Լրահոս

16.01.2012 10:51


Ռուս ռազմիկներին նվիրված առաջին հուշակոթողը կվերականգնվի լիովին

«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը սկսել է 1827թ. Օշականի մարտում զոհված ռուս ռազմիկներին նվիրված հուշակոթողի լիակատար վերականգնման նախապատրաստումը: Ծրագրի իրականացման նպատակով հիմնադրամի ղեկավարությունը և Հայաստանի մշակույթի նախարարությունը ստորագրել են կողմերի պարտականություններն ամրագրող հուշագիր:

Նախարարությունը կպատրաստի և կհաստատի վերականգնման աշխատանքների նախագիծը, կանցկացնի փորձաքննություն ՀՀ օրենսդրության համապատասխան, ինչպես նաև կմշակի շինարարական ընկերության ընտրության մրցույթի փաստաթղթերի փաթեթը: Բարեգործական հիմնադրամը պարտավորվում է ֆինանասավորել ծրագրի իրագործումը և անցկացնել մրցույթներ, որոնց հաղթողներին կհանձնարարվեն վերականգնողական-շինարարական աշխատանքները, տեխնիկական և հեղինակային վերահսկողության իրականացումը:

«Հայաստանի տարածքում ռուս-հայկական  ռազմական եղբայրության առաջին հուշակոթողի վերականգնումը «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը նվիրում է Օշականի ճակատամարտի 185- ամյակին», - ասաց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Արմեն Դավթյանը:

1827 թ. օգոստոսի 17-ին Օշական գյուղի մերձակայքում տեղի ունեցավ արյունահեղ մարտ պարսից գահի ժառանգորդ Աբբաս Միրզայի բանակի և գեներալ Աֆանասիյ Կրասովսկու ղեկավարությամբ ջոկատի միջև, որն օգնության էր շտապում պաշարված Էջմիածնի վանքին: Պարսից բանակը կազմված էր մոտ 30 հազար մարդուց, իսկ ռուսական ջոկատը` ոչ ավելի քան 3 հազար: Չնայած հակառակորդի թվական վիթխարի գերակշռությանը` ռուսական ռազմիկները, որոնց շարքերում մարտնչում էին հայ և վրացի կամավորները, հետ մղեցին թշնամու կատաղի հարձակումները, ճեղքեցին շրջապատման օղակը և հասան պաշարված Էջմիածնին: Նախաթոռ հայկական սրբությունը փրկվեց կողոպուտից և ավերումից, իսկ այն պաշտպանող սակավազոր գումարտակը, հոգևորականությունը, տեղի բնակիչները և հարյուրավոր վիրավոր զինվորներ` ոչնչացումից: Պարսիկների կորուստը կազմում էր մոտ 3 հազար զոհ և վիրավոր, Կրասովսկու ջոկատը` 1150 մարդ:

1834 թ. ընկած ռուս զինվորների հիշատակին Էջմիածնի մերձակայքում ճարտարագետ-պորուչիկ Կոմպանեյսկու նախագծով հայոց տուֆից հուշակոթող կանգնեցվեց: Օշականի մարտը բեկումնային եղավ 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմում: Սարդարապատի և Երևանի ամրոցների հետագա արագ գրավումը նշանավորեց արևելյան Հայաստանի ազատագրումը բազմադարյա պարսից լծից: Գեներալ Աֆանասիյ Կրասովսկին, որը ղեկավարում էր Օշականի ռուսական ջոկատը, ծնվել էր 1781 թ. հուվարի 21-ին Զապորոժիեի կազակների ընտանիքում, վախճանվել 1843 թ. Կիևում: Վեց պատերազմների հերոսին հուղարկավորեցին Կիև-Պեչորյան մայրավանքի Աստվածածնի Ծննդյան եկեղեցու գերեզմանոցում:

Այս խորագրի վերջին նյութերը