Լրահոս

16.01.2012 14:56


Ժողովրդագիր. «Մենք վաղուց ենք ոտք դրել վտանգավոր շեմ»

Ժողովրդագիր. «Մենք վաղուց ենք ոտք դրել վտանգավոր շեմ»

Լրագրողների հետ հանդիպմանը ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը հայտարարել է, որ ժողովրդագրական միտումները բացասական ուղղվածություն ունեն։

Նրա խոսքերով՝ վերջին տարիներին նկատվեց ծնելիության որոշակի աճ, սակայն արդեն նախորդ տարի արձանագրվեց ծնելիության բացարձակ թվի նվազում, որը շարունակական բնույթ է կրելու, քանի որ ծնելիության տարիք է մտնում 90–ականների՝ թվաքանակով փոքր սերունդը։

Ըստ բանախոսի՝ բնակչության բացարձակ աճը 12 հազար է, այսինքն՝ տարեկան 12 հազարով ավելի շատ ծնվում են, քան մահանում։ Սակայն վերջին տարիներին բացասական միտում է նկատվում նաև այս ուղղությամբ։ Ժողովրդագրի խոսքերով՝ երեք ընտանիքը վերարտադրում է լավագույն դեպքում երկուսին, իսկ այն գումարը, որը պետությունը տրամադրում է երեխայի ծնունդի համար, չի կարող խթանել ծնելիության մակարդակը։

–Մենք վաղուց ենք ոտք դրել վտանգավոր շեմ, մեր բնակչության թվաքանակը տարեցտարի նվազելու է։ Գալու է մի պահ, երբ բնակչության թվաքանակը նվազելու է ոչ միայն արտագաղթի, այլ նաև բնակչության աճի դադարեցման հետևանքով,–կարծում է Ռ. Եգանյանը։ Նրա գնահատմամբ՝ ՀՀ–ում այսօր ապրում է 2.8-2.9 մլն մարդ։

Հարցին, թե ինչ տարիքի մարդիկ են հեռանում Հայաստանից, նա պատասխանել է՝ հիմնականում արտագաղթում են աշխատունակ մարդիկ։

–Հեռանում է ակտիվ, նախաձեռնող տարրը, որն այստեղ էլ նպաստավոր պայմանների դեպքում կկարողանար կառուցել իր ապագան,–իսկ արտագաղթողների մոտ 75%–ը, ըստ բանախոսի, տղամարդ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը