Մեկնաբանություն

11.01.2012 17:28


Իշխանության «PR փուչիկը» պայթում է

Իշխանության «PR փուչիկը» պայթում է

Սերժ Սարգսյանի քարոզչական թիմը մի միֆ է տարածում, թե իբր նախագահն ուզում է պայքարել անընդունելի ու անհանդուրժելի մարդկանց դեմ և ցանկություն ունի մասնավորապես ԱԺ–ն դարձնել պրոֆեսիոնալների ու վաստակավորների, այլ ոչ թե գործարարների ու մականունավորների հավաքատեղի։ Հայտարարվում է, թե իբր խնդիր է դրված գործարարությունը տարանջատել իշխանությունից ու պետական կառավարման համակարգից։

Իշխանական քարոզիչները, բնականաբար, չեն խոսում այն մասին, որ գործարարությունը պետք է նախ և առաջ տարանջատել գործադիր իշխանությունից ու հատկապես նախագահական ինստիտուտից։ Նրանք նաև չեն խոսում այն մասին, որ սեփականատերերից ու գործարարներից խորհրդարանն ազատելու բուն նպատակը ոչ թե օրենսդիր ու գործադիր իշխանությունների միջև զսպումների ու հակակշիռների մեխանիզմ ստեղծելն է, պետական կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելն է և մրցակցային տնտեսական հարաբերություններ ապահովելը, այլ կատարյալ անասնաֆերմայի ֆունկցիա կատարող ԱԺ ունենալը և «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» համակարգ կառուցելը։

Դատելով իշխանության որոշ քայլերից՝ կարող ենք պնդել, որ Սարգսյանի չբարձրաձայնված ցանկությունն այն է, որ խորհրդարանը կազմված լինի «քաղաքական բոմժերից», սովետական կթվորուհիներին հիշեցնող մտավորականներից, նախագահականից ծրարով նետած կռճոններին սպասողներից և «ժելեոտած մազերով» խունվեյբիններից, որոնք բոլորը միասին մեկ հրամանով կողմ կքվեարկեն տնտեսությունը Սերժ Սարգսյանի ու իր փեսայի ձեռքում ամբողջությամբ կենտրոնացնելու բոլոր օրենսդրական նախաձեռնություններին։

Ներկա խորհրդարանը հասկանալի պատճառներով տորպեդահարում է սեփականության վերաբաշխմանն ուղղված ցանկացած քայլ, ու դա է, որ հունից հանում է ՀՀԿ «ճկուն» ղեկավարին։ Եվ հենց սրա հետևանքով է ծնվում «Գործարարները չպետք է լինեն խորհրդարանում» դեմագոգիկ, հակասահմանադրական ու նեոբոլշևիկյան լոզունգը։ Եթե դա այդպես չէ, և Սարգսյանը, ինչպես միշիկական լրատվամիջոցներն են գրում, վեհ նպատակներից ելնելով է ուզում ԱԺ–ն ազատել գործարարներից ու, այսպես կոչված, օլիգարխներից (բազմիցս ենք ասել, որ Հայաստանի օլիգարխիան ղեկավարում է Սերժ Սարգսյանը, հետևաբար ինքն իր դեմ չի կարող պայքարել), ապա դրա շատ հեշտ ձևը կա՝ փոխել Ընտրական օրենսգիրքը և անցնել 100–տոկոսանոց համամասնական ընտրակարգի։ Չէ՞ որ գործարարները, կամ, ինչպես իրենք են ասում, օլիգարխները և մականունավորները, մեծամասնական տեղերից են մտնում ԱԺ։

Թողնենք այն հարցը, թե որքանով է օրինական այն ձևակերպումը, որ Սերժ Սարգսյանը որոշել է գործարարներին թույլ չտալ պատգամավոր դառնալ (դա ընտրողը պետք է որոշի, ոչ թե Սարգսյանը), բայց եթե նույնիսկ ընդունենք, որ նման ցանկություն նա կարող էր հայտնել, ապա թող այդ դեպքում վերացնեն մեծամասնական տեղերը, և հարցը կլուծվի, ինչի՞ մասին է խոսքը։

Եթե Սարգսյանն անկեղծորեն ուզում է իր պատկերացրած «պուպուշ» (իրականում՝ գրպանային) խորհրդարանն ունենալ, ապա ինչո՞ւ է այդպես կատաղի դիմադրում և կառչած մնում մեծամասնական տեղերից։ Պատասխանը շատ պարզ է. դիմադրում է, քանի որ հրապարակավ արտահայտվում է մի բանի մասին, բայց իրականում այլ ծրագրեր ունի։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ մեծամասնականի ու համամասնականի վեճն ամբողջովին բացահայտեց իշխանության հետին մտքերը, ու արդեն կապ չունի, թե նրանք ինչեր են ճառում եվրոպաներում և թե ինչպիսի պարզունակ տեքստեր են ընթերցում տարատեսակ ամբիոններից։ Ակնհայտ է, որ մեծամասնական տեղերի պահպանումը նպատակ է հետապնդում հերթական կեղծիքներն իրականացնել ու միևնույն ժամանակ հասարակության առաջ հանդես գալ «Ես ինչ կապ ունեմ. դուք եք դրանց ընտրել» ցինիկ կեցվածքով։

Եթե իշխանությունը չգնա Ընտրական օրենսգրքի փոփոխության, ապա դա կնշանակի, որ պայթում է նախագահականի քարոզիչների հերթական «PR փուչիկը»։ Դատե՛ք ինքներդ։ Շատ ծիծաղելի բան է ստացվում. գրեթե ամբողջ քաղաքական դաշտը կողմ է Սերժ Սարգսյանի ծրագրերի կյանքի կոչմանը (դե՛, գործարարներին ԱԺ չթողնելու մասով, էլի՛), բայց Սերժ Սարգսյանը և իր թիմը ... դեմ են դրան։ Ահա այստեղ է, որ Հայաստանի թիվ մեկ օլիգարխը հայտնվում է սեփական թակարդի մեջ։ Նա հիմա պետք է կա՛մ փոխի Ընտրական օրենսգիրքը և անցնի համամասնական ընտրակարգի, կա՛մ հրաժարվի էժանագին քարոզարշավից ու ստիպված լինի ընդունել, որ խնդիր է դրել լիսկաների միջոցով կեղծել ընտրությունները և «անհանդուրժելիների» օգնությամբ ՀՀԿ–ի ցուցակում հայտնված կամակատար ժելեոտածների (որոնք 10 հոգի ընտրող չունեն) համար քվե բերել։ Դա ավելի ազնիվ կլինի։ Դրանից հետո արդեն քաղաքական ուժերն ու ժողովուրդը իրենց անելիքը նույնպես կհստակեցնեն, ու թող դրանից հետո ոմանք չնեղանան։

Պարզ է մեկ բան՝ ինչպիսի ընթացք էլ ստանա Ընտրական օրենսգրքի փոփոխության առաջարկությունը, որն արել են ՀՅԴ–ն ու «ժառանգությունը», և որը ողջունել է քաղաքական կուսակցությունների ճնշող մեծամասնությունը, այն բերելու է քաղաքական մթնոլորտի փոփոխության և սերժսարգսյանական հերթական դեմագոգիայի վերջնական բացահայտման՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանի սազանդարներն ասում են, թե մեծամասնականը վերացնելով՝ անցանկալի մարդկանց մուտքը խորհրդարան չի կասեցվի, քանզի նրանք կհայտնվեն համամասնական ցուցակներում, և խնդիրը չի լուծվի։ Խնդիրը միգուցե չլուծվի, բայց այդ ժամանակ ակնհայտ կդառնա, թե ով է դեմագոգ, ով՝ «անհանդուրժելիների» տանիք և ով՝ դեմագոգ։ Էհ, մի տարեք դրանց ձեր ցուցակ, ո՞վ է ձեզ խնդրում։ Բացի այդ, եթե ՀՀԿ–ում կարծում են, որ ամենաբարձր վարկանիշն ունեն, ապա ինչո՞ւ են դեմ արտահայտվում համամասնականին։

Իրականում ամեն ինչ շատ պարզ է. Սերժ Սարգսյանն ուզում է իր լրատվամիջոցներով հակաքարոզչություն անել լիսկաների դեմ ու վիրտուալ առումով տարանջատվել նրանցից, բայց իրականում հույսը դրել է նույն լիսկաների վրա։ Ահա այս բլեֆն է, որ ուզում են «սղացնել», բայց չի ստացվելու։ Ընտրական օրենսգիրքը դառնում է լակմուսի թղթի պես մի բան։

Այս խորագրի վերջին նյութերը