Լրահոս

16.01.2012 16:06


«Կոստա Կոնկորդիա» շոգենավի խորտակման պատճառը նավապետի երեխայական անփութությունն է

«Կոստա Կոնկորդիա» շոգենավի խորտակման պատճառը նավապետի երեխայական անփութությունն է

Իտալական «Կոստա Կոնկորդիա» շոգենավը բախվել է խութին, երբ նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն որոշել է նավը մոտեցնել ափին և ողջունել Ջիլիո կղզում գտնվող իր ընկերոջը: Նման եզրահանգում է եղել հետաքննության արդյունքում։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական «The Daily Telegraph»–ը։

52-ամյա Սկետինոյի գործողություններն Իտալիայի դատախազները որակել են անպատասխանատու և անփույթ: Նավի սեփականատեր «Costa Crociere» ընկերությունը «The Daily Telegraph»-ին հաստատել է, որ նավաբեկության պատճառը, ըստ ամենայնի, մարդկային գործոնն է: Ընդ որում՝ ընկերությունում նշել են, որ նախքան նավապետ նշանակվելը Սկետինոն աշխատել է որպես նավերի անվտանգության պատասխանատու։

Ավելի վաղ Սկետինոն հայտարարել էր, որ նավը բախվել է խութի, որը քարտեզի վրա նշված չի եղել: Դատախազությունը Սկետինոյին մեղադրում է անփութության պատճառով մարդկային զոհերի պատճառ դառնալու և մինչև ուղևորների վերջնական տարհանումը դեպքի վայրից փախչելու համար:

Ըստ վերջին տեղեկությունների՝ հունվարի 14-ի գիշերը «Կոստա Կոնկորդիա» շոգենավի նավաբեկության հետևանքով զոհվել է 6 մարդ, 16-ը համարվում է անհետ կորած: Ընդհանուր առմամբ, նավի վրա եղել է ավելի քան 4200 մարդ, որոնցից 60-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը