս խորագրի վերջին նյութերը